06.04.2020 13:04

Եղիսաբեթ II թագուհին ուղերձ է հղել իր քաղաքացիներին

Եղիսաբեթ II թագուհին ուղերձ է հղել իր քաղաքացիներին

Կիրակի երեկոյան Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը ուղերձով դիմել է ժողովրդին, որում ընդգծել է կորոնավիրուսի համաճարակի ժամանակ կարգապահության կարևորությունը։

Թագուհին շնորհակալություն է հայտնել Առողջապահության ազգային ծառայության աշխատակիցներին և զուգահեռներ է անցկացրել պատերազմական ժամանակների հետ՝ հիշելով, թե ինչպես է 1940 թ․ քրոջ՝ Մարգարեթի հետ առաջին անգամ ռադիոեթեր դուրս եկել և դիմել պատերազմից տուժած երեխաներին։

«Ես ձեզ հետ խոսում եմ չափազանց ծանր պահի, երբ մեր ողջ երկրում խախտված է նորմալ կյանքը։ Ինչ-որ մեկին դա արդեն վիշտ է բերել, շատերը հայտնվել են ծանր ֆինանսական պայմաններում, և մեր բոլորի կենսակերպի մեջ հսկայական փոփոխություններ են տեղի ունեցել»,- ասել է թագուհին և շնորհակալություն հայտնել այն բրիտանացիներին, ովքեր հետևել են իշխանությունների հորդորներին ու շարունակում են մնալ տանը։

«Լավ օրերը վերադառնալու են։  Մենք կրկին կլինենք մեր հարազատների ու ընկերների հետ, մենք կրկին կհանդիպենք»,- այս խոսքով է իր ուղերձն ավարտել թագուհին։

Փոխանցում է BBC-ն։