20.05.2020 14:44

Բրազիլիայի կոնգրեսը հանրային վայրերում դիմակներ դնելու վերաբերյալ օրենք է ընդունել

Բրազիլիայի կոնգրեսը հանրային վայրերում դիմակներ դնելու վերաբերյալ օրենք է ընդունել

Բրազիլիայի կոնգրեսը հավանություն է տվել այն օրենքին, որի համաձայն՝ երկրի բնակիչները հանրային վայրերում պետք է պաշտպանիչ դիմակ կրեն։ Օրենքը խախտողները կտուգանվեն 50 դոլարի չափով։

Օրենքը դեռ պետք է հաստատվի սենատի կողմից, այնուհետև  այն պետք է վավերացնի երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարում, որն ինքը չափազանց հազվադեպ է դիմակ կրում։ Բոլսոնարուին նաև հաճախ քննադատում են համավարակի նկատմամբ նրա վերաբեմունքի համար․ երկրի առաջնորդը այն անվանել է «ինչ-որ գրիպ» և հրաժարվում է երկրում խիստ կարանտին հայտարարել։

Մինչդեռ Բրազիլիայում կորոնավիրուսից մահացածների թիվը կտրուկ աճում է․ վերջին օրվա ընթացքում արձանագրվել է 1 179 մահ, սա երկրում ամենաբարձր ցուցանիշն է համավարակի ընթացքում։ Ընդհանուր հաշվով՝ Բրազիլիայում մահացել է 17,9 հազար հիվանդ։

Բրազիլիան նաև երրորդ տեղն է զբաղեցրել Covid-19-ով վարակվածների թվով՝ այժմ այնտեղ կա 263 հազար հիվանդ։ Վարակն ավելի շատ տարածվել է միայն ԱՄՆ-ում և Ռուսաստանում։

Փոխանցում է BBC-ն։