04.06.2016 14:57

Արձանային պատերազմներ

Արձանային պատերազմներ

«Արձանային պատերազմները» նոր չեն աշխարհիս երեսին, սակայն Հայաստանի հասարակությունը կարծես նոր է ինքն իր համար բացահայտել այդ «երևույթը»: Ի տարբերություն մեզ` Ադրբեջանն ու Թուրքիան արդեն մի քանի տարի է հասկացել են այդպիսի «պատերազմի» էությունը և ուր ասես փորձում են տեղադրել, համապատասխանաբար, Քեմալ Աթաթուրքի ու Հեյդար Ալիևի արձանները:

Եվրոպական գրեթե բոլոր մայրաքաղաքներում արդեն տեղադրված են վերոնշյալ քաղաքական գործիչների կիսանդրիները, ու արդեն քանի տարի է` եվրոպացիներն ամեն օր աշխատանքի գնալուց կամ վերադառնալուց «հանդիպում են» այդ արձաններին, և նրանց «աչքները սովորում է» այդպիսի գործիչների առկայությանը, էլ չասած, որ տարբեր պետական ու մշակութային առիթներով այդպիսի արձանների դիմաց դրվում են ծաղկեպսակներ ու, համապատասխանաբար, կատարվում տարատեսակ արարողություններ` տվյալ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների և մշակութային գործիչների ներկայությամբ:

Ճիշտն ասած, ինձ էլ սկզբում պետական գործիչների արձանների տեղադրումը մի փոքր տարօրինակ էր թվում` մանավանդ արտերկրում, սակայն բազմաթիվ փաստարկներ ինձ էլ ստիպեցին մի քիչ ավելի լուրջ վերաբերվել այդ փաստին: Իհարկե, մեր սփյուռքն էլ է իր հնարավորության սահմաններում տարատեսակ հայկական արձաններ ու հուշարձաններ տեղադրում` հիմնականում եկեղեցի ու խաչքարեր, մեկ էլ՝ մշակութային որոշ գործիչների, հիմնականում՝ Կոմիտաս, Վիլյամ Սարոյան, Արամ Խաչատրյան…, բայց որ՝ պետական կամ ռազմական գործիչների արձաններ տեղադրվեն արտերկրում, այդպիսի փաստ ինձ հայտնի չէ: Միգուցե կան, մասնավորապես արտերկրում գործող եկեղեցիների տարածքում Անդրանիկի կամ Նժդեհի հուշաքարեր, սակայն մի բան է՝ եկեղեցու բակում դրանք տեղադրել, մեկ այլ բան՝ արտերկրում հրապարակները կամ պուրակներն անվանակոչել պետական գործչի անունով և արձանները տեղադրել տվյալ վայրում:

Վերադառնալով Հայաստան` մի փոքր դիտարկում անենք մեր արձանների վերաբերյալ՝ նրանց, որոնք ոչ միայն Հայաստանին են վերաբերվում, այլ նաև՝ «արտաքին» ուժերի որոշ մասնակցությանը:

Սրանից մի քանի տարի առաջ Երևանյան լճի շրջակայքում կառուցվեց ԱՄՆ դեսպանությունը, որին հետևեց Իսակովի արձանի տեղադրումը դեսպանության վերևի հատվածում, իսկ ներքևում՝ Ռուսական եկեղեցու կառուցումն ու Հայրենական պատերազմի հուշարձանի տեղադրումն անմիջապես դեսպանության հարևանությամբ:

Համագումարների պալատի տեղը բացվեց Հայաստանի ամերիկյան համալսարանը, իսկ դրան հաջորդեց Մարշալ Բաղրամյանի արձանի տեղադրումը Ամերիկյան համալսարանի դիմաց և, համապատասխանաբար, մետրոյի «Սարալանջ» կայարանը վերանվանվեց ու դարձավ  «Մարշալ Բաղրամյան» կայարան:

Իսկ վերջերս՝ մեկ օրվա տարբերությամբ, բացվեց Համազասպ Բաբաջանյանի արձանը, հետո՝ Գարեգին Նժդեհի արձանը, սակայն այս վերջին դեպքը ոչ թե արտաքին քաղաքական ենթատեքստ ուներ, այլ ճիշտ հակառակը` ներքին, ու որքան նայում եմ` ռուսական կողմն է շատ լուրջ ընդունում այդ «արձանային պատերազմը», և ռուսական կողմի համար է շատ կարևոր այդ  պատերազմում ինքնահաստատվելը:

Միգուցե պատմականորեն այնպես է ստացվել, որ արձանների տեղադրումը մի փոքր չափազանցված ձևով է ընկալվել Ռուսաստանի կողմից, քանի որ ԽՍՀՄ-ը` ազատագրելով եվրոպական այս կամ այն քաղաքը, որպես իր հաղթանակի նշան՝ ամեն քաղաքում տեղադրել է մի «Անհայտ զինվորի հուշարձան», կամ էլ՝ հեղափոխությունից հետո ամեն «բոլշևիկացած» քաղաքում տեղադրվել է Լենինի արձանը, ու այդ ավանդույթը մինչև մեր օրերը շարունակվում է:

Սակայն, ըստ իս, արևմուտքի համար այդքան էլ կարևոր չեն նմանատիպ «արձանատեղադրումները». նա նախընտրում է իր «ներկայությունը հաստատել» ավելի շատ համալսարանների, բիզնես կենտրոնների կամ մշակութային օջախների բացումով, ոչ թե արձանների տեղադրումով, որը հղի է նաև հակառակ հետևանքներով` ինչը տեսանք  Արևելյան Եվրոպայում, երբ ԽՍՀՄ-ի կողմից կառուցված հարյուրավոր արձաններ քանդվեցին` քաղաքական այս կամ այն քամու փոփոխության պատճառով:

Ինչևիցե, դա մեր խնդիրը չէ, թե ինչ տեղի ունեցավ ԽՍՀՄ արձանների հետ, մեր խնդիրն է մեր երկրում ունենալ մշակութային արժեք ներկայացնող արձաններ, ու հնարավորինս հեռու պահել այդ արձաններն այս կամ այն գերտերության քաղաքական շահերի սպասարկումից: Իսկ այն օտարերկրացի հիվանդ ուղեղներին էլ, որոնց թվում է, թե կարող են Հայաստանում մեր ազգային ու պետական գործիչների արձանների դեմ «ակցիաներ» կազմակերպել, մենք պետք  է կարողանանք ցույց տալ իրենց տեղը:

Մեր հասարակությունն ինչքան կուզի կներկայացնի այս կամ այն արձանի ճարտարապետական ու մշակութային արժեքին վերաբերող քննադատություններ, բայց եթե մի այլ երկրի քաղաքացի փորձի քաղաքական ճնշում գործադրել մեզ վրա, թե ինչու եք տեղադրել այս մարդու արձանը, ապա պետք է նրան տանել Կարմիր Բլուր կամ Մեծամոր, կամ էլ Հայաստանի ցանկացած պատմության թանգարան ու  ցույց տալ «Ֆալոսի» հարյուրավոր արձաններ՝ որպես ապացույց այն բանի, թե մեր նախնիներն «օտար թելադրողներին» ինչպիսի արձաններով են դիմավորել հազարամյակներ շարունակ:

Առաքել Սեմիրջյան