24.11.2016 22:35

Ժողովուրդն ընդդեմ Լարի Ֆլինթի

Ժողովուրդն ընդդեմ Լարի Ֆլինթի

Այս ֆիլմը կենսագրական ֆիլմ է, որը նկարագրում է համաշխարհային համբավ ունեցող «Հասթլեր» պոռնոամսագրի ստեղծող Լարի Ֆլինթի կյանքի պատմությունը:  

Միայն այս երկու տողերը կարդացողը կմտածի, թե ի՞նչ պատմություն է որ՝  մի «դրախտային կյանք»՝ լցված բազմապիսի աղջիկներով ու արկածներով, սակայն իրականում դա մի կյանքի պատմություն է լցված պայքարով ու անհամար դժբախտություններով: 

Ֆիլմը նկարագրում է, թե մարդը ինչպես է միայնակ պայքարում ԱՄՆ-ի պես ազատ, բայց միաժամանակ պահպանողական հասարակության դեմ ու կանգնելով իր սկզբունքների վրա` կոտրում բազմաթիվ ու բազմապիսի կարծրատիպեր: Է՛լ դատական քաշքշուկներ, է՛լ բանտարկություններ, է՛լ մահափորձ, է՛լ հաշմանդամություն, է՛լ անթիվ ու անհամար դավաճանություններ, սակայն մարդը կրկին ու կրկին չի հրաժարվում իր սկանդալային կյանքից ու չի նախընտրում «տաքուկ կյանքը» անվերջ կռիվներից:

Ինչո՞ւ հիշեցի այս ֆիլմի մասին, որովհետև համացանցում հայտնվեց Շպրոտի նոր հոլովակը «Կտրիճ Դավոյի» մոտիվներով, որտեղ այդ աղջիկն էլ է ձեռնոց նետում ամբողջ հայ «ավանդապաշտ» հասարակությանը, որ հնարավոր է «Կտրիճ Դավոն» ոչ թե օջախում պահած ու մեծացած կուլտուրական տղա է, այլ սեքսի վրա շեղված ու մինչև կյանքի վերջը սեքսուալ հաճույքներից չհրաժարվող տղա: Իհարկե, Շպրոտը հեռու է Լարի Ֆլինթ լինելուց, սակայն մեր երկրի մասշտաբներից ու մեր ավանդույթների կարծրացածությունից ելնելով` կարելի է նրան էլ պայմանական Լարի Ֆլինթ անվանել:

Հերիք է մի թեթև ուսումնասիրել Շպրոտի կյանքի դրվագները հասկանալու համար, որ նա այն պրիմիտիվ էակը չէ, ում փորձում են ներկայացնել հայկական «պատասխանատու լրատվամիջոցները», այլ սկսած իր ընտանիքի անդամների Արցախյան պատերազմին մասնակցելուց, վերջացրած իր պայքարի ոգով, նա շատ ավելի մտահոգ է մեր երկրի ապագայով, քան նրանք, ովքեր չալմաները հագած կեղծ բարոյականություն են քարոզում:

Իհարկե, լավ կլիներ, որ Շպրոտը արտագաղթած չլիներ ու Հայաստանում մնալով նույն կերպ պայքարեր կարծրատիպերի դեմ ու մենք էլ հնարավորություն ունենայինք ավելի շատ հեռուստատեսությամբ կամ միտինգների ժամանակ տեսնել նրա բոտեքս արած կրծքերն ու շրթունքները, սակայն համացանցային դարում, այդ հարցն էլ է մասամբ լուծվել:

Ֆիլմի հերոսը իրականում սեքսուալ հեղափոխություն իրականացրեց ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ` աշխարհի մի շարք այլ երկրներում ու եթե հարցին ավելի խորքային ես նայում, ամեն ինչ հենց սեքսուալ հեղափոխությունից էլ սկսվում է ու սեռական կյանքի սխալ ընկալումն էլ է իր դերը խաղում, որպեսզի մեր հասարակությունը այսքան այլասերված լինի:

Հերիք է միայն թվարկել մի քանի փաստ, որպեսզի հասկացվի, թե ինչքան է մեզ հարկավոր սեքսուալ կարծրատիպերի կոտրում, սկսած նրանից, որ հարյուրավոր առողջ տղամարդ վարդապետներ չեն ամուսնանում, վերջացրած այն հանգամանքով, որ հասարակության մեջ կնոջը դավաճանող տղամարդը հասարակական պարսավանքի չի ենթարկվում, իսկ տղամարդուն դավաճանած կինը անվանակվում է ամենավերջին խոսքերով, այն էլ, երբ տղամարդկանց կեսը մի քանի տարով գտնվում է խոպանում, որ տղամարդու համար պատիվ է մինչև ամուսնանալը կույս չլինելը, իսկ կնոջ համար խայտառակություն, որ վեներական հիվանդություններով վարակվելը հավասարազոր է ազգի դավաճանության ու կինը, որ անհամբեր սպասում է մի 8 տարի արտերկրում կորած ու մի շաբաթող Հայաստան վերադարձած իր ամուսնուն, մեռնելուց հետո էլ  չի ջոգում, թե ինքը որտեղից ՍՊԻԴ-ով վարակվեց, որ գինեկոլոգի մոտ տարին մեկ անգամ ստուգվելը համարվում է ազգային ամոթ, որ երեխաների հետ իրենց աշխարհ գալու ձևի մասին խոսելը համարվում է տաբու ու էդպես էլ արագիլների կողմից բերված ու Կաղամբի մեջ  պատսպարված էլ ապրում ենք մի երկրում, որտեղ Կտրիճ Դավոները որևէ անձնական կյանքի իրավունք չունեն ու չեն կարող գոնե իրենց կյանքի մայրամուտին շամպայնով ու մերկ աղջիկներով օրգիաներ կազմակերպել ու հայտարարել, որ ախպրտինք ջան, յան տվեք ձեր արագիլներով ու քյալամներով, ինձ իմ սուփրեն փռած խաշ խորովածն էլ է հերիք:

Առաքել Սեմիրջյան