30.11.2016 16:24

Մյունխեն

Մյունխեն

Այս ֆիլմը իմ տեսած Սթիվեն Սփիլբերգի նկարահանած վատագույն ֆիլմն է, կարելի է ասել՝ իրարամերժ ու հակասական մի ախմախություն, սակայն զուտ նման ֆիլմ նկարահանելու գաղափարն ինքնին հրաշալի է:

Ընդհանրապես հրեաներն իրենց մասին Հոլիվուդում այնքան ֆիլմ են նկարել, որ հնարավոր էլ չէ Հոլիվուդը պատկերացնել առանց Հոլոքոսթի, ու երբ համեմատում ես հայերի հետ՝ մենք որևէ համաշխարհային նշանակության ֆիլմ չենք նկարել, որը կգրավեր աշխարհի բոլոր կինոթատրոնները ու որևէ կերպ դրամահավաք կապահովեր տվյալ ֆիլմի համար: Ոչ էլ որևէ հայկական կամ հայերի մասին ֆիլմ է ներկայացվել  համաշխարհային մրցանակաբաշխության լուրջ տեղերի հավակնող, սակայն դա չի նշանակում, որ մեր ֆիլմերը շատ վատն են իրենց գեղագիտությամբ, պարզապես մասշտաբների առումով դրանք չեն ձգում համաշխարհայինի:

Ունենալով բազմամիլիոնանոց Սփյուռք՝ մենք պարտավոր ենք ունենալ համաշխարհային կինոյի ստանդարտներին համապատասխանող գոնե մի քանի ֆիլմ, բայց դա լրիվ այլ թեմա է, իսկ այս նյութը վերաբերում է «Մյունխեն» ֆիլմին:

Գաղափարը հետաքրքիր է այնքանով, որ այս մի ֆիլմը Հոլոքոսթի մասին չէ, այլ հրեաներին վերաբերող մեկ այլ իրադարձության` Մյունխենի օլիմպիադայի ժամանակ արաբ ահաբեկիչների կողմից հրեա մարզիկների սպանության մասին, և թե դրանից հետո ինչպես Իսրայելի իշխանությունները որոշեցին Մոսադի միջոցով ոչնչացնել բոլոր այն ահաբեկիչներին, որոնք այս կամ այն կերպ առնչություն ունեին  Մյունխենյան ահաբեկության հետ, դեռ ձեռքի հետ էլ մի քանի տասնյակ մարդ ավելի ոչնչացվեց:

Դե, կարելի է մտածել, որ այդպիսի ահաբեկությունն ինչ է, որ ամեն օր մի քանի անգամ կատարվում է աշխարհի այս կամ այն ծայրում, սակայն Իսրայել պետության համար այն իրապես մեծ նշանակություն ուներ, որովհետև դա պետության «թասիբի» խնդիրն էր, որ իր քաղաքացիների նկատմամբ որևէ ոտնձգություն ենթակա է ավելի դաժան պատասխանի:

Եթե նույն սյուժեն տեղափոխում ես Հայոց Ցեղասպանության թեմային, ապա պետք է նշեմ, որ որևէ լուրջ ֆիլմ կամ գեղարվեստական գործ չի ստեղծվել ոչ միայն բուն ցեղասպանության թեմայով, այլ նաև Թեհլերյանի կատարած պատժիչ գործողության, ինչպես նաև ԱՍԱԼԱՅԻ պատժիչ գործողությունների մասին:

Այստեղ տարբերությունն այն է, որ Մյունխենի դեպքում Իսրայել պետությունն է կանգնում ահաբեկիչներին ոչնչացնող «սեփական» ահաբեկիչների կողքին, իսկ ԱՍԱԼԱ-ի դեպքում դեռևս Անկախ Հայաստան չկար, և դա սփյուռքահայերի կողմից ինքնակազմակերպված մի կառույց էր, որը աշխարհին հիշեցրեց հայոց ցեղասպանության և ահաբեկությանը ահաբեկությամբ պատասխանելու պատրաստականության մասին:

Վերադառնալով Անկախ Հայաստանի պատմությանն ասեմ, որ քաղաքացիները ոչ իրենց երկրի ներսում են իրենց իրապես պաշտպանված զգում, ոչ էլ առավել ևս արտերկրում, ու խոսքը ոչ միայն Սաֆարովին անպատիժ թողնելու մասին է, այլև որ ցանկացած օտարերկրյա սերժանտ կամ «պրապըրշիկ» կարող է մեր երկրի քաղաքացուն փողոցում կանգնեցնել ու փաստաթղթերը ստուգելու պատրվակով նրանից փող գանձել:

Հիմա չեմ հասկանում՝ Օսեթիան, Կաբարդինիան կամ Դաղստանը Ռուսաստանի կազմի մեջ չե՞ն, որ մի ոստիկան կարող է կանգնեցնել հայկական պետհամարանիշով ավտոմեքենաներ և մարդկանց մի քանի ժամ ցրտին կամ տաքին դուրսը պահելով փող գանձեն:

Եթե «թասիբ» ունեցող պետություն լինեինք, մենք առաջին իսկ այդպիսի դեպքից հետո նոտա կուղարկեինք Ռուսաստանի իշխանություններին, որպեսզի նրանք միջոցներ ձեռնարկեին ՀՀ քաղաքացիների անխափան տեղաշարժվելու իրավունքը ապահովելու համար:

Տեսնու՞մ եք, Մյունխենից հասանք Լարս, ու դրանից թեմայի իմաստը չփոխվեց, որ ցանկացած քաղաքացի պետք է վստահ լինի, որ իր մեջքին  սեփական պետությունը կանգնած է:

Ֆիլմի հակասականությունն այն է, որ ցույց է տրվում իբր ահաբեկիչներին ոչնչացնող Իսրայելի հատուկ ծառայություններից իբր ազատված լիկվիդատորները համ կատարում են սպանություններ, համ էլ իրենք իրենցով ահաբեկիչների մասին տեղեկություններ են հավաքում, բայց իրականում այդ տեղեկությունները ոչ թե «լիկվիդատորներն» են իրենք իրենցով հավաքում, այլ Իսրայել պետությունն է իր սփյուռքի ու հատուկ ծառայությունների միջոցով հայթայթում ու տրամադրում լիկվիդատորներին: Այստեղ խոսքը պետության, մարդկանց մեջքին կանգնելու ու աշխատանքները կոորդինացնելու մեջ է, ոչ թե զուտ պատժիչ գործողության, ու եթե մեր պետությունում էլ գտնվեն երկրի «թասիբի» մասին մտածող մարդիկ, հաստատ այլ պետություններում էլ մեր քաղաքացիները լրիվ այլ կերպ իրենց կզգան:

Առաքել Սեմիրջյան