03.11.2015 17:20

Գոհար Սիմոնյան. «Սուրբ անտեղյակություն», կամ՝ ինչու՞ է նենգում Դավիթ Հարությունյանը

Գոհար Սիմոնյան. «Սուրբ անտեղյակություն», կամ՝ ինչու՞ է նենգում Դավիթ Հարությունյանը

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այսօր Ազգային ժողովում ավելի քան անկեղծ է գտնվել: Լրագրողներից մեկի հարցին, թե՝ տեղեկացվա՞ծ է, արդյոք, նախարարը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրության ներսում առկա գնահատականներին, նա բառացիորեն հետեւյալն է պատասխանել. «Ես շփվել եմ եւ համոզված եմ, որ հիմնական մասը տեղյակ չէ սահմանադրությունից։ Բայց ասեմ, որ դա նորություն չէ, ես չգիտեմ որեւէ մի լուրջ իրավական փաստաթուղթ, որն ընդունվում է որեւէ երկրի կողմից, եւ ողջ ժողովուրդը տեղյակ է դրա բոլոր երանգներին։ Ընդհանուր առմամբ, էստեղ շատ հաճախ խոսքը գնում է ընդհանուր մոտեցումների մասին, ամենակարեւոր՝ մեկ, երկու, երեք խնդիրների մասին, որոնց տեղեկացմանն էլ ուղղված է լինելու մեր քարոզարշավը»։

Այսպիսի անկեղծությունից հետո, իհարկե, անչափ մեծ է գայթակղությունը՝ միանգամից հեգնելու Դավիթ Հարությունյանին եւ հանդիպակաց հարցեր  հնչեցնելու: Այն է՝ եթե այդքան վստահ եք, որ ժողովրդի հիմնական հատվածը բացարձակապես անտեղյակ է սահմանադրական փոփոխություններից, ինչու՞ եք անտեղյակ ժողովրդի շրջանում հանրաքվե կազմակերպում՝ մեկ, ինչու՞ մինչեւ հիմա մատը մատին չեք խփել նրան կողմնորոշելու համար՝ երկու, եւ վերջապես՝ վստա՞հ է, արդյոք, նախարարը, որ ընդամենը մեկ ամիսը բավարար ժամկետ է, որպեսզի դեկտեմբերի 6-ի Հանրաքվեն գիտակցված այո-ի կամ ոչ-ի քիչ թե շատ օբյեկտիվ պատկեր երեւան կհանի:

Սա, իհարկե, չի նշանակում, թե վերը շարադրված հարցերն ուժի մեջ չեն այլեւս, որովհետեւ, որքան գիտեմ, դեռ ոչ ոք չի փոխել սահմանադրական այն դրույթը, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Բայց եթե նախարարն, այնուամենայնիվ, այն կարծիքին է, որ ցանկացած երկրում չկա այդպիսի ժողովուրդ, որը ամենայն մանրամասնությամբ տեղեկացված է կարեւոր օրենքներին, տվյալ դեպքում՝ սահմանադրությանը, եթե համոզված է, որ սահմանադրություն ասվածը «էլիտար թղթի կտոր է», որին միայն «խորը մասնագիտական-իրավական գիտելիքներ ունեցողները կարող են տիրապետել», դեմ չեմ՝ խնդիրը քննարկենք հենց այդ տիրույթում: Ավելին՝ խորացնենք ինտրիգը եւ փաստենք, որ անցած տարի NEWSSEUM-ի կատարած սոցիոլոգիական հետազոտությունների հիման վրա պարզվել է, որ, օրինակ, ամերիկացիների ճնշող մեծամասնությունը ոչ միայն չի կարողացել հիշել, թե որ թվականին է ընդունվել իրենց սահմանադրությունը, այլեւ անկարող է եղել հիշատակել առնվազն մեկ հոդված: Դե գոնե այն, որն ամենից առավել մոտ կլիներ իր սրտին:

Ահա: Դավիթ Հարությունյանն, ուրեմն, ճշմարիտ է: Որովհետեւ ԱՄՆ-ն էլ հո զարգացա՞ծ երկիր է, եւ եթե նույնիսկ այնտեղ մարդիկ ի վիճակի չեն «ամենայն մանրասնությամբ տիրապետել բոլոր սահմանադրական նրբություններին», ի՞նչ ասես, դիցուք, Արա Աբրահամյանի հարազատ Մալիշկա գյուղի մեր կովարածի մասին:

Իրականում, սակայն, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը մասա՛մբ է ճշմարիտ, եւ բացատրեմ՝ ինչու:

Բանն այն է, որ նույն այդ անտեղյակ ամերիկացիները ճշգրտել են, որ իրենք 1787-ին ընդունված փաստաթղթից շատ էլ տեղյակ չեն այն պարզ պատճառով (ինչպիսի խայտառակություն՝ կմտածեր ՀՀԿ-ական պատգամավորուհին. աշխարհը զարգանում է, իսկ ամերիկացիները դեռ 1787-ին ընդունված փաստաթղթի հույսին են...), որ «հիմնականում հակասություն չեն տեսել դրանով առաջնորդվող պաշտոնյաների  եւ իրենց կյանքի ընթացքում առաջացած խնդիրների լուծման միջեւ»:

Այլ կերպ ասած՝ ընտրություններ են՝ չեն կեղծվել, եւ նախագահն ընտրվել է իրենց տված քվեի արդյունքում: Բողոքել են՝ չեն գնդակահարվել, ազատ կերպով կարողացել են թե՛ կարծիք արտահայտել, թե՛ դավանանք ընտրել, թե՛ բիզնես անել եւ թե՛ առհասարակ ինքնառեալիզացվել:

Այնպես որ, եթե մենք պարոն Հարությունյանի հետ միասին համաձայնության ենք գալիս «սուրբ անտեղյակության» հարցում, այսպիսի հարցերում ահա մեր ճանապարհները կտրուկ կերպով զատվում են, եւ ստիպված ենք լինում ամրագրել, որ, այո՛, հիմնական՝ մեկ-երկու հարցի էությունը եթե ժողովրդին բացատրվի, վերջինս, գործադրելով սահմանադրությամբ իրեն տրված իրավունքը, դեկտեմբերի 6-ին գրողի ծոցը կուղարկի իր հետ որեւէ կապ չունեցող այս սահմանադրությունն էլ , ՀՀԿ-ի՝ Կոմկուս դառնալու հեռանկարն էլ: