07.04.2020 14:18

Բրիտանիայում հարձակման են ենթարկվում բջջային կապի աշտարակները

Բրիտանիայում հարձակման են ենթարկվում բջջային կապի աշտարակները

Անցած շաբաթ Բրիտանիայում վանդալների հարձակմանն է ենթարկվել բջջային կապի առնվազն 20 աշտարակ, հաղորդել է Guardian-ը՝ հղում անելով այդ ոլորտում իր աղբյուրներին։

Հարձակումները տեղի են ունեցել սոցցանցերում տարածվող այն վարկածների ֆոնին, թե նոր սերնդի 5G կապի ցանցերը կարող են ինչ-որ կերպ կապված լինել կորոնավիրուսի տարածման հետ։

Չնայած մասնագետների բազմաթիվ հավաստիացումներին, թե 5G տեխնոլոգիան անվտանգ է, դավադրության տեսությունները շարունակում են տարածվել և վաղուց դուրս են եկել համացանցում քննարկումների շրջանակներից։

Բրիտանական խոշորագույն հեռուստահաղորդակցական ընկերությունները կլիենտներին են դիմել բաց նամակով, որում ընդգծել են, որ 5G-ի և կորոնավիրուսի համավարակի միջև որևէ կապի վերաբերյալ գիտական ոչ մի ապացույց գոյություն չունի։

Նրանք նաև կոչ են արել հաղորդել նման հարձակման կամ  իրենց աշխատակիցների նկատմամբ ագրեսիայի ցանկացած փորձի մասին․ միայն վերջին շաբաթում այդպիսի 30 միջադեպ է տեղի ունեցել։

Ինչ վերաբերում է վնասված աշտարակներին, ապա, ինչպես նշում է Guardian-ը, նրանց մեծ մասի վրա նույնիսկ տեղադրված չէ նոր սերնդի կապի թանկարժեք սարքավորումը։

Փոխանցում է BBC-ն։