03.11.2016 15:37

Ինչով զբաղվի հանգուցյալը Դենվերում (Երևանում)

Ինչով զբաղվի հանգուցյալը Դենվերում (Երևանում)

Խոստումիցս ետ չկանգնելու համար այսօր էլ վերցնենք սիրածս ֆիլմերից մեկի վերնագիրն ու փորձենք մտորումներ անել դրա շուրջ:

Երևանում գաղջը այնքան շատ է, որ ակամայից ցանկություն է առաջանում «հանգուցյալ» դառնալ կամ արտագաղթել,  որպեսզի ձերբազատվես դրանից: Սակայն ամենագլխավոր հարցն այն է, թե ինչ «զբաղմունք» կա հանգուցյալների համար այս երկրում: Հարցը հենց այն է, որ արտագաղթելն ու հանգուցյալ դառնալն էլ չեն ապահովագրում գաղջի ցրումն ու զբաղվածությունը որևէ արժեքավոր բանով:

Համանուն ֆիլմի հիմնական շեշտադրումը դատապարտվածությունն է. եթե մարդ դատապարտված է հանգուցյալ դառնալու, պետք է իր վերջին ժամերն ինչ-որ կերպ կարողանա արժեւորել: Խնդիրը ոչ թե հանգուցյալ դառնալն է (դե, ուշ թե շուտ՝ մենք բոլորս էլ այդ կարգավիճակում հայտնվելու ենք), այլ կյանքն արժեւորելը, որ կարողանաս անել մի բան, որը ոչ միայն քո կենցաղային կարիքները կբավարարի, այլ նաև դրանից ավելի մեծ հարցեր կլուծի:  

Հայաստանի տնտեսական վիճակն այնքան աղետալի է, որ մարդ ժամանակ ու հնարավորություն էլ չունի մտածելու այլ բաների մասին, ու հիմնական էներգիան գնում է «հանապազօրյա հացը վաստակելու» վրա:

Սակայն տնտեսական վիճակի առումով՝ սրանից ավելի սարսափելի ժամանակներ էլ են եղել երկրում, ու մարդիկ կարողացել են ավելի վեհ բաների մասին խորհել ու գործել: Ուրեմն՝ ո՞րն է խնդիրը, որ հիմա դա չի հաջողվում մեզ`պարզ մահկանացուներիս կամ «հանգուցյալներիս»:

 Խնդիրն  այն է, որ հարցը տնտեսական ծանր կացության մեջ չէ, չնայած՝ դա էլ իր դերն ու նշանակությունն ունի, ու հիմնական դերն այս հարցում տրված է արդարությանն ու արդարության հաստատմանը. եթե երկրում արդարության մթնոլորտ չկա, «հանգուցյալին» որևէ բան չի մնում անել, քան սպասել մահվան:  

Խոսքը փիլիսոփայական կատեգորիա համարվող բացարձակ արդարության մասին չէ, այլ արդարության մթնոլորտի, երբ մենք`պարզ մահկանացուներս, կկարողանանք հասկանալ, թե ինչու է մեկի համար լավ, մյուսի համար վատ, եթե բոլորս էլ նույն պայմաններում ենք ապրում:

Եթե որևէ տրամաբանական պատասխան չկա այս հարցին, ապա ամեն ինչ հօդս է ցնդում: Եթե մարդ տեսնում է, որ գողերն ու ավազակները բարգավաճում են, իսկ օրինապահ մարդիկ որևէ հաջողության չեն հասնում, հենց դա էլ բերում է հանգուցյալի անիմաստ ապրելուն ու մեռնելուն: Իսկ եթե տեսնում է՝ այնպիսի մթնոլորտ է ձևավորված, որ հնարավորություն կա արժանապատիվ` առանց գողության ու ավազակության,  ապրել ու  դիմանալ տարատեսակ փորձությունների, մարդը պատրաստ է պայքարելով  դիմակայել ամեն տեսակ զրկանքների:

Ինչ ուզում եք՝ ասեք, Արցախյան պատերազմի տարիներին տնտեսապես հիմիկվանից, հաստատ, լավ վիճակ չէր, սակայն մարդիկ դիմացան, ու կարողացանք պատերազմ հաղթել, քանի որ, լավ թե վատ, երկրում տիրում էր հարաբերական արդարության մթնոլորտ, ու ինչքան էլ փորձվեց այլասերել այդ մթնոլորտը տարատեսակ ստերով ու կեղծիքներով, գրեթե չհաջողվեց, քանի որ ճշմարտությունից դրանք այնքան հեռու էին, որ հնարավոր չէր իրականությունը աղավաղել:

Վերջերս մի հայկական ֆիլմ ցուցադրվեց՝ «Կյանք ու կռիվ» վերնագրով, որը, ըստ իս՝ իննսունականները նկարագրող լավագույն ֆիլմն է, որտեղ, առանց ավելորդ պաթոսի, հստակ նշվում էր, թե ով ինչ մոտիվացիայով էր մնում երկրում, սիրում, կռվում ու մեռնում իր երկրի համար:

Ֆիլմնից հետո ես անկեղծացա՝  ասելով, որ սարսափելին այն է, որ երկրում ստեղծվել է մի վիճակ, երբ արժանապատիվ ապրելու համար պարտադիր պայման է համարվում հերոս լինելը: Բայց ախր ես ուզում եմ առանց հերոս լինելու էլ երկրից չարտագաղթել ու շարունակել ապրել:

Իսկ դրա համար «հանգուցյալին» մնում է մի ճանապարհ` պայքարել արդարության մթնոլորտ ձևավորելու համար,  այլապես՝ հանգուցյալ դառնալուց հետո էլ, հաստատ, մեր սերունդները մեզ չեն ների:

Առաքել Սեմիրջյան