06.04.2020 11:33

Հակառակորդի կրակոցից զինվոր է վիրավորվել

Հակառակորդի կրակոցից զինվոր է վիրավորվել

Արցախի ՊԲ-ն հայտնում է, որ ապրիլի 5-ին՝ ժամը 17:30-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Ռոբերտի Շախպազյանը:

Վիրավոր զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է բավարար:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կոչ է անում հակառակորդ կողմին ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից և հայտարարում, որ իրադրության հետագա լարման դեպքում հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնելու է ադրբեջանական կողմի վրա: