08.11.2016 12:35

21 գրամ (Մեկ տոկոս)

21 գրամ (Մեկ տոկոս)

Շոն Փենը ոչ միայն տաղանդավոր դերասան է, նաև շատ եմ սիրում նրան այն բանի համար, որ հարցազրույցներից մեկի ժամանակ նշեց, որ իր ամենասիրած գրողը Վիլյամ Սարոյանն է: Դե, հնարավոր է ազգային ինքնասիրությունս շոյվեց, դրա համար էլ նրան սկսեցի շատ սիրել, կամ էլ դրանից առաջ էի սիրում, հիմա չեմ հիշում՝ որն էր առաջինը` հավը, թե ձուն, բայց որ նրա ստեղծած գործերը մեծ ուշադրությամբ եմ ուսումնասիրում, դա հաստատ է:

Վերնագրի համանուն ֆիլմի մեջ հիմնական գաղափարն այն է, որ մարդուն մահից բաժանում է ընդամենը 21 գրամ` հոգու կշիռը , որը մեր մեջ իբր դրված է, որպեսզի շարժի մեր չգիտեմ ինչքան քաշ ունեցող մարմինը: Այդ 21 գրամն ընդհանուր մարմնի 0.000001 տոկոսն էլ չի կազմի, սակայն այսօր կուզեմ խոսել ոչ թե նշված ֆիլմից, այլ ընդդիմության ստացած 1 տոկոսից:

Շատերը «մանթրաժ» էին ընկել, թե ինչպես այս կամ այն ընդդիմադիր ուժը տեղական կառավարման ընտրություններին 1 տոկոսից էլ քիչ ձայն էր հավաքել, մյուս մասն էլ թե՝ մեր ժողովուրդն իբր ծախվել է, ու կարելի է ընդհանրապես ամեն ինչից ձեռ քաշել: Ես այդպես չեմ կարծում, ոչ էլ կարծում եմ, որ ընդդիմության ունեցած 1 տոկոսը վերոնշյալ ֆիլմի 21 գրամ հոգին է. դեռ ավելին կասեմ, որ այդ 1 տոկոսն էլ է շատ այսօրվա ընդդիմադիրների համար:

Եթե ամեն ինչ չափում ենք զուտ տոկոսներով ու գրամներով, կարելի է համարել, որ ընդդիմությունը տապալվեց, ու կարելի է ընդհանրապես մոտակա 100 տարին մոռանալ Հայաստանում փոփոխությունների մասին: Սակայն, ո՞վ ասաց, որ փոփոխությունները տոկոսների մեջ են գտնվում: Տոկոսներն ընդամենը պայմանական միավորներ են, որոնցով չափվում են, թե քանի հոգի այսօր պատրաստ է այս կամ այն կերպ ապրել:

Մի հզորագույն գրող ընկեր ունեի, որն ամեն անգամ ասում էր, որ կարևոր չէ , թե իրեն միլիոնավոր մարդիկ կկարդան, ինչպես կարդում են Կոելյուին, կամ՝ լավագույն դեպքում Մարկեսին, կարևորն այն մեկ մարդն է, որը կկարդա գրածը, ու  այդ մեկ մարդու մեջ կարթնանա այն, ինչն առանց այդ ստեղծագործության քնած էլ կմնար:

Հիմա՝ մեր ընդդիմության պարագայում. եթե իրականում մեր ընդդիմադիրները հավատում են իրենց գաղափարներին, ու թեկուզ մեկ հոգի նույնպես սկսում է հավատալ նրանց գաղափարին ու սկսում է պայքարել ուրիշ Հայաստանի համար, նշանակում է՝ այդ ընդդիմադիր ուժը հաջողեց, իսկ եթե ընդդիմությունը հավաքում է 10 կամ 20 կամ 100 տոկոս, ու ինքն էլ չի հավատում, թե ինչի համար է պայքարում, ու նպատակը զուտ գյուղապետարան, քաղաքապետարան կամ պառլամենտ մտնելն է, ապա այս ստացած տոկոսները հավասարազոր են 0-ի:  Ասածս այն է, որ պետք է պայքարել, ոչ թե տոկոս խփելու համար, որովհետև տոկոսը ուրիշ խփողներ էլ կան, այլ այն մեկ մարդու համար, ում մեջ ընդդիմադիրի պայքարից հույս կարթնանա, և ինքն էլ կսկսի հավատալ Հայաստանի ապագային: Ասածս նաև այն է, որ եթե ընդդիմադիրի պայքարի շնորհիվ մեկ մարդ քիչ լքի երկիրը, դա արդեն հաղթանակ է, իսկ տոկոսների մասին թող մտածեն տոկոս խփողները:

Առաքել Սեմիրջյան