01.06.2016 20:00

Հէռոս Ռամազոտտի

Հէռոս Ռամազոտտի

Վերջերս Սարդարապատի հուշահամալիրին կից թանգարան էինք այցելել, որտեղ երեխաներիս ուշադրությունը գրավեց այն փաստը, որ թանգարանում ցուցադրված Առաջին Հանրապետության Ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի կոստյումը պատառոտված էր ու կարկատաններով: Չէի էլ կարող ենթադրել, որ երեխաներս այդքան ցուցանմուշները թողած՝ այդ փաստի վրա կկենտրոնանան, սակայն, եթե չկենտրոնանային, հնարավոր է՝ այս հոդվածն էլ չլիներ, կամ էլ՝ այնպիսին չէր լինի, ինչպիսին հիմա է: 

Երեխաներս սովոր են հեռուստատեսությամբ տեսնել ամեն տեսակ պաշտոնյաների, որոնց հագուկապը վերջին շիկով է, ու երևի դա էր նրանց զարմանքի պատճառը: Իհարկե, ժամանակներն էլ մեծ նշանակություն ունեն. դարասկզբին պետական պաշտոնյաներն այդքան ուշադրություն չէին դարձնում իրենց հագուկապին, բայց անկախ այդ ամենից, նաև մարդուց է կախված, թե ինչի վրա է շատ ուշադրություն դարձնում:

Ոչ սահուն կերպով անցում անելով մեր օրերին, սակայն, մտքումս ունենալով Արամ Մանուկյանի կերպարը, ինքս ինձ բռնեցրի այն մտքի վրա, որ սկսել եմ մեր բոլոր կենդանի «ազգային հերոսներին» քննել ըստ իրենց ունեցվածքի քանակի, ու հանգեցի այն եզրակացության, որ իրական հերոսը չի կարող մեծահարուստ լինել, քանի որ հերոս՝ ինքն իրենով նշանակում է որոշակի անձնազոհություն, իսկ երբ մարդն իր անձը զոհում է հանուն իր ազգի, ինչպե՞ս կարող է միլիոններ կուտակել սեփական ազգի հաշվին:

Պարզապես հպանցիկ անցեք մեր կենդանի «ազգային հերոսների» անունների վրայով, այդ անունները համեմատեք նրանց ունեցած կարողությունների հետ, ու «հերոս» կոչվածն էլ է հօդս ցնդում: Ի՞նչ «օլիգարխ հերոս», երբ ազգի 90 տոկոսը կամ չքավոր է, կամ գտնվում է չքավորության եզրին, ի՞նչ «հերոս», եթե իր բիզնեսն անելու համար նա միլիոններով դոլար է «քցում» սրանից-նրանից ու հետո կամ փախչում է, կամ՝ վայելում դրանք։ Ի՞նչ հերոս, երբ այդ հերոսը պատերազմի ժամանակ առաջնագծից տասնյակ կիլոմետրերի վրա իր միլիոնանոց ջիպով կանգնած սելֆի է անում` լավագույն դեպքում, կամ էլ՝ արտերկրում սպասում է, որ իրեն հրավիրեն «պատերազմի»:

Բան չունեմ ասելու, որ այդ «հերոսների» մեջ կան կռված տղաներ, բայց նրանք որևէ բանով առավել չեն այն զորակոչիկներից կամ կամավորներից, որոնք այժմ կամ նախկինում՝ իրենց ծառայությունն են անցկացնում կամ անցկացրել սահմանագծում:

Հերոսական արարքն առանձին խոսակցության թեմա է, երբ մարդը մեկ ակնթարթում սովորական մահկանացուից վերածվում է հերոսի ու կատարում սխրագործություն, բայց այդ դեպքում մարդը ողջ չի մնում, իսկ կենդանի հերոսների ինստիտուտն ինձ ընդհանրապես անհասկանալի է, մանավանդ՝ երբ տեսնում եմ, թե ինչ են անում նույն այդ «հերոսները» սեփական ժողովրդի գլխին: 

Բայց եթե արդեն կայացել է «հերոսացումը», դա պետք է լրացուցիչ պատասխանատվություն դնի նույն հերոսի ուսերին, որ նա ավելի ժուժկալ ու ավելի ազնիվ լինի, քան հասարակության մնացած անդամները։ Թե չէ ստացվում է այնպես, որ նույն հերոսներն են արժեզրկում հերոսությունները ու վերածվում շարքային Հ-էռոս Ռամազոտտիների…

Առաքել Սեմիրջյան