18.02.2016 17:03

Գոհար Սիմոնյան. Իրանը գուցե փրկի , բայց կփրկվի՞ Հայաստանը

Գոհար Սիմոնյան. Իրանը գուցե փրկի , բայց կփրկվի՞ Հայաստանը

Անկեղծ ասած՝ ինձ շա՛տ են դուր գալիս վերջերս հայկական մամուլում հաճախ հանդիպող այն բարձրագոչ վերտառությունները, ըստ որոնց՝ «Իրանը Հայաստանին փրկում է շրջափակումից», «Հայաստանը կարողացավ ճեղքել Ադրբեջանի պատնեշը», «Հայաստանը էներգետիկ ոլորտում տարանցիկ երկիր կդառնա» եւ այլն:

Եւ գիտե՞ք՝ ինչու. ոչ թե այն պատճառով, որ ուրախ չեմ Վրաստանի կողմից իբրև մատակարար Իրանին ընտրելու եւ ադրբեջանական «երթուղին» հայկականով փոխարինելու համար, ինչպես ակնհայտորեն պարզ դարձավ գազի արտահանմամբ զբաղվող՝ Իրանի ազգային ընկերության տնօրեն Ալիռեզա Քամելիի եւ Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի վերջին հայտարարություններից, այլ որովհետեւ Իրան-Հայաստան գազամուղն իրականում խողովակ է առանց լուրջ հնարավորությունների՝ մեկ, այն մեզ չի պատկանում՝ Գազպրոմինն է, եւ մենք չէ՛, որ այդ իրավասությունը պիտի կողմերին տրամադրենք՝ երկու:

Ասեմ ավելին՝ մենք նույնիսկ չենք կարող մե՛ր իսկ կարիքների համար այս ճանապարհով գազ ներկրել Հայաստան, որովհետեւ Տիգրան Սարգսյանի կառավարությունը 2014-2045թթ. Գազպրոմին ճանաչել է բացառիկ մատակարար եւ այնպիսի խայտառակ պայմաններով, որ ապշել կարելի է: Խնդրեմ՝«Հայկական կողմը երաշխավորում է, որ մինչև 2043թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ, Հայաստանի Հանրապետության ապագա որեւէ օրենքներ, որոշումներ, հրամանագրեր եւ այլ նորմատիվ իրավական ակտեր չեն փոփոխի եւ (կամ չեղյալ հայտարարի) եւ կամ այլ կերպ ոտնահարի սույն Համաձայնագրի ստորագրման ամսաթվի դրությամբ «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության, «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության եւ դրանց համապատասխան իրավահաջորդների իրավունքները եւ շահերը (ներառյալ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության ֆինանսական պարտավորությունների ավելացումը եւ /կամ տնտեսական վիճակի վատթարացումը, պետական բյուջետային եւ արտաբյուջետային նպատակային հիմնադրամներ հատկացումների նորմատիվների ավելացումը, արտարժույթի առքի վրա տուրքերի սահմանումը, նոր հարկերի և/կամ տուրքերի գործարկումը կամ նմանատիպ ազդեցություն ունեցող գործող հարկերի եւ /կամ տուրքերի դրույքների ավելացումը, գործունեության ցանկացած արգելքների եւ /կամ սահմանափակումների գործարկում»:

Այնպես, որ՝ հիմա ծիծաղելի է նույնիսկ Հայաստան-Իրան գազամուղի անունը տալ, ուր մնաց՝ հույսեր փայփայել, որ այն մեզ փրկելու է շրջափակումից…

Բայց մի բան էլ կա, որի պատճառով ես ուղղակի հիանում եմ Հայաստանի համար սքանչելի ժամանակներ հուշող այս մարդկանց խանդավառությամբ:

Բանն այն է, որ սրանցից ոմանք ոչ միայն ծպտուն անգամ չհանեցին այն ժամանակ, երբ մեր բոլոր էներգետիկ հնարավորությունները, դրանց թվում՝ Իրան-Հայաստան «փոքրացած» գազամուղն ուղղակի տրվեցին ռուսական կողմին՝ զրկելով մեզ երբեւէ մանեւրելու հնարավորությունից, այլեւ կոնկրետ փորձագիտական կենտրոններում հեքիաթներ էին պատմում այն մասին, թե «ինչ անխոհեմություն կլիներ մեր կողմից՝ արեւմտյան պատժամիջոցների ներքո ապրող իրանական կողմի հետ տնտեսապես աննպատակահարմար հսկա գազամուղ կառուցելու որոշումը», կամ՝ նույնիսկ փորձում էին համոզել, թե Իրանն ի՛նքը չի կամեցել «լուրջ թափ տալ սկսած գործին, որովհետեւ ու՞մ է պետք հակամարտության գոտով ձգվող եւ դեպի Եվրոպա չհասնող գազամուղը»…

Այս մարդիկ, փաստորեն, մոռացել էին, թե պատերազմի տարիներին ինչ հաճախականությամբ էր պայթեցվում հենց Ռուսաստան-Հայաստան գազամուղը, իսկ երբ լուրջ աշխարհաքաղաքական վերլուծություններ էին արվում՝ դեպի Թուրքիա, դեպի Ղրիմ ձգվելիք հնարավոր իրանական ծրագրերով, չգիտես ինչու, այդ երթուղիները «հարթ էին պատկերանում», եւ ոչ ոք որեւէ քաղաքական-աշխարհաքաղաքական խնդիր այդ կողմերում չէր նկատում:

Ասել, թե այս ամենի համար միայն Ռոբերտ Քոչարյանն է պատասխանատու, ինչպես քարոզչամեքենան է փորձել վերջին տարիներին արմատավորել մարդկանց գիտակցության մեջ՝ «չար Քոչարյանի եւ բարի Սերժի» մասին լեգենդներով,  նշանակում է առնվազն միամիտ կամ անազնիվ լինել: Շատ պարզ պատճառով. 1998-ի պետական հեղաշրջումից հետո ընթացած բոլոր այս պրոցեսներում Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանի հետ միասին, մշտապես գործող գլխավոր անձանցից մեկն է եղել: Այդ նա՛ էր «Գույք պարտքի դիմաց» շենշող ծրագրի շրջանակներում եւ որպես Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նախագահ՝ մշտապես բանակցում ռուսական կողմի հետ ու նաեւ՝ որոշումներ ընդունում: Հենց նա էր, որ 1995-96թթ. ԵՎԶԲ-ի կողմից շահավետ պայմաններով տրամադրված վարկով կառուցված Հրազդանի 5-րդ էներգաբլոկը մտցրեց ռուսական կողմին նվիրաբերվող օբյեկտների ցանկ:

Իբր՝ Հայաստանը չի կարողանում Իրան-Հայաստան գազամուղը կառուցելու համար անհրաժեշտ  գումարը հայթայթել, բայց եթե Հրազդանի 5-րդ էներգաբլոկը 140 մլն. դոլարով տրվեր ռուսական կողմին, Գազպրոմի փայաբաժինը Հայռուսգազարդում հասցվեր 80%-ի, եւ դրան էլ հավելվեր Իրան-Հայաստան գազամուղը, Գազպրոմը ոչ միայն իր միջոցներով կկառուցեր գազամուղը, կավարտեր էներգաբլոկի կառուցումը, այլեւ հայկական կողմն այդ 140 միլիոնի միջոցով կկարողանար բնակչության համար կոմպենսացնել գազի սակագնի հերթական ավելացումը:

Վերջապես՝ նույն Սերժ Սարգսյա՞նը չէր, որ Տիգրան Սարգսյանի կառավարությամբ Գազպրոմին վաճառեց նաեւ պետական վերջին՝ 20% բաժնետոմսերը՝ անհասկանալի պայմաններում գոյացած պարտքի դիմաց, եւ ինչպես արդեն վերեւում նկատեցինք՝  մինչեւ 2045թ. ճանաչեց ռուսական կողմի միակ մատակարար լինելու իմպերատիվը:

Այսքանից հետո՝ Իրան-Հայաստան գազամուղի մասին խոսելիս ոմանք պիտի ոչ թե հորթային հրճվանք ցուցադրեն, այլ ուղղակի ամաչեն: Եւ խնդիրը նույնիսկ ռուսները չեն, այլ այն, որ ամբողջ այս տարիների ընթացքում մենք գործ ենք ունեցել բացառիկ հակապետական իշխանությունների հետ, որոնք ինչպես մնացած, այնպես էլ այս ոլորտում, Իրան-Հայաստան չհաջողած գազամուղի հետ միասին, ուղղակի թաղել են Հայաստանի ապագան:

Ես, իհարկե, շատ մեծ հույս ունեմ, որ Իրանն, այնուամենայնիվ, թեկուզ հենց իր շահերից ելնելով, մեր՝ նույնիսկ այսպիսի անողնաշարությունից հետո կշարունակի լավ հարաբերություններ պահպանել մեզ հետ եւ հետագայում իսկապես Հայաստանին դուրս բերել կատարյալ մեկուսացումից: Բայց եթե խոսում ենք գազամուղի մասին, պարտավոր ենք ճշմարտությունն ասել:

Իսկ ճշմարտությունն այն է, որ, այո՛, ժամանակին Հայաստանը գուցե չուներ անհրաժեշտ ներդրումներ անելու հնարավորություն, բայց Իրա՛նն ուներ եւ պարտավորվում էր 240 միլիոն դոլարի ներդրմամբ գազամուղը կառուցել՝ պարտքի դիմաց 20 տարի ընդամենը հոսանք խնդրելով: Ընդ որում՝ առանց սեփականության հարց բարձրացնելու: Բոլոր փաստերը կան, եւ դժվար չէ ապացուցել, որ Իրանը համաձայնել էր նույնիսկ Հրազդանի 5-րդ էներգաբլոկը կառուցել՝ կրկին առանց սեփականության հարց բարձրացնելու եւ դարձյալ՝ էլեկտրաէներգիա ստանալու դիմաց, ինչի հնարավորությունը նույնպես կորցրինք: 

Այնպես որ՝ երբ ասվում է, թե Իրանը կփրկի Հայաստանին շրջափակումից, եւ մեր դիրքերն էլ կամրացնի Ռուսաստանի հետ հարաբերություններում, ես տարակուսում եմ: Իրանը գուցեեւ փրկի, իսկ եթե հանկարծ Գազպրոմը հրաժարվի Հայաստանը փրկելու ցանկությունից, կամ՝ Հայաստանն ինքը չկամենա փրկվե՞լ, ինչպես  մինչեւ այժմ է պատահել: Այդ դեպքու՞մ՝ ինչ…