23.11.2016 16:21

Սին Քաղաք

Սին Քաղաք

Սին բառը այն եզակի բառերից է, որը գրեթե համընկնում է անգլերեն «Sin» բառի հետ: Այն, իհարկե, հայերեն Սին բառի ուղղակի իմաստը չունի, ոչ էլ Սին-ի ուղիղ հոմանիշն է, (ինչպես՝ սնոտի, փուչ, դատարկ, սնամեջ, ունայն, պարապ, նանիր բառերը), սակայն քանի որ այս բոլոր հոմանիշները ինչպես ամբողջական, այնպես էլ` առանձին-առանձին վերցրած մեղքեր են, ապա կարելի է համարել, որ հայերեն Սինն ու անգլերեն «Sin»-ը միևնույն իմաստն ունեն` «Մեղք»:

«Մեղքերի քաղաք՝ Sin City»  ֆիլմը ոչ միայն իր գաղափարով, այլ նաև իր գունային-անգունությամբ այնպիսի տպավորություն է թողնում հանդիսատեսի վրա, որ այն հնարավոր չի լինում խառնել մեկ այլ ֆիլմի հետ: 

Գլխավոր հերոսը, ում ֆիլմում ներկայացնում է Միկի Ռուրկը, ինքն է ամբողջությամբ մեղքերի մեջ թաղված, ու առաջին հայացքից «ո՞ւր մնաց քաղաքն ազատի մեղքերից», սակայն ֆիլմը այնպես է նկարահանված, որ նույնիսկ մեղքերի մեջ թաթախված մարդը, եթե հանդիպում է ավելի մեծ «մեղսագործի», կարող է իր «սուրբ առաքելությունը» մինչև վերջ հասցնել ավարտին ու դառնալ «Մեղքերի քաղաքի» «ամենաազնիվ քաղաքացին»` քաղաքը ազատագրելով ավելի մեծ մեղքից:

Մեկ նախադասություն, որի վրա էլ կառուցվեծ է նշված  ֆիլմը` «Դժոխքն այն չէ, երբ մարդիկ իրար հոշոտում են, դժոխքն այն է, երբ ՄԱՐԴ ՉԳԻՏԻ ՀԱՆՈՒՆ ԻՆՉԻ Է ԱՊՐՈՒՄ»: Այս հանուն ինչից հետո էլ տեղափոխվենք մեր «Սին քաղաք» ու քննարկենք, թե մեր երկրի իշխանավորները հանուն ինչի են ապրում:

Շաբաթ օրը ի թիվս այլ բլոգերների ու հրապարակախոսների, հրավիրվել էի նորանշանակ վարչապետի մոտ ու միակ հարցը, որ ներկայացրի վարչապետին, որպեսզի նա ցույց տա այն տեսլականը, կամ ֆիլմի սցենարով ասած այն «Հանունը», ինչի համար կարելի է ապրել ու պայքարել այս երկրում:

Ես ցանկանում եմ այս երկրում ունենալ այնպիսի իշխանավորներ, ովքեր ունեն մեր պետության զարգացման տեսլականը ու հավատում են մեր երկրի ապագային: 

Իմ երկրին պետք են այնպիսի նախարարներ, ովքեր ոչ միայն արհեստավարժ կլինեն, այլ նաև կհավատան իրենց ծրագրերին ու ասածներին, իմ երկրին պետք են մարդիկ, ովքեր կապրեն «Հանուն վեհ գաղափարների», իսկ եթե նույնիսկ այդ «վեհը» չարիքի ոչնչացումն է, ես պատրաստ եմ այդ մարդկանց հավատալ և կանգնել նրանց կողքին: 

Իսկ եթե մարդիկ չունեն այդ «վեհը» ու մեղքերի մեջ թաթախված տապակվում են կերակրատաշտին ավելի մոտ գտնվելու համար, ապա այդ դեպքում ուշ թե շուտ կգտնվի այն Միկի Ռուրկը, ով, իհարկե, անմեղ չի լինի ու հնարավոր է` նաև շատ գարշելի կլինի, սակայն մեծ կեղտից ազատվելու համար մարդիկ կնախընտրեն համեմատաբար ավելի փոքր մեղավորին, ով գոնե ապրում է հանուն ինչ-որ գաղափարի ու կկանգնեն հենց նրա կողքին:

 

Առաքել Սեմիրջյան