Meta կորպորացիան առաջիկա շաբաթներին կվերականգնի ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հաշիվները Facebook-ում և Instagram-ում՝ երկու տարվա դադարից հետո։
Այդ մասին հաղորդել է Axios կայքը՝ հղում անելով ընկերության գլոբալ հարցերով նախագահ Նիք Կլեգին։
Վերջինս հայտնել է, որ Թրամփի ակաունտներն անմիջապես չեն վերականգնվի, որովհետև տեխնիկական աշխատողներին ժամանակ է հարկավոր՝ որոշակի հաղորդագրությունների կամ գովազդային միջոցների սահմանափակման համար, եթե դրա կարիքը լինի։
Ավելի վաղ NBC հեռուստաընկերությունը տեղեկացրել է, որ Թրամփը մտադիր է Facebook և Twitter վերադառնալ 2024 թ․ ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ։ Նոյեմբերի 15-ին նա հայտարարել է, որ կրկին առաջադրվելու է նախագահական ընտրություններում։
ԱՄՆ նախագահի պաշտոնում վերջին շաբաթներին Թրամփը զրկվեց Twitter-ում, Facebook-ում և Instagram-ում գրելու հնարավորությունից, երբ նրա կողմնակիցները 2021 թ․ հունվարի 6-ին գրոհեցին Կապիտոլիումը, որպեսզի Կոնգրեսին խանգարեն հաստատելու նախագահական ընտրություններում դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակը։
Փոխանցում է tass.ru-ն։