20.05.2020 19:48

Հունգարիան արգելել է փաստաթղթերում փոխել ծննդյան ժամանակ գրանցված սեռը

Հունգարիան արգելել է փաստաթղթերում փոխել ծննդյան ժամանակ գրանցված սեռը

Հունգարիայի խորհրդարանը օրենք է ընդունել, որը տրանսգենդեր տղամարդկանց և կանանց արգելում է պաշտոնական փաստաթղթերում փոխել այն սեռային պատկանելությունը, որը գրանցված է ծննդյան ժամանակ։

Օրենքը, որն առաջարկել է Ֆիդես իշխող աջակողմյան կուսակցությունը, պաշտպանել է 133 պատգամավոր, 57-ը դեմ են քվեարկել։

Ըստ այդ օրենքի՝ ծննդյան վկայականներում, ամուսնության և մահվան դեպքերում հունգարերեն «սեռ» բառի փոխարեն այսուհետև կլինի «սեռը՝ ծննդյան պահին» տերմինը։

Դա նշանակում է, որ մարդկանց սեռն անփոփոխ կմնա  նաև անձնական վկայականներում, որոնք հունգարացիները պարտավոր են մշտապես պահել իրենց մոտ։

Օրենքը խիստ քննադատության է արժանացել իրավապաշտպանների կողմից, որոնք պնդում են, որ այն կհանգեցնի խտրականության ուժգնացման ԼԳԲՏ-հանրության ներկայացուցիչների հանդեպ։ Ընդդիմադիր պատգամավորներից մեկն այն անվանել է «կործանարար»։

Սակայն կառավարությունը, վարչապետ Վիկտոր Օրբանի գլխավորությամբ, պնդում է, որ այդ կերպ վերացվում է իրավաբանական անորոշությունը, որի պատճառով դատարանները և վարչական մարմինները չէին հասկանում, թե ինչպես մեկնաբանեն «սեռ» բառը։

Փոխանցում է BBC-ն։