29.05.2020 11:38

Գերմանիայի ԱԳՆ-ն կիբեռգրոհների առիթով կանչել է ՌԴ դեսպանին

Գերմանիայի ԱԳՆ-ն կիբեռգրոհների առիթով կանչել է ՌԴ դեսպանին

Գերմանիայի ԱԳՆ-ն բունդեսթագի սերվերների վրա ցանցահենների հարձակման գործի կապակցությամբ զրույցի է կանչել Ռուսաստանի դեսպան Սերգեյ Նեչաևին։ Գերատեսչության հայտարարության մեջ ասվում է, որ պաշտոնական Բեռլինը դատապարտում է այդ գրոհները և ամեն բան կանի, որպեսզի համաեվրոպական պատժամիջոցներ սահմանվեն բոլոր նրանց նկատմամբ, ովքեր կապ ունեն այդ կիբեռգրոհների հետ։

Ռուսաստանը պնդում է, որ ինքը ոչ մի առնչություն չունի դրանց հետ։ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ գերմանական կողմը փաստեր չի ներկայացրել, թե Մոսկվան կապ ունի այդ հարձակման հետ։

2015 թ․ ապրիլ-մայիսին բունդեսթագի ցանցը կոտրելու միջոցով գողացվել էր ավելի քան 15 ԳԲ տեղեկատվություն։ Տվյալները պահպանելու նպատակով, ինչպես հաղորդել էր գերմանական մամուլը, ստիպված էին եղել ժամանակավորապես դադարեցնել խորհրդարանի էլեկտրոնային սպասարկումը։

Մայիսի սկզբին Գերմանիայի գլխավոր դատախազությունն այդ գրոհին առնչվելու կասկածանքով միջազգային հետախուզում հայտարարեց ռուսաստանցի Դմիտրի Բադինի նկատմամբ, որին համարում են ռուսաստանյան հետախուզության հետ կապ ունեցող Fancy Bear հակերական խմբի անդամ։ Այն ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց, որ ծանրակշիռ ապացույցներ կան այդ հարձակմանը Մոսկվայի առնչության վերաբերյալ և Ռուսաստանին մեղադրեց հիբրիդային պատերազմների ռազմավարություն կիրառելու համար։

Փոխանցում է euronews-ը։