26.05.2020 19:39

Կարանտինային ԱՄՆ․ Հիշատակի օրվա առթիվ լողափերին ասեղ գցելու տեղ չկար

Կարանտինային ԱՄՆ․ Հիշատակի օրվա առթիվ լողափերին ասեղ գցելու տեղ չկար

Հազարավոր ամերիկացիներ մայիսի 25-ին՝ «Հիշատակ մեռելոց»-ի և դրան նախորդող հանգստյան օրերին, հեղեղել են ծովափերը՝ արհամարհելով բոլոր հակահամաճարակաբանական կանոնները։

Ֆլորիդա նահանգի ոստիկանությունը շաբաթ օրը ցրել է Դեյթոն-Բիչ լողափւիմ հավաքված մի քանի հարյուր հոգու։ Միսսուրիում Օզարք լճի սրճարանները լիքն են եղել ֆիզիկական հեռավորություն չպահպանող այցելուներով։

Սպիտակ տան՝ կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքային խմբի համակարգող Դեբորա Բիրքսն ուղղակի ցնցվել է, երբ այդ տեսարանները ցույց են տվել նրան։

«Մենք միանգամայն հստակ ու մշտապես ասում ենք, որ սոցիալական հեռավորության պահպանումն անհրաժեշտ է։ Եթե դուք շինությունից դուրս եք ու չեք կարող հեռավորություն պահպանել, ապա պետք է դիմակ կրեք»,- հայտարարել է նա հեռուստատեսությամբ։

Հիշատակաց օրը պետական տոն է, որ նշվում է մայիսի վերջին երկուշաբթի օրը՝ ի հիշատակ Միացյալ Նահանգների մղած բոլոր պատերազմներում զոհվածների։ Ամերիկացիների մոտ այն ասոցացվում է ամառվա մեկնարկի հետ։

Փոխանցում է BBC-ն։