14.02.2017 10:00

Hotel Rwanda

Hotel Rwanda

Այս վերնագրով սկսում եմ հոդվածաշար, որով փորձելու եմ զուգահեռներ անցկացնել Աֆրիկայում և մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների միջև, և զարմանալիորեն ամեն մեկս մեզ համար կբացահայտի, եթե, իհարկե, դեռ չի բացահայտել, որ ինչքան էլ մենք տարբեր «աշխարհներում» գտնվենք, որքան նմանություն կա աշխարհում տեղի ունեցող գործընթացների միջև, և որքան մենք տեղյակ չենք մեկմեկու մասին:

Եթե հարցերին քո միջից ես նայում, դրանք այդքան էլ տեսանելի չեն, իսկ երբ այն դիտում ես որպես քեզանից հեռու ու իբր չառնչվող երևույթ, քո միջի խնդիրներն ավելի տեսանելի են դառնում: Դրա համար էլ Աֆրիկան այն ամենաճիշտ մայրցամաքն է, որտեղից կարելի է ուսումնասիրել ինքներս մեզ ու հասկանալ՝ որտեղ են թաղված չերևացող մեր խնդիրները, ու ինչպես է հնարավոր դրանք լուծել: Միանգամից ասեմ, որ Աֆրիկան «ամենադաժան» մայրցամաքն է, ու միայն այն փաստը, որ կանանց և տղամարդկանց կյանքի միջին տևողությունը մոտ 45 տարեկանի սահմաններում է, արդեն ենթադրում է, որ  հոդվածաշարում ուրախ բաներ քիչ են հանդիպելու, դրա համար էլ եկեք այս հոդվածը սկսենք բելգիացի երգիչ Սթրոմայի «Ֆորմիդաբլը» երգով, այն նույն Սթրոմայի, ում հայրը Ռուանդայում ապրող թութսի էր, որն  սպանվել էր հութուների կողմից Ռուանդայում իրականացված ցեղասպանության ժամանակ:

«Ֆորմիդաբլը» երգը, որ թարգմանաբար նշանակում է հիասքանչ, մի քանի տարի գլխիցս դուրս չէր գալիս, ու չէի կարողանում հասկանալ, թե ինչպես է ճակատագրի այսպիսի հարվածներ ստացած տղան կարողանում կյանքին այսպես հրաշալիորեն նայել: Հետո հասկացա, որ կյանքի ծարավն է, որ այս երգչին այդքան հարազատ, ճանաչելի ու յուրօրինակ է դարձրել, դրա համար էլ նրա ստեղծագործություններն այդքան ժողովրդականություն են վայելում ու հոգեհարազատ են շատերի համար:

Սթրոմայը, կարելի է ասել, թութսիական սփյուռքի ամենաականավոր ներկայացուցիչն է՝ համարյա մեր Շառլ Ազնավուրը, ու նույնքան ճանաչված, որքան մեր Շառլը, ու փորձում  է նույնքան օգտակար լինել իր երկրին, որքան մեր հայտնի շանսոնյեն:  

Թութսիների մեծամասնությունը համարում է, որ իրենք ոչ թե աֆրիկյան ցեղախումբ են, այլ հին եգիպտական ծագում ունեն և ավելի նման են ղպտիների ու եթովպացիների, քան բուն աֆրիկացիների:

Չնայած թութսիները Ռուանդայում փոքրամասնություն են կազմում, սակայն բելգիացիները, Ռուանդայի ազգաբնակչության միջից ընտրելով առավել բարձրահասակներին ու սուր քթի ձև ունեցողներին, նրանց համարել են  ավելի վստահելի ու երկրի իշխանությունը տվել  նրանց, որպեսզի գաղութը կարողանան ավելի հեշտ կառավարել, մինչև գաղութատիրությունը վերացավ, և երկրի մեծամասնություն համարվող ավելի կարճակասակ ու աֆրիկյան «տափակ քիթ» ունեցող մեծամասնությունը վերցրեց իշխանությունը ու կազմակերպեց նորագույն ժամանակների ամենասարսափելի՝ Ռուանդայի կոտորածը:

Տարածաշրջանում  մեզ՝ հայերիս էլ են մեր քթի ձևով ճանաչում, սակայն տարածաշրջանից դուրս հազիվ թե ռուսն ու եվրոպացին կարողանան մեր քթով տարբերել՝ մենք հա՞յ ենք, թո՞ւրք, թե՞ վրացի կամ ադրբեջանցի, դրա համար էլ սկսում ենք պատմել մեր պատմության տարբերությունների մասին ու այդ ընթացքում՝ ցեղասպանության մասին, որ դիմացինը կարողանա տարբերակել, թե որ ազգին ենք մենք պատկանում: 

Ու ընդհանրապես, ցեղասպանության մասին խոսելիս հիշեցի մեր «ազգի կոնգոցի փեսային», որի նկարը վերջերս մեծ աղմուկ էր հանել համացանցում: Ու վերջինիս հարցազրույցը կարդալով՝ ինքս ինձ համար բացահայտեցի, որ Կոնգոյում էլ է ցեղասպանություն եղել, ու այնտեղ էլ է սպանվել առնվազն 6 միլիոն մարդ: Ընդհանրապես, այս աշխարհը ցեղասպանություններով լի է, իսկ մեզ թվում է, թե մեր ազգի ողբերգությունն ավելին է, քան ուրիշներինը: Սակայն ուրիշ երկրների պատմությունների մեջ խորանալով՝ հասկանում ես, որ ոչ պակաս դժբախտ ու երջանիկ պահեր  այլ ազգեր էլ ունեն, ու երևի միայն հրեաներն են, որ իրենց ազգային ողբերգությունն ու հաջողությունները կարողացել են դարձնել համամարդկային մշակույթի մի մասնիկ, իսկ մնացածների դեպքում այն տարածաշրջանից չի անցնում, կամ՝ լավագույն կամ վատագույն դեպքում քաղաքական բնույթ է կրում՝ օտարների ձեռքում:

Դե լավ, սենց որ շարունակեմ, հոդվածաշարիս բոլոր թեզերը բացահայտած կլինեմ, դրա համար այսքանով ավարտեմ ու HOTEL RWANDA-1-ում ավելի մանրամասն կխոսեմ հայ-աֆրիկյան նմանությունների մասին: