07.11.2016 15:45

Մառախլապատ և ավազից շաղված տունը

Մառախլապատ և ավազից շաղված տունը

Ընկերներս գիտեն, որ ամերիկյան ֆիլմեր շատ չեմ սիրում, քանի որ սովորաբար ամեն ինչ հեփի-էնդով է ավարտվում: Սյուժեի զարգացման ընթացքում երևույթները նկարագրվում են որպես «սարսափազդու ու անելանելի», սակայն ամերիկյան ֆիլմերի հերոսները կարողանում են դուրս գալ այդ իրավիճակներից ու վերջում հաղթանակած են պատկերվում:

Մի տեսակ՝ կարծես շատ կանխատեսելի ու անիրական են ստացվում Հոլիվուդյան ֆիլմերը, սակայն վերնագրում նշածս  ֆիլմի դեպքում, զարմանալի բացառությամբ, այդպես չէ:

Կարելի է առանց չափազանցության ասել, որ աննկարագրելի նմանություն կա մեր հայրենի «Հայլուրի» ու «Հոլիվուդյան» ֆիլմերի միջև, ինչն էլ լրացուցիչ «խթան» է հանդիսանում՝ հիմնականում չսիրելու ամերիկյան ֆիլմերը:

Մեր «Հայլուրն» էլ է երևույթները նկարագրում որպես ծանր, բարդ, ժամանակ առ ժամանակ՝ անելանելի, սակայն ռեպորտաժների վերջում մի այնպիսի սցենար են մտցնում, որ հեռուստադիտողը հավատա, թե մեր պանծալի իշխանությունների ջանքերով հնարավոր է այս անելանելի վիճակից դուրս գալ:

Եթե դա էլ, հեղինակների կարծիքով, ոչ այդքան արժանահավատ է թվում, համեմատության համար՝ «Հայլուրի» գաղափարախոսները ներկայացնում են Թուրքիայի և Ադրբեջանի հակաժողովրդավարական ռեժիմների մասին հավելվածներ կամ էլ Ադրբեջանում նավթի գների պերմանենտ անկման ու Թուրքիայում քրդերի՝ սպասվող ապստամբության մասին լուրեր, որպեսզի մեր Հայաստանի հեփի-էնդն ավելի արժանահավատ թվա ու համեմված քուրմանջիական նաղլով:

Մառախլապատ և ավազից շաղված տունը Հայլուրի ու Հոլիվուդի սցենարներից տարբերվող   իրականություն է ներկայացնում, որն ինչքան էլ դաժան է, միևնույն է՝ կյանքին ավելի մոտիկ է, ու հեղինակները չեն ջանացել որևէ կերպ թաքցնել իրականությունը:

Հայաստանին սպասվող դեֆոլտի ու չավարտված պատերազմի ֆոնին՝ դժվար է Հոլիվուդյան սցենար գրել, սակայն ի պատիվ հայլուրցիների՝ նրանց «հանճարը» հերիքում է այդպիսի պատկերներ կերտել:

Գերհանճար պետք է լինել՝ տարեկան 50 000 արտագաղթ ունեցող երկրի համար ռեպորտաժ ներկայացնելու մեր զարգացող տնտեսության ու ժողովրդավարության մասին, երկրաշարժից գրեթե 30 տարի անց՝ դոմիկներում ապրող «լենինականցիների», հետայդու՝ գյումրեցիների (դե էս ընթացքում մի երեք սերունդ փոխվեց) առկայության պարագայում կարմիր ժապավեններ կտրել և ուրախանալ կարմիր գծերի «պետականացման» որոշումից:

Մառախլապատ և ավազից շաղված տանն ապրելը վախ է հարուցում, քանի որ այն ամեն վայրկյան կարող է փլվել, ու ինչքան էլ այն պատված լինի հայլուրական շղարշով, միևնույն է, փլվելու դեպքում որևէ փրկություն չկա:

Կուզեք՝ նեղացեք, կուզեք՝ անտեսեք, միևնույն է՝ ես շարունակելու եմ գովազդել ոչ հոլիվուդյան ֆիլմերը, որպեսզի մառախուղի և ավազուտների մեջ կարողանանք իրական ելքեր գտնել, որպեսզի կործանման օրը հանկարծ ինքներս մեզ համար չբացահայտեք, թե, վա~յ, Լենինականի շենքերի մեծ մասի ցեմենտը կերել էին, դրա համար էլ մի «սիքտիրջի» երկրաշարժ կարողացավ կործանել Սովետմիության  հանրապետություններից մեկի համարյա կեսը, էն նույն Սովետի, որը չնայած  Հոլիվուդից հեռու էր, բայց կուտը կերել էր ու իր երկիրն էլ էր փորձում Հոլիվուդյան սցենարով կառուցել:

Իսկ ամերիկացիները, ինչքան էլ Հոլիվուդը իրենցը լինի` իրենք իրենց համար շատ լավ էլ գիտեն իրականությունը որն է, ու որտեղ է այն թաքնված:

Բայց, ամեն դեպքում կամ «ֆսյոտակի», նշածս ֆիլմը սքանչելի է, ու «իսկրեննը ռեկամենդույուՍ» :

 

Առաքել Սեմիրջյան