29.05.2020 11:19

Կարանտինը ԵՄ-ում․ Բոլորդ՝ դո՛ւրս

Կարանտինը ԵՄ-ում․ Բոլորդ՝ դո՛ւրս

Ֆրանսիայում իշխանությունները հայտարարել են, որ, փաստորեն, հաջորդ երեքշաբթի օրվանից բոլոր սահմանափակումները դադարում են գործել։ Երկրով կարելի է ազատ տեղաշարժվել, նույն օրը կբացվեն բարերը, ռեստորաններն ու սրճարանները, միայն Փարիզում և նրա արվարձաններում առայժմ կթույլատրվի  սուրճի գավաթի շուրջ ժամանակ անցկացնել բացօթյա, այլ ոչ թե փակ տարածքում։

Բարձր դասարանցիները կվերադառնան դպրոց, բայց այս քայլը նույնպես վերապահումներ ունի․ դասասենյակում 15 հոգուց ավելի մարդ չպետք է լինի, ներառյալ դասավանդող ուսուցիչը։

Հարևան երկրների հետ սահմանները կբացվեն հունիսի 15-ին։

Բրիտանիայում հաջորդ շաբաթվանից թույլատրվում է հյուր գնալ, բայց այնպես, որ սեղանի մոտ վեց հոգուց ավելի մարդ միաժամանակ չհավաքվի, և բոլոր հանդիպումները տեղի ունենան բաց տարածքում։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է վարչապետ Բորիս Ջոնսոնը։ «Մինչև հիմա թույլատրվում էր հանդիպել զբոսայգիներում, իսկ հիմա մենք կարծում ենք, որ մարդիկ կարող են հանդիպել նաև իրենց սեփական պարտեզներում ու բակերում, մեծ տարբերություն և համաճարակաբանական սպառնալիք դրանում չկա»։

Covid-19-ից աշխարհում մահացել է 362 հազար մարդ։ Մահվան դեպքերի գրեթե մեկ երրորդը ԱՄՆ-ում է։ ԵՄ-ում ամենաշատ զոհեր եղել են Իտալիայում, Ֆրանսիայում և Իսպանիայում։

Փոխանցում է euronews-ը։