10.11.2016 15:19

Քեզ համար չափազանց գեղեցիկ

Քեզ համար չափազանց գեղեցիկ

ՀՀԿ կանանց համագումարից հետո անմիջապես հիշեցի վերնագրի համանուն ֆրանսիական ֆիլմը,  որտեղ Ժերար Դեպարդիեն խճճվում է իր զգացմունքների մեջ ու ունենալով գեղեցկուհի կին` սիրահարվում է իր տգեղագույն քարտուղարուհուն ու չի կարողանում հասկանալ, թե ինչու է իր հետ այդպիսի բան կատարվում:

Ընդհանրապես`ամբողջ ֆիլմի ընթացքում կարմիր թելի նման անցնում է այն միտքը, որ եթե մարդ ունի գեղեցիկն ընտրելու հնարավորություն, ինչու է  ընտրում տգեղը:  Նման իրավիճակներում Կանտն ու Հեգելն էլ չեն փրկում իրենց խոհերով, ոչ էլ Դոստոևսկին այն մտքով, որ Գեղեցիկը կփրկի աշխարհը: Կոնկրետ այս ֆիլմի հերոսի դեպքում նա իր փրկությունը գտնում է տգեղի մեջ, ու տգեղն է այն միակ կետը, որին հերոսը  կարողանում է հենվել:

Միանգամից եկավ հաջորդ միտքը, թե ինչու ՀՀԿ տատիկի հայտնի կերպարը. եթե կարող են լինել այլ տեսակի տատիկներ էլ, որոնց միայն տեսքը վեհություն ու պատկառանք կներշնչեր, կամ էլ՝ խեղճություն ու անզորություն, բայց միաժամանակ արժանապատվություն, սակայն ոչ երբեք՝ ՀՀԿ տատիկի այդպիսի կերպար: Սակայն, երբ խորն ես նայում երևույթներին, մանավանդ Քիմ Քարդաշյանի հետ նկարվելու ֆոնին՝ ՀՀԿ տատիկը  արտահայտում է մեր իրականության պերճանքն ու թշվառությունը:  Ընդհանրապես ֆատալիստները կպնդեն, որ ոչ մի պատահական բան չի լինում այս աշխարհիս երեսին, եւ Քիմ Քարդաշյանի ու ՀՀԿ տատիկի հանդիպումն էլ հաստատ պատահականներից չէր, դեռ հակառակը՝ դրանով արտահայտվում էին այն բոլոր ելևէջները, որոնցով լցված է մեր ողջ իրականությունը՝ իր հետույքի շնորհիվ համաշխարհային դարձած սփյուռքահայ գերաստղը և իր հայհոյանքների շնորհիվ «համազգային սիմվոլ» դարձած ՀՀԿ տատիկը:

Ֆիլմի հերոսը հասկանում է, որ մի բան այն չէ կատարվում իր հետ և ամեն ինչ անում է շտկելու համար իրավիճակը, սակայն ենթագիտակցությունը հաղթում է գիտակցությանը, քանի որ, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, նա իրեն արժանի չի համարում այն գեղեցկուհի կնոջը, որը հայտնվել էր իր կյանքում, և  նախընտրում է այն «ուռոդին», որի հետ հոգեհարազատ է զգում:

Մեր իշխանության վերնախավի մեծամասնության մոտ էլ նման հոգեբանական արգելք կա, որ նրանք չեն պատկերացնում գեղեցիկ Հայաստան, ու նրանց ենթագիտակցության մեջ թաքնված է տգեղ ու այլասերված Հայաստանը, որն ավելի հոգեհարազատ է, ու իրենք իրենց արժանի են համարում հենց այդ Հայաստանին, իսկ գեղեցիկը պատկերացնում են իրենցից դուրս կամ այլ երկրներում, բայց ոչ երբեք Հայաստանում:

Սակայն, ուշադիր լինելու դեպքում  հստակ երևում է, որ աշխարհի ամենագեղեցիկ երկիրը հենց Հայաստանն է, պարզապես դա հասկացողներ են պետք, ոչ թե նրանք, ովքեր Հայաստանը տգեղացնելով փորձում են այն հասցնել իրենց ներքին հոգեբանական վիճակին ու իրենց շրջապատում են միայն տգեղ երևույթներով, այլ նրանք, ովքեր իրենց արժանի են համարում այս հրաշագեղ երկրին ու կարողանում են գնահատել իրենց շրջապատած գեղեցկությունը:

Առաքել Սեմիրջյան