01.11.2016 13:06

Ժամանակի բացառում

Ժամանակի բացառում

Ֆիզիկան ընդհանրապես բաղկացած է բազմապիսի երևույթներից` արագացումից սկսած, ավարտված ձգողականությամբ ու վանողականությամբ, սակայն մենք`պարզ մահկանացուներս, կենցաղում հիմնականում օգտագործում ենք երկու տեսակի Ֆիզիկական «երևույթ»` տարածությունն ու ժամանակը, մնացածն էլ թողնում ենք, որ մեր փոխարեն բնությունն ու ուրիշները օգտագործեն: Դե լավ, մի փոքր լրջացնենք հոդվածի հռետորիկան ու խոսենք Ժամանակի բացառման մասին:

Երբ մարդիկ ասում են, որ 1997-ին ու հիմա Ղարաբաղի հարցով բանակցությունների սեղանին նույն կամ նմանատիպ տարբերակ էր դրված, ու պնդում են, որ կապ չունի՝ հիմա է Ղարաբաղի հարցը լուծվելու, թե սրանից քսան տարի առաջ, անմիջապես հասկանում եմ, որ այս մարդիկ Ֆիզիկայից ընդհանրապես բացառում են «Ժամանակի» հասկացողությունը: Ենթադրենք՝ այն ժամանակվա ու հիմիկվա տարբերակները 100 տոկոսով իրար համապատասխանում են (չնայած դրանում ես խիստ կասկածում եմ, որովհետև, ըստ իս, 1997-ի տարբերակը մի քանի անգամ ավելի էր օգտակար Հայաստանին, քան հիմիկվանը), այդ դեպքում որտե՞ղ կորավ այն 20 տարի ժամանակը (որը կրկին, ըստ իս, տրված էր Հայաստանի հզորացման ու խելքը գլուխը հավաքելու համար): Այստեղ չի քննարկվում տարբերակների լավն ու վատը, այլ ցանկացած տարբերակ համապատասխանում է ուժերի այդ պահին ունեցած փոխհարաբերությամբ ու նաև այն հաշվարկով, թե ժամանակի ընթացքում այդ ուժերի փոխհարաբերությունը ինչպես կվերադասավորվի:

Կրկին վերադարձանք ժամանակի միավորին, որ առանց Ժամանակի որևէ հարց չենք կարողանում լուծել:

 20 տարին մի կյանք է՝ բառիս բուն ու փոխաբերական իմաստով, ու նայելով սահմանին կանգնած ու զոհվող 20 տարեկան տղաներին՝ հասկանում ես, որ 20 տարի առաջ Ղարաբաղի հարցի լուծման դեպքում մենք հիմա ստիպված չէինք լինի մեր 20 տարեկան զավակներին ուղարկել պատերազմ: Ու դեռ քանի 20 տարեկանների սերունդ պետք է պատերազմով անցնի, որպեսզի հասկանանք, որ ժամանակը այն հիմնական միավորն է, որի միջոցով հաշվվում են տիեզերքում ու նաև մեր աշխարհում (եթե, իհարկե, Հայաստանը տիեզերքից դուրս չենք սահմանել) տեղի ունեցող բոլոր երևույթները: 

Հարգելի՛ համաքաղաքացիներ, համերկրացիներ, համատիեզերակիցներ, եկեք նստենք ազգովի հաշվենք, թե մեզ ինչ է սպասվում սրանից 20 տարի հետո, եթե Արցախի հարցը չլուծվի, ու նաև եկեք պարզ ու շիտակ իրար աչքերի մեջ նայելով ասենք՝ եթե սրանից 20 տարի հետո էլ լինելու է 1997 թվականի տարբերակը, արդյո՞ք այդ նույն տարբերակն է, որը 1997 թվին էր, թեկուզ այն 100 տոկոսով համապատասխանի նույն տեքստին: Ախր 1997 թվից այս կողմ, ամենահամեստ հաշվարկներով, կես միլիոնից ավելի մարդ լքել է Հայաստանը, իսկ Ղարաբաղի թվերի մասին ես տեղյակ չեմ, ու եթե պրիմիտիվ լեզվով ասած՝ պլեբիսցիտ անցկացվի Արցախում, արդյո՞ք հայերը ավելի շատ կմասնակցեն դրան, թե՞ ադրբեջանցիները:

Դեռ մեր պապերն են ասել. «Էշ, մի մեռի`գարուն կգա», ու այստեղ ոչ թե գարնան սպասման հարցն է, այլ ժամանակի գիտակցության հարցը, որ թեկուզ գարնան ակնկալիքով հնարավոր է՝ մենք ժամանակ չունենանք այդ «գարնանը» հասնելու:

Առաքել Սեմիրջյան