08.04.2020 11:48

Բրիտանիայի վարչապետը թթվածին է ստանում, բայց ինքնուրույն է շնչում

Բրիտանիայի վարչապետը թթվածին է ստանում, բայց ինքնուրույն է շնչում

Մեծ Բրիտանիայի վարչապետի ներկայացուցիչները երեկ տեղեկացրել են, որ նախորդ գիշերը վերակենդանացման բաժանմունքում անցկացրած Բորիս Ջոնսոնը «պահպանում է ոգու կորովը», ու թեև նրան թթվածին են տալիս, սակայն նա թոքերի արհեստական օդափոխման սարքին չի միացվել։

Ջոնսոնի ներկայացուցիչները հատկապես շեշտել են, որ թոքերի արհեստական օդափոխության սարքերը գործի են դրվում այն ժամանակ, երբ թոքերը դադարում են աշխատել, իսկ վարչապետը թոքաբորբ չունի։

55-ամյա Ջոնսոնը լոնդոնյան հիվանդանոց է տեղափոխվել կիրակի օրը՝ Covid-19-ի «չդադարող ախտանշաններով», իսկ երկուշաբթի, երբ նրա վիճակը ծանրացել էր, տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք։

Բուքինգհեմյան պալատը հայտարարել է, որ Եղիսաբեթ II թագուհին անձնական նամակ է ուղարկել Բորիս Ջոնսոնին և նրա հարսնացուին՝ Քերի Սայմոնդսին՝ առողջության մաղթանքներով։ Ի դեպ, Ջոնսոնի հարսնացուն հղի է, և չնայած ինքնամեկուսացմանը՝ նրա մոտ նույնպես կորոնավիրուսով վարակվելու ախտանշաններ են ի հայտ եկել։

Վարչապետի պարտականությունները ժամանակավորապես ստանձնել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը։

Փոխանցում է BBC-ն։