29.05.2020 12:30

Դանիայում վիրտուալ տրիբունա են ստեղծել. երկրպագուները ֆուտբոլ են դիտել Zoom-ով

Դանիայում վիրտուալ տրիբունա են ստեղծել. երկրպագուները ֆուտբոլ են դիտել Zoom-ով

Համավարակի ընթացքում տեսազանգերը միլիոնավոր մարդկանց կյանքի կարևորագույն մասն են դարձել: Աշխատանքային կոնֆերանսներ, կապ հարազատների հետ, տարատեսակ համերգներ և շոուներ: Հիմա արդեն տեխնոլոգիաներն օգտագործվել են ֆուտբոլում:

Մայիսի 28-ին վերսկսվել է Դանիայի առաջնությունը: Փետրվարի վերջից երկրում խաղերն անցկացվում են առանց հանդիսականների, իսկ մարտի 9-ին առաջնությունն առհասարակ դադարեցվեց: Հիմա այն վերսկսվել է (իհարկե, առանց հանդիսականների) և բացվել է «Օրհուս»-«Ռաններս» խաղով: 

Խաղի հանդեպ հետաքրքրությունն ահռելի էր՝ շնորհիվ «Օրհուսի» հետաքրքիր գաղափարի. ակումբը տնային մարզադաշտում հսկայական էկրան էր տեղադրել, որն անվանել են աշխարհի առաջին վիրտուալ տրիբունա: Երկրպագուները տեսազանգով հետևել են հանդիպմանը, իսկ ֆուտբոլիստները տեսել են, թե ինչպես են իրենց համար անհանգստանում: Նույնիսկ առանձին սեկտոր է ստեղծվել «Ռաններսի» երկրպագուների համար: 

«Մենք փորձել ենք վերստեղծել խաղի մթնոլորտը, որ ֆուտբոլիստները կարողանան զգալ այն երկրպագուների աջակցությունը, ովքեր չեն կարողանում հաճախել խաղին: Ֆուտբոլիստները լսում են երկրպագուներին ու տեսնում են նրանց հենց իրենց կողքին»,- ասել է նախագծի գլխավոր կոորդինատոր Սորեն Կարլսենը:

Սրան գումարած՝ տրիբունաներում փակցվել են նաև երկրպագուների թղթե պատկերները:

40×2,8 մետր չափսեր ունեցող վիրտուալ տրիբունան կազմված է եղել հսկայական էկրաններից, որոնք միաժամանակ հեռարձակել են 200 երկրպագուների պատկերներ: Էկրանները տեղակայված են եղել 22 սեկտորներում, իսկ հեռարձակման գները տատանվել են՝ կախված տեղից: Այնպես, ինչպես հանդիսականներով խաղի ժամանակ:

Ի դեպ, մարզադաշտում լսվել են նաև երկրպագուների ձայները: Ոչ հարիր արտահայտությունների կամ վիրավորանքների դեպքում երկրպագուների կապն անջատվել է մոդերատորների կողմից: Այս ամենին մի քանի թվային ստյուարդ է հետևել:

Դանիական մեկ այլ ակումբ՝ «Միդտյուլանն» այլ գաղափար ունի: Այստեղ իսկական ավտոկինոթատրոն են տեղադրում: Մարզադաշտի կայանատեղիում տեղակայվում են հսկայական էկրաններ: Կայանատեղի թույլատրվում է մինչև 200 մեքենայի մուտքը: Այսպես, երկրպագուները կկարողանան պայմանականորեն միասին ֆուտբոլ դիտել: