01.12.2016 13:53

«7»

«7»

Մորգան Ֆրիմանի ու Բրեդ Փիթի հրաշալի կատարմամբ այս ֆիլմը նկարագրում է, թե ինչպես մոլագարն իրեն դնում «Երկնային դատավորի» տեղ ու սկսում սպանություններ իրականացնել մարդկային յոթ մեղքերի համար:  Նրա համար բոլոր «մեղավորների»  դատավճիռը  մահն է, ու ամեն մի «դատավճիռ» իրականացնելուց հետո մոլագարը  նշան է թողնում կոնկրետ տվյալ մեղքի համար, որպեսզի դետեկտիվները հատիկ առ հատիկ կարողանան հավաքել հանցագործության ընդհանուր պատկերը:  Թվարկելով «յոթ» մահացու մեղքերը, չի մոռացվում նաև այն մեղքը, որով մոլագարությամբ փորձում է իրեն հայտնաբերել երիտասարդ դետեկտիվը։

▪ հպարտություն          
▪ նախանձ                     
▪ բարկություն              
▪ ծուլություն                
▪ ագահություն             
▪ որկրամոլություն     
▪ բղջախոհություն       

 Ահա այն 7 մահացու մեղքերը, որոնք մարդուն տանում են դժոխք, ու ֆիլմի չար հերոսը փորձում է, հենց սրանք մատնանշելով, ցույց տալ, թե ինչպիսի «մեղավոր» աշխարհում ենք մենք ապրում: 

Եթե ավելի խորն ես նայում այս մեղքերին, հասկանում ես, որ յուրաքանչյուրիս մեջ էլ դրանցից որոշ տոկոսով կա, բայց հարցն էլ այն է, թե որ տոկոսի դեպքում է այն իրական «վտանգ» ներկայացնում  կամ ով է այն «դատավորը», որը մեզ պետք է դատի մեր մեջ եղած մարդկային այս հատկանիշների համար: Եթե ավելի ես խորանում, հասկանում ես, որ հարցը ոչ էլ տոկոսների մեջ է, հարցը ինքնարդարացման ու ուրիշի մեղքերի միջոցով սեփական արատները քողարկելու մեջ է, իսկ այդ ճանապարհին ինքն իրեն ամեն ձևով արդարացնել ցանկացող մարդը կարող է ամեն ինչի էլ գնալ:

Ինչի հիշեցի այս 7 մեղքերի մասին. դրա պատճառը, թերևս, Սերժ Սարգսյանի ՀՀԿ համագումարին արտասանած այն 7 «պատվիրաններն» էին, որոնցով էլ տեսնվում էր, թե ինչ պետք է արվի, որպեսզի «երկիրը երկիր դառնա»:

Կամ էլ այն 7 ազատագրված շրջանների մասին մտորումներն էին, որոնց մասին կրկին խոսեց Սերժ Սարգսյանը,  թե մեր որ 7 մեղքերի համար դրանք պետք է հանձնվեն Ադրբեջանին, կամ էլ չհանձնվելու դեպքում՝ ինչպիսի մեղքեր պետք է չգործենք, որպեսզի այնտեղ մարդիկ սկսեն ապրել, ու այդ տարածքները ինչ-որ կերպ «կյանք» ստանան:

Երբ նայում ես 7 մահացու մեղքեր «չանելուն», հասկանում ես, որ խնդիրը շատ պարզ է, պարզապես ամեն մեղքի կա մի հակամեղք, որով պահվում է երկնային այն բալանսը, որով կարելի է շարժվել ու ապրել.

  1. խոնարհություն
     2. եղբայրասիրություն
     3. հեզություն
     4. աշխատասիրություն
     5. ողորմածություն
     6. ժուժկալություն

7 ողջախոհություն

Մեկ էլ նայենք, թե ՀՀԿ համագումարին այս «հակամեղքերից» որ մեկն էր առկա, ու ամեն ինչ իր տեղը կընկնի, թե ինչու ենք մենք հիմա այս օրին, ու ինչ է մեզ սպասվում ապագայում: 

Առաքել Սեմիրջյան