16.11.2016 13:47

Բլեֆ

Բլեֆ

Անցնենք կինոյի «դասականներին», որոնք էլ ներկայացվում են իտալական դպրոցի արժանի ժառանգ «Բլեֆ» կինոնկարի ուսումնասիրության տեսքով:

Ընդհանրապես կինոյի հումորային ժանրում իտալացիներին հավասարը չկա, ու այդ հումորը ոչ թե «անգլոսաքսոնական» Միսթր Բինի ու Բենի Հիլի մակարդակի վրա է դրված, այլ իր մեջ պարունակում է բազմաթիվ շերտեր ու խաղում է խոհափիլիսոփայության ամենանուրբ լարերի վրա:

Բլեֆը «ռոբինհուդյան» սցենարի արտահայտչաձևերից մեկն է, երբ «ազնիվ» ավազակները թալանում են հարուստներին, սակայն, ի տարբերություն Ռոբին Հուդի, այդ թալանածը ոչ թե բաժանում են աղքատներին, այլ պահում են իրենց:

Եթե արդեն դրան հասավ, պետք է ասեմ, որ ի տարբերություն մեր իշխանությունների էլ՝ Բլեֆ-ի հերոսները կրեատիվ են ու էսթետ, իսկ իրենց ավազակություններն էլ անում են մեծ հնարամտությամբ ու վարպետությամբ:

Հերիք է հիշել արդեն դասական դարձած այն ասացվածքները, որոնք տվել է «մարդկությանը» այս ֆիլմը. «Եթե բլեֆ ես անում, բլեֆ արա մինչև վերջ», «Ամեն մեկը բլեֆում է յուրովի», «Ով բլեֆ չի անում չի խմում շամպայն»... Կարող եմ այսպես  տասնյակ «շեդևրներ» հիշել, իսկ երբ բլեֆչիների քունքերին զենք է պահվում, նրանք անմիջապես ասում են. «Մեզ միշտ համոզել են հիմնավոր առաջարկները»:

Մեր իշխանություններն էլ են հիմնավոր առաջարկներ ներկայացնում մեր ժողովրդին, ու այդ հիմնավոր փաստարկներն էլ  մեզ «համոզում են», որ մեր աշխատանքով ու 100 կամ 1000, կամ 10000 օդի ու չգիտեմ ինչի փող հավաքելով՝ մեր տնտեսությունը կվերականգնվի, ու մենք կսկսենք ավելի լավ ապրել:

Սակայն, այս ֆիլմի ամենամեծ բլեֆը կատարում են այն ժամանակ, երբ գորտերով լիքը մի ճահիճ են գտնում ու որպես պատմամշակութային արժեք, թե իբր այդ ճահճի ընդերքում լիքը թաքնված գանձեր կան, այդ տարածքը վաճառում են մեկ այլ «օլիգարխի» (համարյա Կճոյանի ու Տիգրան Սարգսյանի օպերացիան՝ ուղղված Հայրապետյան եղբայրներին, երբ աֆրիկյան ոսկու հանքերը վաճառվեցին Փայլակ Հայրապետյանին, իսկ հետո պարզվեց, որ այնտեղ կավից ու ավազից բացի՝ ոչինչ չկար):

Ինչևիցե, երբ մի բլեֆչի Էնթընի Քուինը բերում է նշված հողատարածքը ցույց տալու իր գործընկեր մյուս բլեֆչի Չելենտանոյին, սկզբից Չելենտանոն չի հասկանում, թե ինչ օպերացիա է նախատեսել իր գործընկերն ու անկեղծորեն կատակում է, թե չլինի՞ պլանավորել է այդ ճահճուտում կառուցել գորտերի պահածոյացման գործարան, բայց երբ ծանոթանում է «գործընկերոջ» պլաններին, հասկանում է, որ նա ավելի մասշտաբային է մտածել, քան պարզապես «պահածոների գործարանի կառուցումը»:

Երբ հեռուստատեսությամբ մեր հերթական կառավարությունը հերթական ծրագիրն է ներկայացնում, ես միշտ հույս ունեմ, որ հնարավոր է նրանք ավելի մեծ «ավանտյուրա» են նախատեսել, քան ինչ ներկայացվում է, սակայն, համարյա միշտ պարզվում է, որ նրանց բլեֆը չի անցնում «գորտերի պահածոյացման գործարան կառուցելուց».  Էլ նոր Ատոմակայան, Էլ Իրանի գազամուղ, էլ Սփյուռքից միլիարդավոր դոլարներ, էլ Հյուսիս-հարավ ավտոճանապարհ, էլ «ազգ-բանակ» պետություն..., սակայն վերջում՝ կրկին ու կրկին գորտերի պայածոյացման գործարան:

Տղեք ջան, ախր ձեզ մոտ բլեֆ էլ չի ստացվում, ձեզ մոտ ամենալավը՝ ինչ ստացվում է, պարզապես բյուջեի փողերը թալանելն է, իսկ բլեֆ անելու համար նախ բավարար հնարամտություն է պետք, երկրորդը` անսահման հումոր:

Առաքել Սեմիրջյան