06.04.2020 13:09

Թրամփն ամերիկացիներին խորհուրդ է տալիս պատրաստվել ծանր շաբաթի

Թրամփն ամերիկացիներին խորհուրդ է տալիս պատրաստվել ծանր շաբաթի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ամերիկացիներին խորհուրդ է տվել պատրաստ լինել ծանր շաբաթի, քանի որ երկրի որոշ հատվածներում կորոնավիրուսով վարակվածության բարձրակետ է սպասվում, հաղորդում է Washington Post-ը։

«Մոտենում է ամենածանր շաբաթը՝ սա կամ հաջորդը։ Ցավոք՝ շատերը կմահանան»,- հայտարարել է Թրամփը կիրակի օրը կայացած ճեպազրույցի ընթացքում։

Միևնույն ժամանակ՝ ամերիկյան առաջնորդը հայտարարել է, որ լավ նշան է համարում  Նյու Յորք նահանգում մահվան դեպքերի նվազումը։

«Մենք սկսում ենք լույս տեսնել թունելի վերջում։ Եվ հուսով եմ՝ մոտ ապագայում կհպարտանանք այն աշխատանքով, որ կատարել ենք բոլորս»,- ասել է Թրամփը։

Երկրի գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչին, սակայն, նախագահի լավատեսությունը չի ընդունում․ Թրամփի ճեպազրույցից առաջ նա ասել է, թե «բժիշկներն ամեն կերպ ջանում են իրավիճակը վերահսկողության տակ պահել»։

Ավելի վաղ ամերիկացի բուժաշխատողները կանխատեսել են, որ համավարակի ընթացքում մահերի թիվը կարող է հասնել 240 հազարի՝ նույնիսկ խիստ կարանտինի պայմաններում։

«Հուսով ենք, որ այդ թվին չենք հասնի»,- կիրակի հայտարարել է Թրամփը։

Փոխանցում է BBC-ն։