07.04.2020 14:09

Ավստրիան կարող է իր տնտեսությունը վերագործարկող առաջին եվրոպական երկիրը լինել

Ավստրիան կարող է իր տնտեսությունը վերագործարկող առաջին եվրոպական երկիրը լինել

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը երկուշաբթի ներկայացրել է կորոնավիրուսի պատճառով մտցված սահմանափակումները քայլ առ քայլ չեղարկելու ծրագիր, ինչը Ավստրիային թույլ կտա դառնալ առաջին եվրոպական երկիրը, որն ի վիճակի կլինի վերագործարկել իր տնտեսությունը, գրում է FT-ն։

Ավստրիական իշխանությունների պլանի համաձայն՝ ապրիլի 14-ից կթույլատրվի բացել մինչև 400 քմ տարածք ունեցող փոքր խանութները՝ նախազգուշական խիստ միջոցառումների պահպանման պայմանով։ Իսկ մայիսի 1-ից կվերականգնվի բոլոր մյուս խանութների ու առևտրի կենտրոնների աշխատանքը։

Ընդ որում՝ մինչև մայիսի 1-ը կշարունակեն  պահպանվել մարդկանց տեղաշարժի սահմանափակումները, որոնց համաձայն՝ տնից կարելի է դուրս գալ միայն աշխատանքի գնալու, սննդամթերք գնելու, այլ մարդկանց օգնելու, մաքուր օդում զբոսնելու կամ մարզվելու համար։

Նախատեսվում է, որ մայիսի կեսերից կսկսեն բացվել հյուրանոցներն ու ռեստորանները։

Կուրցը հայտարարել է, որ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կպահպանվեն սահմանափակող միջոցառումները, և նախազգուշացրել է, որ անհրաժեշտության դեպքում պլանը կվերանայվի։

Փոխանցում է BBC-ն։