14.11.2016 13:11

Մեռած պոետների ընկերություն

Մեռած պոետների ընկերություն

Ռոբին Ուիլյամսը ինքնատիպ դերասան է, ու համանուն ֆիլմում իր դերը՝ բացառիկ ճշգրտությամբ ընտրված: Արժե անդրադառնալ ոչ միայն ֆիլմին, այլ նաև գլխավոր դերասանին, որի ոչ միայն կյանքն էր ինքնատիպ, այլ նաև մահը:  Ռոբինը իր մահն ընտրեց ինքնասպանության եղանակով ու խառնվեց այն մահացած պոետներին, ովքեր մինչ իրեն ստեղծագործել ու հեռացել էին նույն ճանապարհով:

Ի տարբերություն իր  «գրական» եղբայրակիցների, որոնք «խենթության» հողի վրա էին ինքնասպան եղել, Ռոբինն իր պահվածքով «խենթ» չէր, ոչ էլ  ամեն օր ընկնում էր սկանդալային պատմությունների մեջ:

Նա ոչ էլ իր «գրչակից» ընկերների պես աղքատ ու սոված էր, այլ, ճիշտ հակառակը՝ միլիոնների մեջ լող էր տալիս ու միաժամանակ աջ ու ձախ չէր մսխում: Նրան իր մահացած «պոետ ընկերների» հետ կապում էր միայն մի բան՝ որ նա էլ էր ցանկանում քամել կյանքի ծուծքը ու բռնել այն ակնթարթը, որը հավիտենականությունից էլ անդին էր:

 Ինքնասպանությունից առաջ Ռոբինը երկտողը է թողել.

«Երբ մեռնեմ, պարեք իմ գերեզմանին, իսկ ծաղիկները ջրեք խմիչքով։ Արեք ինչ ուզում եք, միայն ինձ մի կլոնացրեք, իմ կլոնը երբեք ինձ նման չի լինի»:

 

Իսկ այժմ անդրադառնանք բուն ֆիլմին: Այն նկարագրում է բոլոր հասարակությունների մեջ եղած արատները`կապված անհատի ոչնչացման հետ, երբ հանուն կարիերայի և կեղծ արժեքների՝ մարդկանց ստիպում են զոհաբերել ոչ միայն իրենց զգացմունքները, այլ նաև երազանքները:

Սա է հիմնական շեշտադրումը. մարդուն ստիպում են սպանել սեփական երազանքը,  իբր՝ առանց երազանքի ավելի հեշտ է ապրել:

Հայաստանը չի տարբերվում աշխարհի մնացած հասարակություններից, ու այստեղ նույնպես ամեն քայլափոխի մարդուն ստիպում  են հրաժարվել իր երազանքներից: Ի տարբերութուն ամերիկյան հասարակության`Հայաստանում լրացուցիչ դրդապատճառներ էլ կան երազանքն սպանելու համար` սկսած սոցիալականից, վերջացրած տգիտության ավելի բարձր մակարդակով, սակայն կան նաև երազանքը պաշտպանելու լրացուցիչ մեխանիզմներ, որով հնարավոր է երկրում ապրել ու չհանձնվել երազանք չունեցողների քմահաճույքին:

Ցավոք սրտի՝ իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի երազանք ունեցող մարդիկ զուրկ լինեն դրանք իրագործեու հնարավորությունից: Ուսումնասիրելով գործող վերնախավի երիտասարդների նիստուկացը՝ կարող ենք հստակ ասել, որ ամբողջ վերնախավը բաղկացած է կարիերիստ ջահելներից, որոնց համար ամեն ինչ չոր հաշվարկ է, ու մարդկային փոխհարաբերություններն էլ կառուցված են շեֆ-ենթակա համագործակցության շրջանակներում: Լպրծուն ջահելների խմբաքանակը կարծես նույն շտամպով տպարանից դուրս եկած լինի, ու գրեթե անհնար է տարբերել մեկը մյուսից: 

Ֆիլմում ուսուցիչը կարողանում է իրեն վստահված դասարանում գրականության միջոցով երիտասարդների մեծ մասի մեջ արթնացնել երազանք ունենալու «իրավունքը» ու հանուն այդ երազանքի՝ այն պատրաստակամությունը, որով մարդ կարող է գնալ զոհաբերությունների:  

Մեր խնդիրն էլ պետք է լինի Հայաստանում մարդկանց ցույց տալ որ, իրական ապագա ունեցողները ու երկրի ապագայի մասին մտածողները հենց երազանք ունեցողներն են, կապ չունի՝ նրանք մի օր սոված են, մի օր կուշտ, կապ չունի՝ նրանք հնարավորություն ունե՞ն, թե՞ ընդհանրապես բանտերում փտում են: Միևնույն է, երազանք ունեցողն է երկիրն առաջ տանողը: Իսկ լպրծուններն ինչքան էլ հարուստ ու ազդեցիկ լինեն, միևնույն է, շեֆի մի դոմփոցից ու քմահաճույքից կարող են անմիջապես ոչնչանալ որպես անհատ, կամ էլ ունեցվածքն ու պաշտոնը չկորցնելու վախից պատրաստ են անել այն ամենը, ինչ իրենց կհրամայեն տարբեր ժամանակների այս կամ այն շեֆերը:

 

Առաքել Սեմիրջյան