10.02.2016 15:51

Գոհար Սիմոնյան. «Սարայի արժեքը», կամ՝ ե՞րբ ենք սիրելու Երեւանը

Գոհար Սիմոնյան. «Սարայի արժեքը», կամ՝ ե՞րբ ենք սիրելու Երեւանը

«Արամի 30-ը, եթե վերցնենք ճարտարապետական արժեքով, դա իսկապե՞ս մեզ համար պատիվ բերող է, որ գան, նայեն, ասեն՝ Ա՛յ, էս ի՜նչ լավն էր Երևանը: Այդպիսի՞ շենք է…Աֆրիկյանների տունն էլ արժեքավոր էր, բայց որպես ճարտարապետական կառույց` այն արժեքը չէր, որի համար մեր կուրծքը պետք է ծեծենք»,-երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Երեւանի Ավագանու անդամ, Երեւանի պատվավոր քաղաքացի, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը:

Ես, իհարկե, ինձ թույլ չէի տա պրն. Վարդազարյանի հետ  «մենամարտի մտնել», ենթադրենք, իր իսկ հեղինակած ջազային կոմպոզիցիաների առիթով, եւ դատողություններ անել դրանց երաժշտական արժեքի վերաբերյալ: Հետեւաբար, իրավունք ունեի ակնկալել, որ իր պատկառելի տարիքում կոմպոզիտորն էլ ի՛ր հերթին զգուշավոր կլիներ «մասնագիտական» դատողություններ անելու հարցում մի բանի վերաբերյալ, որում, թույլ տվեք ասել, կաղում է միաժամանակ երկու ոտքով:

Բայց քանի որ լրագրողներիս ձեռնոց է նետված՝ ստիպված ենք այն վերցնել եւ Երեւանի պատվավոր քաղաքացու հետ հեռակա բանավեճ վարել եթե ոչ մասնագիտական, գոնե միմյանց իբրեւ մայրաքաղաքի ճակատագրով մտահոգ, քիչ թե շատ բանիմաց եւ ճաշակով զրուցակիցներ ընկալելու համատեքստում:

Որպես մեր զրույցի ելակետ, ուրեմն, հարցնենք՝ իսկ ի՞նչ է հասկանում պարոն Վարդազարյանը՝ որեւէ շենքի կամ առհասարակ միջավայրի ճարտարապետական արժեք ասելով: Սա, ի միջի այլոց, չափազանց կարեւոր հարցադրում է, որովհետեւ, ստացվում է, նաեւ ստու՛յգ չափում է, որից ելնելով էլ՝ այս կամ այն արդյունքը պատվաբեր կամ անպատվաբեր կարող է լինել մայրաքաղաքի բնակիչներիս համար:

Իմ հաստատ համոզմամբ, օրինակ, ցանկացած կառույց արժեքավոր կամ անարժեք կարող է դիտվել միայն իր ճարտարապետական միջավայրում: Հակառակ դեպքում դա կվերածվի առանձին վերցրած փոշոտ մի տարածքում հազվագյուտ ապրանք գտնելու կամ շքեղ պալատից խանգարող հնոտիքը դուրս շպրտելու անիմաստ եւ վտանգավոր զբաղմունքի:

Այլ կերպ ասած՝ նույնիսկ սովորական մարդու (թեկուզ հենց Վարդազարյանի անկարկած զբոսաշրջիկների) աչքում որեւէ բանի ճարտարապետական արժեքը չափելի-ընկալելի է դառնում միայն այն բանից հետո, երբ  դիտարկվում է կոնկրետ միջավայրում եւ ազգային, մշակութային, պատմական շերտերի տիրույթում: Անշուշտ՝ այդ բոլորի ճարտարապետական համադրմամբ ու նաեւ զարգացման հեռանկարներով, որովհետեւ մենք խոսում ենք ապրող քաղաքի մասին, եւ բնական է, որ չպետք է չափազանցությունների գիրկն ընկնենք՝ առհասարակ թույլ չտալով հեռացնել մեր կյանքից բոլոր այն տարրերը, որոնք խանգարում են քաղաքի նորմալ կենսագործունեությանը:

Այս ամենից ելնելով, ահա, հետաքրքիր է՝ իրենց իսկ պատմական միջավայրում ինչին եւ ինչպես էին հակադրվում բոլոր այն շենքերը, որ քանդվեցին հին Երեւանում: Իսկ այն թեմատիկ-ոճային-անդեմ խառնիճաղանջությունը, ինչ մենք ունենք այսօր հատկապես Երեւանի սրտում, իսկապե՞ս արդարացված փոփոխություն էր, կամ՝ պատվաբեր, եթե հետեւելու լինենք Մարտին Վարդազարյանի մտքի ընթացքին…

Ասեմ ավելին՝ մի ամբողջ պատմական-մշակութային շերտի ոչնչացմամբ, այդ միջավայրը կասկածելի նպատակներով եւ նույնքան կասկածելի ճաշակի կառուցապատողին հանձնելու այս կրքով մենք իսկական թշնամական վերաբերմունք դրսեւորեցինք մեր իսկ մայրաքաղաքի նկատմամբ: Մենք մեզ զրկեցինք եւ շարունակում ենք զրկել  մեր հիշողությունից, մեր պատմությունից, եւ քանի որ գործ ունենք ճարտարապետության հետ՝ նաեւ սխալները երբեւէ շտկելու հնարավորությունից…

Եւ եթե պատվից ու անպատվությունից ենք խոսում, նաեւ՝ «եկողների հայացքից», միգուցե արժե նաեւ զուգահեռնե՞ր անցկացնել դրսի հետ, ինչն այդքան շատ ենք սիրում անել մնացած ոլորտներում:

Չեմ ուզում խոսել, օրինակ, սկանդինավյան երկրների մասին, որտեղ մի կտրված ծառի «արժեքը» հատուցելու համար կարող ես մի ողջ կարողություն կորցնել՝ ենթարկվելով նաեւ համաքաղաքացիներիդ ատելության ու զայրույթի չափազանց տհաճ դրսեւորումներին: Չեմ էլ պատկերացնում, թե երբեւէ կարող ենք մեզ շրջապատող միջավայրի նկատմամբ նման հոգատարություն դրսեւորել եւ ամբողջ քաղաքով, ինչպես շվեդական գոթենբուգցիները, ողբալ այն կտրված ծառի համար, որի ստվերի ներքո երիտասարդները համբուրվել են, տարեցները՝ հանգիստ առել, իսկ երեխաները՝ նկարել:

Դիտարկենք «պրիմիտիվ, սարայների մեջ կյանքները սկսած ամերիկացիներին»՝ ինչպես ոչ անհայտ ճարտարապետ Իգիթյանը կասեր, եւ դիտարկենք կոնկրետ քաղաքի՝ Դեթրոյթի օրինակով:

Տասնյոթերորդ դարում ֆրանսիացիների կողմից հիմնադրված եւ մինչեւ տասնիններորդ դարի  վերջը կանադացիներին պատկանած այս քաղաքի ճակատագիրն իսկապես ողբերգական է. ամերիկացիները Detroit–Destroy բառախաղով են ներկայացնում ողջ այն սարսափը, որի միջով ժամանակին մեծ հռչակ վայելող եւ ավտոմոբիլային ինդուստրիայի կենտրոն հանդիսացող այս քաղաքն է անցել: Հրդեհ, նավթային-էներգետիկ ճգնաժամ, ջրամատակարարման խնդիրներ, ռասայական բախումներ, գործազրկություն, երկու միլիոն բնակչությունից հազիվ յոթ հարյուր հազար բնակիչ, որոնց ութսուն տոկոսը՝ տեղի բնիկների հետ ժամանակ առ ժամանակ խնդիրներ ստեղծող աֆրոամերիկացիներ, կողոպուտ թանգարաններից ու հնարավոր բոլոր վայրերից, հազվագյուտ էքսպոնատների վաճառք՝ տեղական իշխանությունների կողմից, բյուջեն համալրելու նպատակով, քաղաքային ադմինիստրացիայի ամբողջական սնանկացում եւ աշխատանքների պարալիզում, զանգվածայնորեն լքված տներ ու երկնաքերներ, հզոր հրդեհներ, ինչի պատճառով քաղաք-ուրվականի ջարդուխուրդ եղած թաղամասերում միայն կինոռեժիսորներն էին գանգստերների մասին ֆիլմեր նկարում. ահա դժբախտությունների այն կիսատ ցանկը, որ կիրառելի է Դեթրոյթի հետ կապված, եւ հատկապես՝ վերջին հարյուրամյակի ընթացքում: Իսկապես, որ՝ Destroy՝ «արեւմտյան այս Փարիզի համար», կատարյալ անելանելի իրավիճակ:

Բայց գիտե՞ք ինչ պատահեց այն բանից հետո, երբ ճգնաժամային կառավարիչ նշանակվեց քաղաքում՝ իր թիմով, որն սկզբում սխալմամբ որոշեց նախ եւ առաջ ջնջել ամեն բան, ինչ անհնար կամ դժվար էր վերականգնել պետական մարմինների համար: Որոշեց մաքրել քաղաքը, քաղաքին դարձյալ քաղաքի տեսք տալ՝ այն «ազատագրելով բալաստից ու չգործածվող սարայներից»:

Սերժ Սարգսյանը լավ կանի՝ Ավագանու անդամ Վարդազարյանի՛ն էլ խորհուրդ տա «շնորհիվ Յուքոմի»՝ հետեւել Fine living հեռուստաալիքի Rehab addict (եւ ոչ միայն) հաղորդմանը, որտեղ վերջինս արդեն բոլորովին ուրիշ հայացքով կնայի պատվի եւ անպատվության խնդիրներին…

Ընդամենը 39 տարեկան փոքրամարմին այս կինը՝ Նիկոլ Քերտիսը, որը միայնակ մայր է, մոդել եւ ամերիկյան հեռուստաալիքների աստղ, իր պես մտածող մի շարք մարդկանց հետ միասին որոշեց վերջ դնել քաղաքային իշխանությունների անպատկառությանը:

Նիկոլը հատկապես հին վիկտորիանական եւ երիտասարդ Ամերիկայի շունչը հիշեցնող թյուդորյան ոճի առանձնատների սիրահար է. նա կարողացավ հասնել նրան, որ քաղաքային իշխանությունները լքված եւ ուղղակի վերականգնման համար անհնարին թվացող առանձնատները վաճառեն հաճախ՝ մեկ, երբեմն էլ մի քանի հարյուր, հազար դոլարով,  եւ գործի անցավ:

Ապշելու բան է, թե ինչպես է Նիկոլը կռիվ տալիս այդ առանձնատների ամեն մի տախտակը, ամեն մի դետալը փրկելու համար: Փոքրիկ մի վիտրաժային ապակի, մարմարե մի սալիկ փրկելու կամ շքամուտքի ժանգոտած մի լապտերի համար այս կինն օրերով անտիկվարիատների խանութներում եւ լքված, հաճախ՝ վտանգավոր արվարձաններում է թափառում: Բայց երբ ամեն բան ավարտում է,  առանձնատունը կամ գրասենյակն անմիջապե՛ս են իրենց գնորդին գտնում: Ընդ որում՝ հաճախ Դեթրոյթի մասին սարսափով մտածող եւ ո՛չ տեղի սպիտակամորթ բնակչության շրջանում…

Զավեշտալի է, բայց հիմա արդեն, երբ քաղաքային իշխանությունները սկսել են հավատալ Դեթրոյթի ապագային, այլեւս իրե՛նք կարող են Նիկոլին չթույլատրել այս կամ այն փոփոխությունն անել: Ինչ ասես արժե նաեւ, այսպես կոչված՝ համայնքի բնակիչներից կազմված ավագանին, որի ներկայացուցիչները կարող են հանկարծ հայտնվել ու հայտարարել, որ իրենց միջավայրին հարիր չէ առանձնատունն այս կամ գույնով ներկելու՝ վերանորոգողի որոշումը:

Խոստովանում եմ՝ նախանձով եմ նայում այսպիսի գործարարներին, որովհետեւ, նրանք Երեւանի հազա՛ր պատվավոր քաղաքացի արժեն:

Շատ պարզ պատճառով՝ այս մարդիկ փրկում են իրենց միջավայրը եւ այդպիսով՝ իրենք իրենց: Իսկ երբ նույնիսկ հարեւանի յոթ տարեկան երեխան է որոշում կամավորության սկզբունքով ներկել  «հարյուր հիսուն տարեկան տախտակներով» կառուցված դարպասը, հանկարծ հասկանում ես, որ հենց սրա՛նք են իսկական մտավորականները:

Քաղաքացիներ, պաշտոնյաներ, գործարարներ, որոնց կարիքը մենք եւս ունենք: Մարդիկ, որոնք մի օր իսկապես կսիրեն Երեւանը եւ նոր շունչ կտան աֆրիկյանների տներին ու սարայներին…