‘Mishik club-ի անդամները Սերժ Սարգսյանին դարձրին «բոյկոտող տղա» ‘

4119

Բիշքեկում կայացած ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովը դարձավ Հայաստանում մի շատ հայտնի փաստի վերահաստատման լակմուսի թուղթ: Մի կողմ թողնելով այն հարցը, թե ինչ է իրենից ներկայացնում ՀԱՊԿ-ն, որքանո՞վ է այն մեզ պետք  կամ ոչ, դրական կամ բացասական վերաբերմունք ունենք այդ կառույցի նկատմամբ, փորձենք հասկանալ, թե ինչպես այդ գագաթնաժողովը իշխանությունների կողմից օգտագործվեց հայաստանյան ներքաղաքական զարգացումներում, եւ ովքեր դարձան այդ հարցում ավանգարդը:

Այդ գագաթնաժողովին, ինչպես հայտնի է, չմասնակցեցին Սերժ Սարգսյանն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:  Մասնակցել էին միայն ՀԱՊԿ անդամ պետություններից չորսի` Ռուսաստանի, Ղրղզստանի, Ղազախստանի եւ Տաջիկստանի նախագահները: Այդ կապակցությամբ ՀԱՊԿ-ի քարտուղարության տարածած հաղորդագրությունում ասվում էր, որ Սարգսյանն ու Լուկաշենկոն Բիշքեկ չէին գնացել, քանի որ գագաթնաժողովի օրակարգում Կենտրոնական Ասիայի տարածաշրջանին վերաբերող հարցերն էին: Ավելին, դեռ գագաթնաժողովի մեկնարկին, երբ հայտարարվեց օրակարգը, պարզ դարձավ, որ Լուկաշենկոյի եւ Սարգսյանի մասնակցությունն այնտեղ ուղղակի անիմաստ է, եւ ակնհայտ էր, որ նրանք չպետք է մասնակցեն: Եւ հարցը թերեւս քննարկման առարկա չդառնար էլ, եթե իշխանությունները չփորձեին այն շահարկել ներքաղաքական հարցերում:  Եւ շահարկեցին: Ու ահա թե ինչպես:

Գագաթնաժողովի մեկնարկից հետո Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի ծիրին ներքո գործող ԶԼՄ-ները կամ, ինչպես նրանց փաղաքշաբար անվանում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը՝ Mishik Club-ի անդամները, սկսեցին տեղեկատվական մի իրարանցում: Գրեթե բոլոր այդ ԶԼՄ-ներում՝ թերթերում եւ կայքերում, նույնաբովանդակ վերլուծությունների շարք սկսվեց, որոնց բոլորի հիմնական մեսիջն այն էր, թե իբր Սերժ Սարգսյանը բոյկոտել է այդ գագաթնաժողովը: Ընդ որում՝ հիմնական վերլուծությունները սույն «քլաբի» անդամները մեզ հրամցնում էին՝ «բոյկոտը» որպես արդեն կայացած փաստ ընդունելով, եւ ըստ այդմ՝ վերլուծում էին, թե ինչո՞ւ բոյկոտեց, ի՞նչը ստիպեց նրան գնալ այդ քայլին, ի՞նչ աշխարհաքաղաքական զարգացումներ ստիպեցին նրան դա անել, ի՞նչ աշխարհաքաղաքական հետեւանքներ կարող է ունենալ այդ քայլը եւ այլն, եւ այսպես շարունակ: Ասել կուզեին, թե Սերժ Սարգսյանը լուրջ քաղաքական քայլեր  ու դեմարշներ է կատարում:

Այն, որ Սերժ Սարգսյանն ինքն իրենով որեւէ իրադարձություն այս աշխարհում չի կարող բոյկոտել, պարզից էլ պարզ է: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը չունի ոչ մի քաղաքական ռեսուրս՝ ընդհանրապես որեւէ բան բոյկոտելու համար: Չի եղել նման բան ու չի կարող լինել: Մենք արդեն տեսել ենք, որ եթե պետք է, Սարգսյանը նույնիսկ կարող է մեկնել ՌԴ Օրենբուրգի նահանգ ու այնտեղ հանդիպել նահանգապետի հետ: Եթե պետք է՝ նա կարող է մասնակցել ԱՊՀ անդամ երկրների ոչ պաշտոնական վեհաժողովի շրջանակներում անցկացվող ձիարշավին՝ այն ժամանակ չճանաչված Հարավային Օսիայի եւ Աբխազիայի նախագահների հետ միայն: Այն դեպքում, երբ անգամ հրավիրող կողմը՝ ՌԴ-ն՝ նախագահի մակարդակով, չէր մասնակցում,  որովհետեւ նախագահ Մեդվեդեւը շտապ գործով «տեղ էր գնացել»:

Այնպես որ՝ մենք արդեն տեսել ենք, որ որեւէ բան բոյկոտելը ուղղակի Սերժ Սարգսյանի «հագով չէ»: Բայց քանի որ այս անգամ իշխանական քարոզիչներին «վիզ պետք» էր բոյկոտի իմիտացիա ստեղծել, այդ իմտացիան ստեղծվեց, ընդ որում՝ հենց իշխանությունների «պասերով»: Եթե ուշադրություն դարձնենք, թե ինչպես մեկնաբանեցին Սերժ Սարգսյանի չմասնակցությունը վերջինիս մամլո խոսնակն ու ԱԳՆ-ն, ամեն ինչ շատ ավելի պարզ կդառնա: Սարգսյանի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանը հայտարարեց, թե Սարգսյանը Բիշքեկ չի մեկնել, քանի որ նրա օրակարգում նման այց նախատեսված չի եղել, իսկ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանն էլ հայտարարեց, թե Սարգսյանը չի մեկնել, քանի որ այստեղ մասնակցելու է Հանրապետության օրվա տոնակատարությանը: Ասել է թե՝ իշխանությունները ստեղծեցին այն անհրաժեշտ ծխածածկույթը, որն էլ Mishik club-ի անդամներին տվեց անհրաժեշտ տեղեկատվական «սնունդը»՝ բոյկոտի թեման ընդարձակելու համար: Բայց այդ բոյկոտի թեման էլ ինքնանպատակ չէր շրջանառվում:

Արդեն տեւական ժամանակ խոսակցություններ էին պտտվում գազի թանկացման մասին: Ավելին, տեսակետներ կային, որ գազն իրականում վաղուց թանկացել է, ուղղակի այդ մասին դեռ չէին շտապում հայտարարել, եւ բոթը պահում էին՝ ընտրություններից հետո մատուցելու համար: Այդպես էլ եղավ՝ ըստ էության: Նախագահական ու Երեւանի ավագանու ընտրությունները հորով-մորով անելուց հետո իշխանությունները «աչքալուսանք» տվեցին՝ գազը թանկանալու է: Ընդ որում՝ այս պարագայում միտումնավոր հաշվի չէր առնվում այն, որ գազը Ռուսաստանից հայաստանցի սպառողին հասնում է ձեռքից ձեռք՝ մի անգամ թանկանալով սահմանին, ապա՝ ՀայՌուսգազարդի միջոցով, ասել է թե՝ անտեսելով  իշխանությունների մասնակցությունն այս հարցում՝ նշվում էր միայն, որ հենց Ռուսաստանն է թանկացնում գազը, ու վերջ: Կարճ ասած՝ իշխանությունները, ամենաակտիվ մասնակցությունն ունենալով գազի թանկացման հարցում, իրենք հենց այդ հարցում ստանալով գերշահույթներ՝ որոշել են ընդամենը մի գագաթնաժողովն օգտագործելով՝ ջրել այդ կապակցությամբ առաջացած բոլոր հարցերը եւ մեղքը «գցել» իրենց վրայից: Ու արդյունքում իշխանական եւ ընդդիմադիր կամ չեզոք քողի տակ ներկայացող, սակայն, իրականում Mishik club-ին անդամակցող ԶԼՄ-ները մեզ հերթով մատուցեցին այս մեսիջը. «Ռուսաստանը թանկացնում է գազը, մեր իշխանությունները այդ հարցում հանցակցություն չունեն, ու քանի որ մերոնք «անմեղ են», Սերժ Սարգսյանը որոշել է բոյկոտել ՀԱՊԿ գագաթնաժողովը, այդպիսով՝ Ռուսաստանին ցույց տալով, թե եթե ««ժողովրդիս» գազի թանկացմամբ վախեցնես, ես էլ քեզ քաղաքական բոյկոտներ ցույց կտամ»:

Իրականում, սակայն, ինչպես տեսանք՝ Սերժ Սարգսյանը որեւէ բան չի էլ բոյկոտել, բոյկոտն, ինչպես նշեցինք, նրա «հագով» չէ, բայց գագաթնաժողովին նրա չմասնակցությունը տիրաժավորվեց՝ իշխանություններին գազի թանկացման հարցում արդարացնելու, մեղքը Սերժ Սարգսյանից գցելու համար: Ընդամենը: Բայց այս ամենն իր դրական արդյունքն էլ ունեցավ: Հանրությունը հերթական անգամ հնարավորություն ստացավ անուն առ անուն բացահայտելու Mishik club-ի բոլոր անդամներին: Բոլոր այն ԶԼՄ-ները, որոնք Սերժ Սարգսյանի չմասնակցությունը ներկայացրին որպես բոյկոտ՝ կապված գազի թանկացման հետ, վերջնականապես հաստատեցին իրենց ուղղակի կամ անուղղակի «անդամությունը Mishik club-ին»:

Պարգեւ Ապրեսյան

 

 

 

Նախորդ հոդվածը‘«Արմավիան» վաճառում է ինքնաթիռները և գույքը՝ պարտքերը մարելու համար’
Հաջորդ հոդվածը‘Սխալների ուղղումը պետբյուջեի վրա «նստեց» 46.195 մլն. դրամ’