21.11.2016 17:34

Հեռախոսային խցիկ

Հեռախոսային խցիկ

Համանուն ֆիլմը պատկանում է ամերիկյան էքշըն տեսակի ֆիլմերի այն դասին, երբ ձևը դարձվում է բովանդակություն, իսկ վերջում էլ ընդհանրապես մոռանում ես բովանդակության մասին և ամբողջությամբ տրվում ձևին: Փիլիսոփայական կատեգորիաներից ինձ միշտ հետաքրքրել է ձևի ու բովանդակության միախառնումը, սակայն, ավելի շատ՝ դրանց տարբերակումը:

Ֆիլմի բովանդակությունն այն է, թե ինչպես մի մոլագար իր հերթական ահաբեկչական ակտն է կատարում, սակայն ձևն ընտրված է լրատվամիջոցների ներկայությամբ ու հեռախոսային խցիկի մեջ: Դիպուկահար ահաբեկիչը մարդուն պատանդ է վերցնում հեռախոսային խցիկի մեջ, սակայն, ոչ թե անմիջական ֆիզիկական շփում ունենալով զոհի հետ, այլ հեռվից հեռախոսի միջոցով ղեկավարելով իր գործողությունները: Ֆիլմի վերջում ընդհանրապես մոռանում ես «բովանդակության» մասին ու սկսում ես մտածել այն հեռախոսախցիկի մասին, որի վրա էլ կառուցված է ամբողջ ֆիլմը:

Սերժ Սարգսյանը՝ ռուսական հեռուստակայանի ամենաազդեցիկ լրագրողներից մեկին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձավ բազմաթիվ կարևորագույն հարցերի, սակայն, դրանք ընդհանրապես մոռացության մատնվեցին՝ ինչպես նոր կառավարության նշանակումը, պատերազմի հավանականությունը, Հայաստանի կողմից որոշ շրջանների հանձնման պատրաստակամությունը, երկրի տնտեսության վիճակը և այլ կարևոր հարցեր,  ու հիմնական շեշտը դրվեց այն մտքի վրա, թե ինչպես մի հեռախոսային կամուրջ ստեղծվի Ալիևի և իր միջև:

 Դեռ հղում էլ արվեց, որ 90-ին այդպիսի փորձ եղել է, որն օգնել է երկու պետություններին՝ որոշակի իրավիճակներում արագ լուծումներ գտնել:  Այստեղ ընդհանրապես մոռացվեց բովանդակության մասին, ու ընկանք ձևի հետևից՝ քննարկելով, թե ինչ «հեռախոսային խցիկից» են իրար զանգահարելու:

Հարցն այն է, որ եթե ահաբեկիչը որոշել է կատարել իր սև գործը, նրա համար կապ չունի Նյու Յորքի որ «հեռախոսախցիկը» կընտրվի, և մեծ հաշվով՝ նրան զոհերի ինքնությունն էլ չի հետաքրքրում, նրա համար կարևորն ահաբեկչական ակտն է, իսկ ձևն ընտրված է հեռախոսախցիկի միջոցով:

Պարզ ասած, մարդկանց ուշադրությունը շեղվում է բուն ահաբեկությունից, ու շեշտը դրվում է ձևի` «հեռախոսագծի» վրա:

Մի բան մոռացվում է, որ 90-ականներին Ադրբեջանը ցանկանում էր խոսել մեզ հետ ոչ թե այն պատճառով, որ հեռախոս ուներ, իսկ հիմա չունի, այլ որովհետև խոսելու բան ուներ, և այդ խոսելու բանը կապված էր նրա հետ, որ ոչ միայն, պայմանական ասած՝ նրանք էին կրակում այլ նաև՝ մենք:

 Իսկ այժմ այդ հեռախոսի խցիկը անհրաժեշտ է միայն մեզ, որպեսզի, ինչպես Սերժ Սարգսյանն է ասում՝ կրակելու դեպքում զանգի ու Հեյդարի տղային ասի՝ «ստրելյայուտ»: Թե՞ Հեյդարի տղան չգիտի, որ «ստրելյայուտ» ու անպայման պետք է Սերժ Սարգսյանից տեղեկանա դրա մասին։ Նե դումայու, ինչպես «սավպաձենիա»-ից հետո կասեր հարցազրույց վերցնողը:

Սակայն, ֆիլմում սարսափելին այն է, որ զոհն ընդհանրապես «անզոր» է ներկայանում ու չգիտի, թե որ պատուհանից իր վրա կկրակեն: Նա չունի ոչ մի պաշտպանական ռեսուրս, ինչպես նաև ինքն իրեն պաշտպանելու մեխանիզմ, ու իր կարծիքով՝ իր միակ փրկությունը հեռախոսով խոսելն է: Ու ընդհանրապես ամբողջ 2 ժամ ֆիլմի հերոսները հեռախոսով խոսում են, իսկ վերջում կրկին մնում է այն հարցը, թե երբ ու որտեղ կկայանա հաջորդ ահաբեկությունը:

Առաքել Սեմիրջյան