23.03.2020 17:59

Քաղաքապետ․ Կորոնավիրուսի պատճառով Նյու Յորքը ծանր իրավիճակում է հայտնվել

Քաղաքապետ․ Կորոնավիրուսի պատճառով Նյու Յորքը ծանր իրավիճակում է հայտնվել

Նյու Յորքի քաղաքապետը նախազգուշացրել է, որ կորոնավիրուսի համավարակը քաղաքում ավելի ու ավելի է ծավալվում, իսկ անհրաժեշտ դեղորայքի պաշարներն ավարտվում են։

«Արդեն 10 օրից դրանք չեն հերիքի,- կիրակի օրը հայտարարել է Բիլ դե Բլազիոն։- Եթե մենք թոքերի արհեստական օդափոխման լրացուցիչ սարքեր չհայթայթենք, մարդիկ կսկսեն մահանալ»։

Նյու Յորք նահանգը դարձել է համավարակի էպիկենտրոնն Ամերիկայում։ Այստեղ է արձանագրվել երկրում վարակման բոլոր դեպքերի կեսը։

Ընդհանուր առմամբ՝ ԱՄՆ-ում արդեն հաշվվում է վարակման 31 057  հաստատված դեպք, 390-ը՝ մահվան ելքով։

«Ամերիկացիներն արժանի են իմանալ ճշմարտությունը, -ասել է դե Բլազիոն NBC News-ին տված հարցազրույցում։- Իրավիճակը միայն վատթարանում է, և ապրիլին ու մայիսին ավելի ծանր կլինի»։

Այժմ աշխարհում Covid-19-ով վարակման բոլոր դեպքերի 5 %-ը Նյու Յորքում է։ Ընդ որում՝ այստեղ ավելի քան 9 հազար դեպքերից 38-ն արձանագրվել են բանտերում, այդ թվում՝ 21-ը կալանավորներ են։

Նյու Յորքի ոստիկանությունը հաղորդել է իր աշխատակիցների շրջանում վարակվածության 98 դեպքերի մասին։

Փոխանցում է BBC-ն։