06.04.2020 13:19

Իսպանիայում և Իտալիայում մահերի թիվը նվազում է

Իսպանիայում և Իտալիայում մահերի թիվը նվազում է

Covid-19 համավարակից ամենաշատը տուժած երկու եվրոպական երկրներում՝ Իտալիայում և Իսպանիայում, օրվա ընթացքում մահերի թիվը շարունակում է նվազել առնվազն երրորդ օրն անընդմեջ, ինչը հույս է ներշնչում, որ համավարակի բարձրակետն անցել է։

Իսպանիայում շաբաթ օրվա ընթացքում մահացել է կորոնավիրուսով վարակված 674 հիվանդ, ինչը 135-ով պակաս է ուրբաթ օրվա մահերի թվից։ Ընդհանուր թվով՝ Իսպանիայում մահացել է 12 418 մարդ, իսկ վարակման հաստատված դեպքերը 130 759-ն են։

Վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ երկիրը «հիվանդացության բարձրակետն անցնելուն մոտ է»։ Վարչապետը մարտի 15-ից հայտարարված կարանտինը երկարացրել է մինչև ապրիլի 25-ը՝ հայտարարելով, որ այդ միջոցառումները կյանքեր են փրկում, և կարանտինի լրացուցիչ երկու շաբաթը կթեթևացնի առողջապահական ծառայության աշխատանքը։

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցնում է 1 միլիոն 200 հազարից՝ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով։ Ընդ որում՝ յուրաքանչյուր չորրորդ հիվանդը Միացյալ Նահանգների բնակիչ է, որտեղ կիրակի օրվա դրությամբ հաստատվել է  311 544 դեպք։

Ամենաշատ վարակվածների թվով երկրների հնգյակի մեջ են ԱՄՆ-ը, Իսպանիան, Իտալիան, Գերմանիան, Ֆրանսիան։ Չինաստանը վեցերորդ տեղում է։

Փոխանցում է BBC-ն։