06.04.2020 18:58

Լիզա Ճաղարյան. Եղած-չեղածը վիրուս է՝ թագով լինի, թե փափախով

Լիզա Ճաղարյան. Եղած-չեղածը վիրուս է՝ թագով լինի, թե փափախով

Ստիպված եմ հիշել ու հիշեցնել։

88-90-ականներին Հայաստանն իրոք դժոխքի միջով է անցել։

Սումգայիթյան դժոխք, Բաքվի դժոխք, Կիրովաբադի դժոխք... Մարզապուրծ փախստականների անվերջանալի թվացող հոսք։

Զարհուրելի երկրաշարժ, փլատակներ, փլատակների տակ մնացած տասը հազարավոր թանկ-թանկ-թանկ կյանքեր։

«Ղարաբաղ» կոմիտեի ձերբակալություն։ Մոսկովյան բանտեր։

Երեւանի փողոցները վարող սովետական տանկեր, ավտոմատավորներ։

Սովետի փլուզում, տնտեսության կաթվածահարում, մի գիշերվա ընթացքում ռուբլու արժեզրկում, չէ՝ ոչնչացում։

Պատերազմ։

Զոհեր։ Զոհեր։ Զոհեր։

Կյանք՝ մոմի լույսի տակ։

Դաժան ու անվերջանալի թվացող ձմեռներ։

Տնաշեններ, ուշադրություն դարձրե՞լ եք, որ հիմա՝ անհամեմատ մեղմ ձմեռվա ընթացքում իրար հետեւից երկու-երեք անգամ ձյուն է թափվում երկնքից՝ ախուվախներս երկինք է հասնում։ Պատերազմի ամենածանր շրջանում ձմեռն սկսվեց նոյեմբերի 7-ին ու մինչեւ ապրիլի վերջը Հայաստանը սառույցի տակ տնքում էր։

Էն ժամանակվա, այսպես կոչված, ընդդիմությունը, հենց է՛ն նույն ընդդիմությունը, որ այդ դժոխային տարիներին արտաքին թշնամուց գրեթե ոչնչով չտարբերվող կատաղի պայքար էր մղում Հայաստանը դժոխքի ճիրաններից հանելու եւ Արցախն ազատագրելու համար նույնիսկ անկարելին իրականություն դարձնող, ժողովրդի միակամությամբ ընտրված իշխանության դեմ, հենց է՛ն նույն ընդդիմությունը, որ ռոբասերժական տարիներին մեկ էլ, ասացեք խնդրե՜մ, սկսեց հիշել, որ Հայաստանը պատերազմական վիճակում է ապրում եւ պետք է հանուն Արցախի ու համայն հայության «կոալիցիա-կոալիցիա» ճղճիմ խաղ սկսել Քոչարյան Ռոբերտի ու Սարգսյան Սերժիկի հետ, ահա՛ այդ դժոխային տարիներին որդեգրած նույն անբարո կեցվածքն է որդեգրել այսօր։

Մի տարբերություն կա։ Այն տարիներին սրանց հնարավորություններն այսքան լայնարձակ չէին՝ ինտերնետ չկար, Ֆեյսբուք չկար։ Մնացածը նույնն էր։ Նույն նողկալի սուտը, նույն անմարդկային, ստոր պահվածքը մի իշխանության նկատմամբ, որ Հրապարակից փոխադրվել էր իշխանության ղեկին ու հայտնվել այնպիսի ծանրագույն պայմաններում, ինչի դեպքում միայն թշնամու մտքով կարող էր անցնել՝ օգնելու փոխարեն հարվածել այդ իշխանությանը։

Հարվածում էին, էն էլ ինչպես էին հարվածում։ Խանգարում էին, էն էլ ոնց էին խանգարում։ Չարախնդում էին, եւ ի՜նչ ճիվաղային հաճույքով էին չարախնդում։

Դժոխքից հաղթանակած դուրս եկած իշխանությանը։

Շարունակությունը դժվար թե հասցրած լինեք մոռանալ, չնայած մեր թավշյա ժամանակներում կարծես ամեն ինչ արվում է, որ մոռանաք։ Կամա թե ակամա՝ էական չէ։ Հետո այդ նույն հարվածողները, խանգարողներն ու չարախնդացողները՝ «Ղարաբաղ-Ղարաբաղ» բայաթի վերքաշելով սկսեցին այնպիսի մոլեգնությամբ թալանել վերջապես հանգիստ շունչ քաշելու փորձ անող երկիրը, այնպիսի անթաքույց լկտիությամբ սկսեցին ոչնչացնել իրենց թալանին խոչընդոտողներին կամ խոչընդոտելու փորձ անողներին, որ Հայաստանի քաղաքացիների երակներում արյունը սկսեց սառչել, ու էդպես քսան երկարուձիգ տարիներ ձգվեց «հերոսական» պատմությունը՝ լեփ-լեցուն նողկալի կեղծիքներով, էժանագին զրպարտությունների անվերջանալի շարանով, ուրացումների արյունոտ շղթայով, եւ «կերտվեց» մի նոր պատմություն, որը, պարզվեց, սկսվում է ռոբասերժականների «վոինական» կենսագրությամբ, եւ իրենցից առաջ ոչ Հայաստան էր եղել, ոչ էլ՝ Հայաստանի հերոսական ու արժանապատիվ քաղաքացիներ։

Չէ, չկայինք ու չէինք եղել՝ դժոխային դժվարությունները հաղթահարողներս։ Արժանապատվորե՛ն ու հպարտությամբ հաղթահարողներս։ Արցունքի միջից ժպտալով հաղթահարողներս։ Դժոխքում ապրելով՝ կես վայրկյան անգամ մեր անցած դաժանագույն փորձությունների համար չզղջացողներս։ Եթե կրկնելու կարիք լիներ, նորից այդ նույն դժոխքի միջով առանց նվնվոցի, առանց երկմտանքի անցնելու պատրաստակամներս։

Թվում էր՝ այս երազելի հեղափոխության առաջին քայլը պետք է լիներ կեղծած պատմությունը սրբագրելը, ճշմարտությունը հասարակությանը վերապատմելը, եւ հենց այստեղից պետք է սկսվեր Հայաստանը գարշահոտ աղբակույտերից ազատելը։

Այդպես չեղավ։

Նախկինների մի մասը ճարպկորեն տեղավորվեց նորերի ջերմ ծոցում, մի մասն էլ շարունակեց ու շարունակում է նոր իշխանության դեմ պայքարել նույն ձեռագրով, ինչպես պայքարում էին 90-ականներին։

Համեմատելի՞ է կորոնավիրուսային փորձություն ապրող Հայաստանը 88-90-ականների Հայաստանի հետ։ Թույլ տվեք ժպտալ ներողամտորեն նրանց լուսերես դեմքերին, ով կփորձի համեմատության եզր գտնել։

Այսօր Հայաստանն ընդամենն ապրում է անհարմարավետ կյանքով։ Ուզում ենք դուրս գալ զբոսնել, բայց մեզ զսպում ենք։ Ուզում ենք իրար հանդիպել ու ողջագուրվել, բայց կասեցնում ենք մեր այդ հույժ հայեցի ցանկությունը։ Օրական մի քանի անգամ խանութները չափչփելու փոխարեն՝ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում ենք չափչփում։ Կարճ ասած, մեկուսացել ենք։ Կարճ ասած՝ առաջիկայում մի քիչ գոտիներս սեղմելու ենք։ Կարճ ասած, հնարավոր է՝ մեզանից ցանկացածը կորոնավիրուսով վարակվի, ու մեկ էլ տեսար՝ թոքաբորբը վերցնի մեզանից մեկին կամ մյուսին ու տանի հանդերձյալ աշխարհ։

Լավ բան չի, իհարկե։ Շատ վատ բան է։ Մեռնելու հեռանկարը միայն խելագարներին կարող է խանդավառել։

Հնարավոր է՝ հենց վաղն ութը տասը դառնա, տասն էլ՝ քսան, քսանն էլ՝ ավելի ու ավելի շատ։ Հնարավոր է՝ կորոնավիրուսը բախի նաեւ իմ դուռը, եւ չփրկվողներից մեկն էլ ե՛ս լինեմ։

Եվ քանի դեռ չի բախել իմ դուռը, շատ ցանկացա հիշեցնել, որ մենք ներկա օրերի հետ համեմատության եզր անգամ չունեցող դաժանագույն շրջաններ ենք հաղթահարել, իսկ խաղաղ պայմաններում Հոկտեմբերի 27 ու Մարտի 1 ենք տեսել, եւ այսօր՝ կորոնավիրուսային փորձություն ապրող Հայաստանը դժոխք ներկայացնելու եղկելի փորձ անողները, Հայաստանի կործանման մասին օրուգիշեր կռավողներն այն նույն «հայրենասերներն» ու սրանց բուծած մանկուրտներն են, որ նույն ստոր ու նենգ սրիկայություններն էին անում նաեւ 88-90-ականներին։

Իսկ թե ինչու, ներկայով դատեք։

Յուղոտ ոսկորից են զրկվել։ Կամ՝ յուղոտ ոսկորի ակնկալիք են ունեցել, բայց չեն ստացել։ Կամ՝ ստացել են ու հետո զրկվել։

Այլ պատճառներ մի փնտրեք։

Որովհետեւ, եթե նույնիսկ նորանկախ Հայաստանի պատերազմական տարիների հետ համեմատելի չէ ներկա Հայաստանի վիճակը, ու փառք  Աստծո, որ համեմատելի չէ, բայց երկու դեպքում էլ՝ իշխանության հանդեպ վերաբերմունքից անկախ, բոլորը պետք է սեղմեին իրենց ատամներն ու մտածեին միմիայն երկիրն այս փորձությունից հանելու մասին։

Իսկ թե զօրուգիշեր ինչով են զբաղված «սերմացու գողացող մկները», սրանց վարձկաններն ու ծախու գրչակները, տեսնողը տեսնում է, լսողն էլ լսում է։

Եվ եթե այսքանից հետո իշխանությունները շարունակեն այս ոհմակի քթի տակ թափ տալ ցեցը կերած «թավիշ» կոչեցյալը, կորոնավիրուսին ճամփու դնելուց հետո հայտնվելու ենք մի վիճակի մեջ, որը հաղթահարելու համար այլեւս դիմակներն ու ձեռնոցները, օրական մի քանի տասնյակ անգամ ձեռքերը լվանալն ու ինչ-ինչ ուտելիքների թանկանալու մասին «գույժերը» մանկական խաղ են թվալու։