01.12.2012 14:13

Սերժ Սարգսյանը ում բռնում` «դաբրո» է մուրում

Սերժ Սարգսյանը ում բռնում` «դաբրո» է մուրում

Նախընտրական քարոզչությունը դեռ չի սկսել, բայց Սերժ Սարգսյանը արդեն մտել է ակտիվ քարոզչության փուլ, հայ-թուրքական կոնտեքստից դուրս երբեւէ միջազգային հանրությանը չհետաքրքրած այս անձը հանել է НЗ-ն: Բնականաբար, ում չի հետաքրքրել Սարգսյանը, շարունակում է այսօր էլ չհետաքրքրել: Իսկ ով էլ որ մի քիչ հետաքրքրված էր Սարգսյանով, վերջինս պահել է տարվա վերջում հանրությանը որպես դելիկատես մատուցելու համար` հույսով, թե հանրությունը կմոռանա Սարգսյանի միջազգային մեկուսացման մասին, եւ կմտածի, թե վերջինս հանկարծ սկսել է հետաքրքրել միջազգային հանրությանը, ուրեմն, դրսից «դաբրո» է ստացել, եւ այդ «դաբրոն» էլ այդ մարդիկ սկուտեղի վրա հասցրել են Երեւան:

Խնդիրն այն է, սակայն, որ Սարգսյանի այդ պլանը իրականություն դառնալ չի կարող, քանի որ մարդիկ, որոնք պետք է որ «դաբրո» բերելու տպավորություն թողնեն, քաղաքական կշռի առումով խնդիրներ ունեն:

Թուրքմենբաշի՞ն

Մի քանի օր առաջ Հայաստանում էր Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը: Նրան Սարգսյանը դիմավորեց օդանավակայանում, նրա պատվին փակվեցին փողոցները, ճոխ ընդունելություններ կազմակերպեցին Թուրքմենստանի նախագահի ու նրա հետ Երեւան եկած թուրքմեն պաշտոնյաների համար: Բայց մարդկանց մոտ այդ այցից միայն մեկ տպավորություն ու հուշ մնաց` Թուրքմենբաշու պատճառով փողոցներում առաջացած խցանումների մասին: Թուրքմենստանի նախագահը, ով ինքն էլ խնդիրներ ունի միջազգային հանրության հետ, ով գրեթե դիկտատորի կարգավիճակին է հավակնում, (եթե արդեն իսկ այդպիսին չէ), միայն մի բան կարող էր բերել Սարգսյանի համար` «ինչպես դառնալ Թուրքմենբաշի» խորհուրդների ձեռնարկը: Ոչ ավելին

Մարտենսը՞

Երեկ Երեւանում մեկնարկած ԵԺԿ արեւելյան գործընկերության գագաթնաժողովին մասնակցելու համար ժամանել էր ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսը: Գուցե Սարգսյանի հույսն այն է, որ այս մարդու պաշտոնը արդեն պետք է ինչ-որ մի բան հուշի Հայաստանի քաղաքացիներին: Եվրոպայի ամենամեծ կուսակցության` ԵԺԿ նախագահ: Բայց խեղճ Մարտենսը արդեն քանի ամիս նույնիսկ Տիմոշենկոյի հարցում չի կարողանում հաջողության հասնել, կոչեր է, որ անում է, ու անարձագանք: Ո՞ւր մնաց, Մարտենսը կարողանա Սերժ Սարգսյանին ինչ-որ մի բանով  օգտակար լինի:

Սաակաշվիլի՞ն

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին միշտ էլ աչքի էր ընկել Սերժ Սարգսյանի հանդեպ քամահրական վերաբերմունքով: Դե բնական է. Սաակաշվիլին իշխանության էր եկել ժողովրդի ձեռքերի վրա, Սարգսյանը` դիակների վրայով: Սաակաշվիլին կառուցել էր այնպիսի երկիր, որը առիթը բաց չէր թողնում մշտապես համեմատության մեջ դնել Հայաստանի հետ` ի վնաս Հայաստանի, բնականաբար: Այս օրերին Սաակաշվիլին, ով եւս մասնակցում է երեւանյան գագաթնաժողովին, Սարգսյանի հետ իրեն խիստ ջերմ է պահում: Խնդիրը, սակայն, այն չէ, որ Սարգսյանը դարձել է ժողովրդավարական ու ծանրակշիռ նախագահ, այլ այն, որ Սաակաշվիլին արդեն հեռացող նախագահ է, նա իր երկրում ենթարկվում է բոլոր հնարավոր ճնշումների, նրան նույնիսկ սպառնում են քրեական գործով, հետեւաբար, եթե նախկինում Վրաստանի նախագահը կարող էր ընտրություն կատարել այն նախագահների շրջանում, որոնց հետ ինքը կարող էր ջերմ շփվել, եւ հակառակը, ապա այժմ, Սաակաշվիլիի համար նույնիսկ Սերժ Սարգսյանն է նախագահ: Չեղած տեղը կարտոֆիլն էլ է միրգ սկզբունքով: Սաակաշվիլիի դիրքերը այսօր Սարգսյանից ավելի թույլ են, հետեւաբար, Սաակաշվիլին հազիվ թե կարողնա ինչ-որ բանով օգտակար լինի Սարգսյանին:

Ֆիլատը՞

Երեւանյան գագաթնաժողովին մասնակցող Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատը եթե անգամ Հայաստանում Սարգսյանին ընտրելու կոչեր անի, հազիվ թե հանրության մոտ դրանից միջազգային հանրության կողմից Սարգսյանին տրված «դաբրոի» տպավորություն ստեղծվի:

Բարոզո՞ւն

Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն եւս մասնակցում է երեւանյան գագաթնաժողովին: Ի պաշտոնե:

Ահա այսպես, նախագահական ընտրություններից առաջ Սարգսյանը բեմադրեց «միջազգային դաբրո» փոքրիկ ներկայացումը: Սակայն, ինչպես արդեն նշեցինք, այդ բեմադրությունից մնացին միայն փակված փողոցների ու խցանումների մասին հուշերը: Նաեւ այն թեւավոր դարձած միտքը, որ «Սերժ Սարգսյանի մոտ կամ նախագահ չի գալիս, կամ էլ` լավագույն դեպքում Թուրքմենբաշին է գալիս», ու որ Սարգսյանը ում բռնում` «դաբրո» է մուրում:

Իսկ առջեւում նախագահական ընտրություններն են: Չմոռանանք, որ Սարգսյանի կառավարմանը մնացել է 1-2 ամիս:

Պարգեւ Ապրեսյան

Կոլաժի համար օգտագործվել է նաեւ Ֆոտոլուր-ի լուսանկարը