28.11.2016 18:23

Գանձեր որոնողները

Գանձեր որոնողները

1967 թվականին  նկարահանված այս ֆիլմը ֆրանսիական կինոյի այն գոհարներից է, որով էլ մի առանձին կինոմշակույթ է ձևավորվում, երբ ֆիլմի  երաժշտությունն ու բուն ֆիլմը դառնում են մի ամբողջականություն և ունենալով առանձին կյանքեր` նրանց հնարավոր էլ չի լինում միմյանցից բաժանել:

Ընդհանրապես, կինոյում բարձրարժեք երաժշտությունը մի առանձին որակ է տալիս ֆիլմին, և սխալված չեմ լինի, եթե նշեմ, որ եվրոպական՝ մասնավորապես ֆրանսիական ու իտալական ֆիլմերն են հատկապես փայլում իրենց ֆիլմերի երաժշտական արվեստով, իսկ ամերիկացիները միայն վերջերս են սկսել «գնահատել» մշակույթի այդ ձևը, այն էլ մուլտֆիլմերում հրաշալի երաժշտական ստեղծագործություններ ներկայացնելով:

Խոսքը ոչ թե ֆիլմերում հնչող առանձին երաժշտական դրվագների մասին է, այլ ամբողջ ֆիլմի ընթացքում երաժշտական զուգորդության մասին, որ կարմիր թելի նման անցնում է ֆիլմի միջով: Անդրադառնալով հայկական կինոյին` պետք է նշեմ, որ Մանսուրյանն է այն յուրահատուկ կոմպոզիտորը, որի առանձին գործեր կարծես հենց միայն կոնկրետ ֆիլմի համար գրված լինեն, ու դժվար է դրանք առանց տվյալ ֆիլմի պատկերացնելը, ոչ էլ տվյալ ֆիլմը՝ առանց այդ ստեղծագործության:

Շատ տրվեցի արվեստին, մոռանալով, որ ֆիլմում կա նաև հետաքրքիր սյուժե, որին արժե անդրադառնալ:  Ծեծված թեմա է, թե մարդիկ ինչպես են ամբողջ կյանքում «գանձեր» որոնում, ու այդ ընթացքում ընկերներից մի քանիսը մահանում են կամ ընկերներից մեկը մյուսին «գանձերի» համար դավաճանում է, եւ նրանք օտարվում են, սակայն ես դրան չեմ ուզում անդրադառնալ, այլ մի երևույթի, որն արվեստում գրեթե անտեսվել է:

Ֆիլմում մի դրվագ կա, երբ ընկերներից մեկին տանջում են ու ստիպում, որ մատնի իր ընկերներին. նա ի վերջո մատնում է, սակայն մինչև մատնելն իրեն այնպես է պահում, որ ընկերներն իրենից հիասթափվեն ու չվստահեն, դրանով իսկ փրկելով նրանց: Նա ինքնազոհողության միջոցով վերցնում է իր վրա «դավաճանի խարանը», սակայն ընկերներին հասկացնում է, որ նրանց վտանգ է սպառնում: Միայն նրա մահանալուց հետո են ընկերները հասկանում, որ նա դավաճան չէր, այլ պարտադրանքից ելնելով էր մատնել:

Ակամայից հիշեցի Չարենցի տողերն ուղղված Բակունցին.

Այս ամենի համար, օ՜, խեղճ իմ բարեկամ
Ես քեզ օրհնում եմ արդ իմ անաղարտ երգով…
Այս ամենի համար, - եւ քո եղերական
Տառապանքի համար, որ արդ կրկին
Վեհություն է խառնում քո անաղարտ երգին -
Ես քեզ պարզում եմ ձեռք եղբայրական…
Եվ ներբողում եմ քեզ ահա կրկին անեղծ
Իմ շրթերով, ինչպես օրեր առաջ, -
Երբ դեռ դու ա՛յր էիր մի անարատ,
Եվ ես ընկերն էի քո բանաստեղծ…

Ֆիլմում էլ են մատնության զոհերը հասկանում, որ իրենց ընկերն իրականում իրենց «չի դավաճանել», այլ որ այդ ամենն արել է իրենց փրկելու ու իրենց օգնելու համար, այն էլ՝ տանջանքներին ու տառապանքներին չդիմանալով:

Վերադառնալով մեր իրականություն, երբ ամեն քայլափոխի դավաճանություն ու ստորաքարշություն է, ակամայից ուզում ես հավատալ, որ  այն մարդիկ, ում հարազատ ես ընդունել, իսկ հետագայում նրանք սրիկա են դուրս եկել, այդ ամենն արել են քեզ «փրկելու» համար, այն էլ՝ այս կամ այն ուժերի ճնշման ներքո, սակայն երբ տեսնում ես, որ այդպես չէ, ամեն ինչ ավելի հանգիստ է տարվում, ու էլ պետք չի լինում Չարենցի նման նստել ու տանջվել «ընկերոջդ» տառապանքների համար, ոչ էլ պետք է ֆիլմի հերոսների նման կռվել ու զոհվել մինչև վերջ՝ ապացուցելու համար, որ քո ընկերն ինչ արել է՝ «ազնիվ» մղումներից ելնելով է արել:

Առաքել Սեմիրջյան