12.11.2016 15:52

Մաշկը, որի մեջ ես ապրում եմ

Մաշկը, որի մեջ ես ապրում եմ

Միշտ հեշտ չէ գրել այնպիսի բաների մասին, որոնք առնչվում են անմիջապես քեզ, դրա համար էլ այս ֆիլմը համ դժվար նայվում, համ էլ դժվար գրվում է: Տարաբնույթ զգացումներ ես ապրում ֆիլմի դիտման ընթացքում, չնայած նրան, որ Ալմոդովարը ամեն ինչ արել է, որ զզվանք չապրես, միևնույն է՝ դրանից էլ չի լինում խուսափել:

Մասնագիտական փորձից կարող եմ ասել, որ սուտ են այն պնդումները, թե «կարմիր կովը կաշին չի փոխի», դեռ ավելին՝ քո ձեռքում է գտնվում, թե ինչ գույն կտաս դու այդ կաշվին:  Էդ մենք  ենք ինքներս մեզ հույս տալիս, որ մաշկի գույնը անփոփոխ է, իսկ իրականում հենց մաշկի գույնն է փոփոխական, սակայն անփոփոխ են այն հյուլեները, որոնց  իր մեջ է առել մաշկը:

Կաշին ընդհանուր առմամբ շատ հետաքրքիր «օրգան» է, որն էլ ամենաշատն է առնչվում արտաքին աշխարհի հետ, մնացած օրգանները ստերիլիզացված`գրեթե շփում չեն ունենում արտաքին աշխարհի հետ, դրա համար էլ իրենց կարող են թույլ տալ չփոխվել:

Օբյեկտիվ լինելու համար պետք է նշել, որ հենց մաշկն է ընդունում այն բոլոր հարվածները, որոնք գալիս են դրսից, դրա համար էլ գույնը չփոխելու դեպքում «Աստված» գիտի, թե ինչ արհավիրքների կհանդիպի ընդհանուր մարմինը: Մաշկն է կլանում Արևի էներգիան, մաշկն է քրտնագեղձերի միջոցով դուրս մղում այն թույնն ու կեղտը, որոնք կուտակվում են մեր մարմիններում: 

Ու  չգիտես ում կողմից որոշված ու մեզ տրված մաշկի մեջ, որ մենք ապրում ենք, պետք է կարողանանք ինչ-որ կերպ պաշտպանել այն հյուլեն, որը վստահվել է մեզ, սակայն, դրա փոխարեն, մեր բոլոր մեղքերը գցում ենք մաշկի վրա ու շարունակում հյուլեն աղավաղել:

Պայմանական ասած՝ մաշկը մեր Հայրենիքն է, որի մեջ հյուլեների պես մենք ապրում ենք, ու մեր ապրելու ձևից է կախված, թե ինչպիսի Հայրենիք կունենանք: Մեր Հայրենիքն է իր վրա ընդունում բոլոր արտաքին հարվածները, մեր հայրենիքն է, որ չի թողնում, որ իր մեջ ապրող հյուլեներն իրենց անպաշտպան ու անմարմին զգան: Եվ մենք` հյուլեներս, փոխանակ մեր մաշկին փայլ տանք, ամեն կերպ այն սևացնում ու գորշ ենք դարձնում: 

Առանց մաշկի մարմինն անպաշտպան է, ու ցանկացած վիրուս կարող է ոչնչացնել ցանկացած մարմին, ինչքան էլ այն հզոր չթվա: 

Երբ մարդ արտագաղթում է, նա ինչքան էլ հիշի իր նախասկիզբը, միևնույն է՝ չի զգում այն կաշին, որի մեջ նախապես պատսպարված էր, չի կարողանում կլանել այն էներգիան, որը նախապես տրված էր, չի կարողանում գտնել իր տեղը օտար մարմնում, ինչքան էլ այդ օտարը ավելի մեծ ու գեղեցիկ լինի:

«Մաշկը, որի մեջ ես ապրում եմ» ֆիլմը հենց դա է ցանկանում ասել. որ ինչքան էլ փորձեն փոխել մարդու մաշկը և նույնիսկ սեռն ու ռասան, միևնույն է՝ այն հյուլեն, որ տրված է ի վերուստ, եթե չի փոխվել, հենց նա էլ կարող է վերականգնել սեփական մաշկը ու մաշկին տալ ամբողջական բնույթ:

Հա, սա էլ մասնագիտական փորձից` որպես «քերթողահայր-կաշեգործ» ասեմ, որպեսզի հրապարակախոսությունը շատ խոհափիլիսոփայական չդառնա, որ Հայաստանի անասունների կաշին համարվում է աշխարհում ամենալավերից՝ եթովպիականից հետո, ու դա պայմանավորված է ջերմային տարբերությամբ ու անասունների սննդով, որ ամառները Հայաստանում շատ տաք է, իսկ ձմեռները ցուրտ, դրա համար էլ կաշին էլաստիկ է դառնում, իսկ բնական սնունդն էլ կաշվին ապահովում է հյուսվածքների մեծ խտությամբ, և կարծում եմ՝ մարդու մաշկի դեպքում էլ հնարավոր է նույնը լինի:

Էնպես որ, ինչպես ասում են. «Ամեն ինչ չէ, որ կորած է»:

Առաքել Սեմիրջյան