20.05.2020 18:13

Լիզա Ճաղարյան. Ձե՛զ նայեք

Լիզա Ճաղարյան. Ձե՛զ նայեք

Ֆեյսբուքյան եւ սոցցանցային զազրախոսքը հետհեղափոխակա՞ն երեւույթ է։

Մեծ սուտ է։

Ռոբասերժական տարիներին նույնիսկ նման եղկելի թերթոն կար, որի, այսպես կոչված, «խմբագիրը» մի արարած էր, որ հիմա էլ ֆեյսբուքում ու սոցցանցերում է վխտում, նույնիսկ պարզվում է՝ սրա հետ հարցազրույցներ են անում ոչ բարով «լրագրող» կոչեցյալները։

Եվ ՀՀԿ-ական կանանց լալահառաչ գրառումները, թե ոնց պատահեց, որ իրենց «ընտանիքների» հասցեին հեղափոխության օրերին սպառնալիքներ հնչեցին ու հայհոյախոսություններ գրվեցին Ֆեյսբուքում, ամենաքիչը քմծիծաղ են հարուցում։

Սրանք գրում են այն մարդիկ, որոնց օրոք ոչ միայն սպառնում էին, նաեւ այդ սպառնալիքներն իրագործում էին ուղղակիորեն եւ երկար տարիներ՝ ծեծ, ջարդ, խոշտանգումներ եւ նույնիսկ սպանություններ։

Ցնցակաթվածի դռանը հասածներին հիշեցնում եմ՝ Ֆեյսբուքում մի՛շտ են եղել սպառնացողներ ու հայհոյողներ։ Սպառնում եւ հայհոյում էին նաեւ գործող իշխանությանը՝ ՀՀԿ-ականներին։ Պարզապես սրանք այդ տարիներին իսպառ կորցրել էին իրականության զգացումը եւ հավատում էին անպատժելիության զգացումից «հաբռգած» իրենց շեֆերի պոռոտախոսությանը՝ Շարմազանով Էդոյի դամքաշությամբ, որ իրենք «հավիտյանս հավիտենից» բազմած են լինելու Հայաստանի գլխին, եւ բնականաբար՝ հայհոյախոսություններին ու սպառնալիքներին քմծիծաղով էին վերաբերվում։ Դրանք չէին վտանգում եւ չէին կարող վտանգել իրենց իշխանությանը, դրան գումարած՝ իրենք կյանքը վայելելով էին զբաղված ու այսօրվա նման ֆեյսբուքներում «թուխս նստած չէին», որ ավազակապետության տարիներին նկատեին ոչ միայն իրենց հասցեին հնչող հայհոյանքներն ու սպառնալիքները, այլեւ, օրինակ, թե ինչպես էին իրենց իսկ հացկատակները զազրախոսում ընդդիմադիրների եւ նրանց առաջնորդների դեմ։

Ի դեպ, հայհոյողներ կային նաեւ ընդդիմադիր ուժերի համակիրների շարքերում, բայց մի շատ էական տարբերություն կար երեկվա ու այսօրվա իրավիճակի մեջ։ Ընդդիմադիր ուժերի առաջնորդներն ու համակիրների ճնշող մեծամասնությունը չէին քաջալերում, նույնիսկ սաստում էին իշխանավորների ընտանիքների անձնական կյանքը քչփորողներին, սրանց երեխաներին վիրավորողներին, ընդդիմադիր մամուլում անհնար էր գտնել վիրավորական գեթ մեկ տող նույնիսկ ամենաատելի մարդու երեխաների հասցեին։ Եվ եթե նույնիսկ նման բան պատահեր, այդ նույն ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներն էին դատապարտում չափն անցած լրատվամիջոցին։

Հեղափոխությունից հետո, այո՛, սոցցանցերում իրավիճակ փոխվեց, եւ այս փոփոխությունն իրոք զարհուրելի է, որովհետեւ, ինչպես որ նախկինները քաջալերում էին ճիվաղային թերթոն հրատարակող «օրվա հերոսի» զազրախոսությունները ու ապահովում սրա նման թափթփուկների լափը, օրինակ՝ որ Առաջին նախագահի տան առջեւ շաբաթներ շարունակ նողկալի ցուցքեր բեմադրեն, այնպես էլ այսօր հովանավորում են այդ նույն կարգի արարածներին եւ ձեռքից ձեռք խլում ռոբամիշիկական հեռուստալիքներում ու այլ լրատվամիջոցներում։

Եվ ուշադրություն. անթույլատրելի մեթոդներով ներկա իշխանությունների դեմ զազրախոսում են ոչ թե շարքային ֆեյսբուքցիները (սրանք դամքաշներն են), այլ հենց իրենք իրենց քաղաքական գործիչ հռչակածները։

Տարբերությունը չի՞ երեւում։ Շա՞տ մութ է։

Ոչ ոք չի կարող միլիոնավոր օգտատերերի վրա հսկողություն սահմանել, ոչ մի քաղաքական ուժ նաեւ չի կարող պարծենալ, որ իրենց համակիրների շարքերում չկան զազրախոսներ, բայցեւ՝ որքան էլ նախկիններն օրեցօր ավելի ու ավելի լպիրշանան ու ստեղծված իրավիճակի մեղքը գցեն նոր իշխանության ուսերին, առողջ դատողությունը չկորցրածները շատ լավ տեսնում են, որ այս ժահրահոտը արտադրում եւ քաջալերում է նախկին ավազակախումբը։ Հո դժվար չի՞, նեղություն քաշեք եւ կարդացեք նախկինների գրպաններից սնվող ԶԼՄ-ների միայն վերնագրերը, տեսեք, թե որտեղ են «պաշտոնապես» դրվել իշխանավորների ընտանիքների ու երեխաների նկատմամբ հարձակումները, տեսեք, թե «մեդիապաշտպան» ու «հայրենասեր» ինչ արարածներ են հավանում ամենաճիվաղային զազրախոսությունները։

Ծիծաղելի չէ՞, որ այս իրավիճակի առաջատար յոթծովիմերաններն են ամենաշատ աղմկողները, թե բա՝ գիտե՞ք, հենց նոր էսինչ թաղի էսինչ կիսատառաճանաչը կամ մազերը պերեկիսով վառած էսինչ կնիկը հայհոյեց իրեն ու իր «ազնիվ ցեղին»։

Ծիծաղելի չէ՝ արգահատելի է։