06.04.2020 09:00

Ֆուտբոլային Եվրոպան սպասում է կորոնավիրուսի թույլտվությանը

Ֆուտբոլային Եվրոպան սպասում է կորոնավիրուսի թույլտվությանը

Հրավիրված վիդեոկոնֆերանսի շրջանակներում ՈւԵՖԱ-ի ու կառույցին անդամ ֆեդերացիաների ներկայացուցիչները քննարկել են եվրոպական ֆուտբոլում ստեղծված իրավիճակը:

Կողմերը հուսով են, որ կկարողանան այդուամենայնիվ ավարտին հասցնել առաջնություններն ու եվրագավաթային խաղարկությունները: Կոնկրետ ժամկետներ չի նշվում, բայց համաձայն տարբեր հրապարակումների խոսք է գնում հունիսին խաղերը վերսկսելու տարբերակի մասին:

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինն անցած շաբաթ հայտարարել էր, որ մրցաշրջանը կարելի է կորցրած համարել, եթե մրցաշարերը չվերսկսվեն հունիսի վերջին:

Օրերս տեղի ունեցած վիդեոկոնֆերանսի ընթացքում կայացվել է որոշում, համաձայն որի տղամարդկանց և կանանց ազգային, տղամարդկանց մինչև 21 տարեկանների հավաքականների մասնակցությամբ 2020 թ. մարտից հունիս հետաձգված բոլոր հանդիպումները, ինչպես նաև հունիսին նախատեսված բոլոր հանդիպումները հետաձգվել են և կկայանան 2020 թ. հոկտեմբերին: Հետաձգվել են նաև ազգային հավաքականների մասնակցությամբ ընկերական հանդիպումները:  Հանդիպումների ձևաչափը և կոնկրետ ժամկետները կքննարկվեն և կհաստատվեն ավելի ուշ:

Սա արվել է առաջին հերթին խաղացանկը ազատելու համար, իսկ ամբողջ միտքն այն է, որ խաղացողները կարողանան միանալ իրենց ակումբներին ապրիլին/մայիսին (կախված կորոնավիրուսի տարածման տեմպերից) և մինչև խաղերի վերսկսվելը հասցնեն որոշակի նախապատրաստական փուլ անցնել:

Լա Լիգայի ու Պրեմիեր լիգայի ներկայացուցիչները հայտնել են, որ մտադիր են ավարտին հասցնել մրցաշրջանը նույնիսկ, եթե ստիպված լինեն խաղերը վերսկսել աշնանը՝ նոր մրցաշրջանի հաշվին:

Խնդիրներից մեկն այն է, որ նույնիսկ եթե մրցաշրջանը ավարտեն օգոստոսին կամ սեպտեմբերին, ապա ակումբները մինչ այդ պետք է լուծեն խաղացողների ու մարզիչների գործող պայմանագրերի հարցը, որոնց մի մասի ժամկետները լրանում են հունիսի 30-ին: Խնդիրը բարդանում է նաև նրանով, որ դեռ պարզ չէ թե երբ կբացվի ամառային տրանսֆերային պատուհանը:

Հստակ է, որ կա ցանկություն մրցաշրջանն ավարտին հասցնելու համար նույնիսկ եթե կարիք կլինի փոխել գալիք մրցաշրջանի մեկնարկի ժամկետները, սակայն հարցն այն է թե արդյոք կորոնավիրուսը թույլ կտա դա անել։