21.05.2020 17:45

«Պատահական» զուգադիպություննե՞ր

«Պատահական» զուգադիպություննե՞ր

Զարմանահրաշ բաներ են տեղի ունենում հետհեղափոխական Հայաստանում: Առաջին հայացքից իրար հետ ոչ միայն որեւէ աղերս չունեցող, այլեւ հակադիր, գաղափարապես եւ կենսակերպով լիովին հակառակ ուժերի եւ գործիչների խոսքում որոշակի նմանություն է նկատվում, երբեմն` լիովին նույնական:

Ճիտ է, նրանցից յուրաքանչյուրը իր պնդումը «հիմնավորում» է սեփական զանգակատնից եւ սեփական քաղաքական շահերի համատեքստում, բայց եթե վերանանք դետալներից, կնկատենք, որ հիմնական ասելիք-պահանջը նույնն է:

Այն է` իշխանությունը այս կամ այն հարցին չի կարողացել/չի կարողանում լուծում տալ, իշխանությունը, փաստացի, չի կարողանում վերահսկել  այս կամ այն ոլորտը, ուստի նրանք եւ առավելապես՝ Փաշինյանը, պետք է հեռանան, Հայաստանում պետք է ձեւավորվի անցումային, փոխզիջումային, հակաճգնաժամային կառավարություն (անվանումը ամեն մեկը իր քաղաքական ճաշակին համապատասխան է դնում), այդ կառավարությունը պետք է լուծի առաջնային խնդիրները (խնդիրն էլ ամեն մեկը էլի իր քաղաքական ճաշակին համապատասխան է համարում. մեկը կարծում է, որ խնդիր է այն, որ Փաշինյանը չի նվազեցրել ռուսական ազդեցությունը եւ փոխարենը ավելացրել Արեւմտյանը, մյուսը կարծում է, որ, հակառակը, ավելացրել է Արեւմտյան ազդեցությունը եւ փչացրել հայ-ռուսական հարաբերությունները, եւ այլն եւ այսպես շարունակ), ինչից հետո արդեն արտահերթ ընտրություններ պիտի տեղի ունենան:

Եւ ամեն օր ասպարեզ են գալիս նորանոր գործիչներ, որոնք մարդկանց հավաստիացնում են, թե իրենք պիտի փրկեն հեղափոխությունը:

Եւ զավեշտը երբեմն հասնում է աներեւակայելի չափերի, երբ, օրինակ, մինչեւ Սերժ Սարգսանի հրաժարականը վերջինիս իշխանության մաս կազմած եւ իր ամբողջ կարողությունները Սարգսյանի իշխանությանը ծառայեցրած, հեղափոխության արդյունքում պաշտոնից զրկված եւ ավտոմատ կերպով «ընդդիմադիր» դարձած մարդիկ են հայտարարում, որ փրկելու են հեղափոխությունը: Մարդիկ, որոնք ոչ միայն կապ չունեն այդ հեղափոխության հետ, այլեւ հենց այդ հեղափոխությունը նաեւ իրենց ու իրենց գործունեության դեմ էր:

Ընդ որում, այս զարմանալի զուգադիպությունը մտածելու տեղիք է տալիս, թե արդյո՞ք այս՝ առաջին հայացքից իրար հետ աղերս չունեցող անձինք իսկապես իրար հետ ոչ մի կապ չունեն, եւ ինչպե՞ս է տացվում, որ նրանք պատահաբար ու միաժամանակ որդեգրում են նույն հռետորաբանությունը:

Այս հռետորաբանությանն էլ, փաստացի, «օգնության» են հասել կորոնավիրուսն ու համավարակի բերած խնդիրները, էլ մեկ էլ ե՞րբ պիտի ավելի հարմար առիթ ստեղծվի, երբ երկնքից մանանայի պես, ուղղակի իրար հերթ չտալով՝ խնդիրներ են թափվում:

Բայց արդյո՞ք սրա պատճառը միայն կորոնավիրուսն է եւ դրա պատճառով «առիթավորվելու» մղումները:

Հաստատապես` ոչ:

Քոչարյանա-սերժական եւ հարակից այլ ուժերին «առիթավորվելու» տեղ է տալիս նաեւ իշխանությունը, երբ շատ ասում է, անում է քիչ, երբ սպառնում է օրենքը ողջ խստությամբ կիրառել, բայց ամեն անգամ կիրառելու ժամանակ մի անակնկալ խնդիր է ի հայտ գալիս, երբ իշխանությունները ջանում են ամեն ինչում աննախադեպ լինել, եւ անընդհատ աննախադեպության հետեւից ընկնելով` դժվարությամբ են որեւէ հարց մինչեւ տրամաբանական ավարտին հասցնում, երբ աննախադեպության հետեւից ընկած՝ չեն ապահովում թիմային կարգապահություն: Այո, վիրուսը լուրջ հարված է: Բայց եթե այն հնարամտորեն շահարկվի, ավելի լուրջ հարված կդառնա:

Արսեն Օհանյան