25.05.2020 15:20

Վճռաբեկը արդարացրել է Մասիս Այվազյանին եւ բեկանել Արամ Բարեղամյանի դատավճիռը. 1lurer.am

Վճռաբեկը արդարացրել է Մասիս Այվազյանին եւ բեկանել Արամ Բարեղամյանի դատավճիռը. 1lurer.am

Հայաստանի Վճռաբեկ դատարանն այսօր արդարացրել է Մարտի 1-ի գործով նախկին դատապարտյալ Մասիս Այվազյանին՝ հռչակելով նրա անմեղությունը: Այդ մասին ՝ 1lurer.am-ի փոխանցմամբ, ֆեյսբուքյան իր էջում գրել է Այվազյանի որդին՝ Նարեկ Այվազյանը:

Այվազյանը ձերբակավել էր 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան, հունիսի 11-ին իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեղադրանքով դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման:

2019 թ. դեկտեմբերին ՀՀ գլխավոր դատախազությունը, ի թիվս այլ գործերի, վճռաբեկ բողոք էր ներկայացրել նաև Մասիս Այվազյանի գործով: Ըստ այդ բողոքի, գործի քննության ընթացքում թույլ են տրվել դատավարական իրավունքի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը անօրինական և չհիմնավորված է և խաթարում է արդարադատության բուն էությունը:

Վճռաբեկ դատարանն այսօր նաեւ բեկանել է Մարտի 1-ի գործով նախկին դատապարտյալ, ՀԱԿ վարչության անդամ Արամ Բարեղամյանի դատավճիռը՝ այն կրկին քննության ուղարկելով առաջին ատյանի դատարան:

Այս մասին 1lurer.am-ը տեղեկացավ Արամ Բարեղամյանից:

2018 թ. նոյեմբերին Գլխավոր դատախազությունը, երևան եկած նոր հանգամանքների հիման վրա, որոշում էր կայացրել վերանայելու Արամ Բարեղամյանի գործը, իսկ 2019 թ. հունվարին դիմել վճռաբեկ դատարան:

Բարեղամյանի դեմ այն ժամանակ ցուցմունք տված անձը տասը տարի անց նոր ցուցմունք է տվել ու նշել, որ 2008 թվականին քննության ընթացքում ճանաչման ներկայացնելիս, ինչպես նաև դատավարական այլ գործողությունների ընթացքում, իրականում համոզված չի եղել, որ հենց Բարեղամյանն է եղել իրեն վնասվածք պատճառողը, սակայն հաստատել է այդ փաստը:

Արամ Բարեղամյանը 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամաննակ եղել է նախագահի թեկնածու Լևոն Տեր֊Պետրոսյանի Հրազդանի նախընտրական շտաբի պետը:

2008-ին Բարեղամյանը մեղավոր էր ճանաչվել և դատապարտվել 6 տարվա ազատազրկման՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և նրան ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար։