02.11.2016 13:00

Ես գիտեմ, թե ինչ եք արել անցած ամառ

Ես գիտեմ, թե ինչ եք արել անցած ամառ

Հաճախ՝ չէ, բայց ժամանակ առ ժամանակ ես օգտվել եմ հրապարախոսական այն հնարքից, երբ թեմատիկ փնտրտուքների մեջ՝ վերցնում եմ մի ֆիլմի վերնագիր ու դա դարձնում հոդվածի թեմա: Նույնը կառաջարկեմ այլ հեղինակների էլ, ու, անձնական փորձով եմ ասում՝ հոդվածներն այդ դեպքում հալած յուղի պես գրվում են: Էնպես չի, որ այսօր թեմա չունեի գրելու, պարզապես որոշեցի մի հոդվածաշար սկսել՝ ֆիլմերի վերնագրերն օգտագործելով, որը պարբերական բնույթ կկրի:

Հայաստանի պես երկրում ամեն ինչ շատ հեշտ է, որովհետև գիտես՝ ով, երբ ինչպես, ու միաժամանակ՝ դժվար, որովհետև ինֆորմացիոն «պերեբոյը» այնքան շատ է, որ չես կարողանում հասնել բուն թեմային ու ճանապարհին ինչ-որ մի տեղ կորչում ես:

Հիմնական խնդիրը պետք է լինի այդ ինֆորմացիոն աղբը ցրելն ու հասնելը բուն թեմային:  Կապ չունի, թե հարցը որ բնագավառին է վերաբերում, մինչև հասնում ես խնդրին՝ արդեն ճանապարհին կորած ես լինում, ու այդ անտառում անընդհատ լսվում են միևնույն շշուկները. «Ես գիտեմ՝ ինչ եք արել անցած ամառ», «Ես գիտեմ՝ ով է կազմակերպել Հոկտեմբերի 27-ը», « Ես գիտեմ՝ ով է Մարտի մեկին բանակին հրամայել կրակել», «Ես գիտեմ՝ ով է կազմակերպել երկրի թալանը», «Ես գիտեմ՝ ով է թույլ տվել հայրենիքը վերածել կրկեսի», ու այսպես շարունակ:

Ախպրտինք ջան, նենց չի, որ մենք քիչ բան գիտենք, բայց եթե գիտեք՝ ասեք, էլ ինչի՞ եք ձեր իմացածը ծածկում ամեն տեսակ խորհրդավորությամբ ու վերջում էլ չեք ասում՝ ինչ դուք գիտեք: Ձեզ պահեք ձեր ինֆորմացիոն աղբը ու թույլ տվեք երևույթները տեսանելի դարձնել, իսկ քրեական հոդվածով՝ իմանալ-չհայտնելն էլ է, ի դեպ, պատժվում օրենքի ողջ խստությամբ:

Հիմա՝ բոլորը գիտեն Ղարաբաղի հարցի լուծման եղանակը, ու գիտեն նաև, թե ով էր իրականում ծախում Ղարաբաղը: Բա բարձրաձայնեք, ինչի՞ եք բերաններդ ջուր առել ու առաջին նախադասությունից էն կողմ չեք անցնում:

Թե՞ վախենում եք ասել, որ բոլոր իշխանությունների օրոք էլ բանակցությունների սեղանին դրված է եղել ազատագրված տարածքների հանձնման հարցը: Թե՞ Քոչարյանն ու Վազգենը չէին քննարկում՝ որ շրջանը հանձնեն, որը փորձեն պահել:

Էս շանտաժի ու իբր առաջին նախադասությունից երկրորդին չանցնելու մթնոլորտը երկիրը բերել ու հասցրել է մի կետի, որ բոլորս գիտենք սպասվող պատերազմի մասին ու նույնիկ ինքներս մեզ չենք կարողանում խոստովանել: Մենք նաև գիտեինք ապրիլյան սպասվող պատերազմի ու դրա հետևանքների մասին ու կրկին չէինք ասում, իսկ ամենակարևորը՝  իմանալուց հետո որևէ քայլ չենք ձեռնարկել այդ ուղղությամբ:

Էստեղ են ասել՝ «էդ դեպքում քո իմանալն ո՞ւմ  ձեռին ա պետք»: 

Առաքել Սեմիրջյան