07.04.2020 19:16

Եզը երդիկից կհանեն

Եզը երդիկից կհանեն

Որ հեղափոխությունից հետո իշխանությունները գտնվում են նախկինների հակաքարոզչական գրոհի տակ՝ հայտնի փաստ է:

Բայց նկատելի է նաեւ, որ հակաքարոզչության այդ գրոհին որոշ պաշտոնյաներ առավել շատ կամ ամենաշատն են ենթարկվում, ընդ որում` հենց պաշտոնավարման պահից:

Եւ այստեղ իշխանությունը մտածելու բան ունի:

Կառավարությունում եւ ԱԺ-ում բազմաթիվ նախարարներ ու պատգամավորներ կան: Բայց ինչպե՞ս է ստացվում, որ պաշտոնավարման պահից կոնկրետ անձինք են մշտապես թիրախում: Ընդ որում, խոսքն իրավիճակային գրոհի մասին չէ, երբ կա քարոզչական գրոհի լրատվական առիթ․ գրոհ է սկսվում եւ որոշ ժամանակ անց ինքն իրեն մարում է: 

Խոսքը թիրախավորված, անդադար հակաքարոզչության մասին է, երբ եթե անգամ առիթ էլ չկա, այն ստեղծվում է` թեման «տաք պահելու համար»:

Ի՞նչ է կարծում իշխանությունը, ինչո՞ւ են թիրախում իր որոշ ներկայացուցիչներ, օրինակ` Արսեն Թորոսյանն ու Հայկ Մարությանը:

Իհարկե, կգտնվեն այնպիսիք, որ կասեն` որովհետեւ այս կամ այն հարցում սխալվել են:

Բայց եթե ուշադիր հետեւում ես այդ հակաքարոզչությանը, միանգամից երեւում է, որ թիրախում եղել են ու կան իրական աշխատող մարդիկ, որոնց արած գործը կամաց-կամաց երեւացել կամ երեւում է, որոնք իրենք ոլորտներում իրավիճակ են փոխել/փոխում, որոնց կատարած աշխատանքի դրական արդյունքները շատ այլ պաշտոնյաներ տարածում են ցանցերում որպես իշխանության հերթական ձեռքբերումը:

Բազմաթիվ այլ պաշտոնյաների, ակնհայտորեն, չեն թիրախավորում, երբեմն անտարբերության են մատնում, բայց ոչ այն պատճառով, որ նրանք լավ են աշխատում, այլ որովհետեւ նախկինները շատ էլ խելացի են հակաքարոզչության հարցում եւ հասկանում են, որ պայմանական իքս պաշտոնյային հարվածել պետք չէ, քանի որ նա ինքն իրեն էլ ոլորտը կձախողի, եւ մարդկանց մոտ դժգոհություն կառաջանա իշխանություններից, կամ իր աշխատանքով ոլորտը զարգացման չի կարողանալու տանել, այսինքն, փոփոխություններ չեն լինի, ամեն ինչ կմնա այնպես, ինչպես որ եղել է, եւ դրանից էլ լավ առի՞թ, որ ասեն` «տեսեք, բան էլ չի փոխվել, բա ասում էիք, որ գանք, ամեն ինչ փոխվելու է, տեսա՞ք, որ ստում էիք, թե մենք վատ էինք աշխատում կամ թալանում էինք»։ Բացի այդ, եթե թիրախավորեն, եւ այդ իքս պաշտոնյային պաշտոնանկ անեն ու բերեն ավելի լավ մասնագետի, ոլորտը կզարգանա, նկատելի արդյունքներ լինեն, իշխանության դիրքերը ավելի կամրապնդվեն, իսկ դա նախկիններին պետք չէ։ Ուստի պայմանական իքս պաշտոնյային ոչ մեկը չի հիշում:

Փոխարենը պետք է փորձել խաղից հանել իրական գործ անողներին, պայմանական իգրեկ պաշտոնյային, որովհետեւ եթե նա, թեկուզ սխալներով եւ դրանց վրա սովորելով ու կատարելագործվելով, շարունակի «գործ անել», նրա աշխատանքի արդյունքները տեսանելի կլինեն, արդյունքում իշխանության դիրքերը կամրանան, եւ մարդկանց դժգոհությունը հարուցելու, հետեւաբար՝ իշխանության գալու ավելի քիչ առիթ կլինի, որովհետեւ եթե ստացվի նրան  հեռացնել, մեծ է հավանականությունը, որ նրան կամ կփոխարինի ավելի վատ աշխատող մեկը ու վատ կառավարելու արդյունքում ավտոմատ կթուլացնի իշխանության դիրքերը, կամ` եթե հաջողվի այդ պաշտոնյայի կառավարման շուրջ այնպիսի ապոկալիպտիկ մթնոլորտ ստեղծել, ապա իշխանությունը տեղի կտա եւ այդ պաշտոնը «կզիջի» քննադատներից մեկին:

Այնպես որ, նախկինները լավ էլ իրենց համար ձեռնտու եւ խելացի քարոզչություն են իրականացնում: Շատ լավ հաշվարկված ընտրել են թիրախներին:

Բայց  այստեղ կա նաեւ երկրորդ խնդիրը, որը իշխանությունը կամ չի նկատում, կամ համառորեն չնկատելու է տալիս` երբեմն այն բացատրելով ներքին ժողովրդավարությամբ, եւ որը ավելի շատ կարող է թուլացնել իր դիրքերը, քան ցանկացած նախկինի անդադար քննադատություն, որովհետեւ յուրաքանչյուրիս էլ պարզ է եւ ընկալելի, թե ինչու են խոսում նախկինները:

Բայց արդյո՞ք ընկալելի է, որ իշխանության աշխատող պաշտոնյաները նույն հետեւողական համառությամբ հարվածներ են ստանում սեփական թիմակիցներից, հատկապես՝ ԱԺ-ում:

Եթե իշխանությանը թվում է, թե մարդիկ սա ընկալում են որպես ներքին ժողովրդավարություն, սխալվում է: Եթե իշխանությունը կարծում է, թե այսպիսով ներքին մրցակցությունն է խթանում, էլի սխալվում է: Եւ եթե իշխանությունը իր գործադիրի համար օրենսդիրում քաղաքական հենարան չի ստեղծում՝ մտածելով, թե մարդիկ, մի կողմ թողնելով քաղաքականության գրված ու չգրված կանոնները` ուրախանալու են ու ընկալեն սա որպես առողջ մրցակցություն, էլի սխալվում է: Որովհետեւ սա ընկալվում է որպես սովորական անվերահսկողություն, որ իշխանությունը չունի խորհրդարան բերած պատգամավորներից ոմանց պարզ աջակցությունը, որ կան իշխանական պատգամավորներ, որ տորպեդահարում են գործադիրի աշխատանքները, եւ որ եթե այսօր դա անում են իշխանության առանձին ներկայացուցիչների դեմ, վաղը կանեն ամբողջ իշխանության դեմ:

 

Հ.Գ. «Հայկական ժամանակում» վերջերս հոդված էր տպագրվել այն մասին, որ առողջապահության նախարարը նշանակման պահից գտնվում է նախկինների քարոզչական թիրախում: Այո, այդպես է: Բայց դա իրականության մի մասն է միայն: Նույն նախարարը նույնկերպ եւ նույն պահից գտնվում է նաեւ «ԻՔ» խմբակցության մի քանի պատգամավորների թիրախում: Եթե որոշ անձանց եւ ֆեյքերի այս կամ շահից զրկված նախկին պաշտոնյաներ են ուղղորդում, բա  իշխանական պատգամավորների՞ն ով է ուղղորդում:

 

Քրիստինե Խանումյան