19.09.2016 13:03

Առաքել Սեմիրջյան. Ես կուզեմ վազել քեզ մոտ

Առաքել Սեմիրջյան. Ես կուզեմ վազել քեզ մոտ

Ուիթնի Հյուսթոնն ու Տիգրան Պասկևիչյանը, հավանաբար, այս կյանքում հանդիպած չլինեն իրար: Ու որևէ տեսակի կապեր էլ ունեցած չլինեն`սոցիալականից սկսած`աստրալով ավարտած: Իսկ նախորդ կամ հաջորդ կյանքերից ես տեղեկություն չունեմ, բայց այդ մասին՝ հաջորդ դասին, ինչպես կասեր դասականներից ամենադասականը:

Հիմա կասեք՝ էս առավոտ գիշերով էս մարդը ինչ է ընկել Պասկևիչյանի ու Հյուսթոնի կապերի ետևից, սակայն քիչ մը համբերություն, և  ամեն ինչ իր տեղը կընկնի:

Երեկ պատահաբար աչքովս ընկավ հեռուստատեսությամբ ցուցադրվող՝ Ուիթնի Հյուստոնի տեսաերիզը, որն Անկախության առաջին տարիներին ամեն օր կամ ռադիոյով, կամ էլ հեռուստատեսությամբ հեռարձակվում էր`դե էն հայտնի «Թիկնապահ» ֆիլմից. եթե հիշում եք՝ ամբողջ ֆիլմը պատմում է թիկնապահի կողմից մի երգչուհու փրկելու մասին, սակայն այդ ամենն ուղեկցվում է էնպիսի երգերով, որ չփրկելն անկարելի է:

Այդ օրերին Հայաստանում չապրածներին դժվար հասկանալի կլինի, թե ինչ էր տեղի ունենում այդ օրերին, երբ մի նոր կլիպ կամ արտասահմանյան մի նոր ֆիլմ «հրաշքով»  հայտնվում էր Հայաստանում, ու կարծես նորանկախ հանրապետությունը սկսում էր զգալ իր անկախությունն ու մերձեցումը աշխարհի հետ, որ՝ տեսեք, արդեն ես հնարավորություն  ունեմ ինքս որոշելու՝ ինչ երգեր լսել, ինչ ֆիլմեր դիտել, ում հետ ընկերություն անել, որ երկրում դեսպանություն բացել, որ երկրի հետ եղբայրանալ ու որ երկրի դեմ պատերազմ հաղթել:

Պասկևիչյանը, արդեն բավական ժամանակ է՝ ամեն օր իր ֆեյսբուքյան էջին դնում է ստատուսներ, որով հիշեցնում է, թե քանի օր է մնացել մեր անկախության 25-ամյակին, ինչպես խորհրդային տարիներին ԽՍՀՄ ժողովուրդներին էին ավետում, թե քանի օր է մնացել Պուշկինի ծննդյան օրվան: Սակայն մի տարբերությամբ՝ Պուշկինի ծնունդը մեզանից անկախ էր ստացվել, իսկ մեր Անկախությունը Հայաստանում ապրող ամեն մեկիս պայքարի, ներդրման ու որոշ դեպքերում մաքառման ու հերոսության արդյունքն է:

Ու հիմա՝ այս 25 տարիների հեռուներից երբ նայում ես անկախության առաջին տարիներին,  «փազլի նման»՝ առանձին-առանձին ֆրագմենտներից ու հիշողություններից պարզ է դառնում, թե ինչպես կերտվեց մեր անկախ պետականությունը, ու ի՛նչ հոգևոր ու էմոցիոնալ լիցք էր պարունակում այն իր մեջ, որ տասնամյակից ավելի տևած հակաանկախական պրոպագանդան`«ցուրտ ու մութի» կամ պատերազմը մեզանից անկախ հաղթելու, իսկ անկախությունն էլ՝ երկնքից իջնելու նաղլը  չկարողացավ ոչնչացնել այն ոգին, որը դրված էր անկախության ստեղծման մեջ, կապ չունի՝ սևամորթ աղջկա, սերիալի հերոսուհի  «Ստրկուհի Իզաուրայի», թե անկախության առաջին տարիների ֆիդայիների կերպարների տեսքով: 

Ու ինչպես «Թիկնապահ» ֆիլմի հերոսուհին էր  իր երգում վազում  սիրած մարդու մոտ, որ գրկի նրան ու էլ երբևէ բաց չթողնի, էնպես էլ մենք ենք գրկել մեր անկախությունը ու երբևէ այն բաց չենք թողնի: Ու թե պետք եղավ՝ կգտնենք Պասկևիչյանի ու Հյուսթոնի՝ նախորդ կյանքերում եղած կապերը: