‘NASA-ն չելյաբինսկյան երկնաքարի պայթյունի հզորությունը գնահատել է 300-500 կիլոտոննա’

616

Չելյաբինսկի շրջանում երկնաքարի՝ մթնոլորտ մտնելու պահին տեղի ունեցած պայթյունի հզորությունը, NASA-ի գնահատականով, կազմել է 300-500 կիլոտոննա, հաղորդում է Associated Press-ը: Դա մոտավորապես քսան անգամ գերազանցում է Հիրոսիմայի վրա նետված ատոմային ռումբի հզորությունը:

Հյուսիսամերիկյան տիեզերական գործակալության կայքը հաղորդում է , որ 17 մետր երկարությամբ և գրեթե 10 հազար տոննա քաշով երկնաքարը Երկրի մթնոլորտ է ներխուժել առնվազն 64 հազար կմ/ժամ արագությամբ և պայթել է 19-ից 24 կմ բարձրության վրա:

NASA-ի տվյալները չելյաբինսկյան երկնաքարի վերաբերյալ փոքր-ինչ տարբերվում են ավելի վաղ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ներկայացրածից. ըստ ռուսաստանցի մասնագետների՝ երկնաքարը մթնոլորտ է մտել 54 հազար կմ/ժամ արագությամբ և պայթել 30-50 կմ բարձրության վրա:

Չելյաբինսկի մարզի իշխանությունների նախնական գնահատականով՝ երկնաքարային անձրևի հասցված նյութական վնասը կազմում է մոտավորապես մեկ միլիարդ ռուբլի, հաղորդում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Սպասվում են տեղումներ’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանում որքա՞ն մարդ է դատապարտվել կիբերհանցագործության համար ‘