MH17-ի գործը․ Դատարանը երեք հոգու հեռակա կարգով դատապարտել է ցմահ ազատազրկման

318

Հաագայի դատարանը որոշում է կայացրել, որ MH17 չվերթը խոցվել է «Բուկ» զենիթահրթիռային համալիրի միջոցով, Պերվոմայսկի մերձակա դաշտից։

Այդ մասին հինգշաբթի լսումների ընթացքում հայտարարել է դատավոր Հենդրիկ Սթենհյոյսը՝ հրապարակելով դատավճիռը 2014 թ․ Ուկրաինայում Boeing-ի խորտակման մասին քրեական գործով։

«Դատարանն այն կարծիքի է, որ Boeing-ը աղետի է ենթարկվել Պերվոմայսկի ավանից արձակված «Բուկ» զենիթահրթիռային համալիրի  հրթիռով,- նշել է դատավորը։- Ընդ որում, արդյունքում՝ զոհվել են օդանավում գտնվող բոլոր 298 հոգին»։

«Մալայզիական ավիաուղիներ» ընկերության  «Boeing-777» ուղևորատար օդանավը, որը չվերթ էր իրականացնում Ամստերդամից Կուալա-Լամպուր, կործանվել էր 2014 թ․ հուլիսի 17-ին Ուկրաինայի Դոնեցկի մարզում, ինչի հետևանքով զոհվել էր 298 մարդ՝ տասը պետությունների քաղաքացիներ։ Համատեղ քննչական խումբը 2019 թ․ հունիսին հայտարարեց, որ պարզել է չորս հոգանոց խումբ, որի անդամները կասկածվում են օդանավի աղետին առնչություն ունենալու մեջ։ Խմբում ընդգրկված էին Դոնեցկի ժողովրդական հանրապետության զինյալների նախկին ղեկավար Իգոր Գիրկինը և նրա երեք ենթակաները, որոնք մեղադրվում էին ՌԴ տարածքից «Բուկ» զենիթային սարքեր Ուկրաինա տեղափոխելու համար։

Դատարանը գործով անցնող կասկածյալներից երեքի մեղքն ապացուցված է ճանաչել և նրանց հեռակա կարգով դատապարտել է ցմահ ազատազրկման։ Ինչ վերաբերում է չորրորդ մեղադրյալին՝  2014 թ․ դրությամբ Ռուսաստանի օդադեսանտային զորքերի պահեստի փոխգնդապետ Օլեգ Պուլատովին, ապա դատարանը նրան անմեղ է ճանաչել։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըGlobe Soccer Awards. Սերխիո Ռամոսը՝ լավագույն պաշտպան պատմության մեջ
Հաջորդ հոդվածըՎոլոդին․ Կիևի ռեժիմը աշխարհին երեք անգամ ապացուցեց ՆԱՏՕ-ի անկարողությունը