29.05.2020 15:22

Լիզա Ճաղարյան. «Բա որ ես էլ ծիտիկ դառնամ»

Լիզա Ճաղարյան. «Բա որ ես էլ ծիտիկ դառնամ»

Կորոնավիրուսի գոյությանը հավատացող համառ «խավարամիտներիս» դիմակը պատռող «լուսավորիչները» ո՛չ միայն չեն դադարում իրենց «հիմնավորումներով» ռմբակոծել հասարակությանը, հետն էլ «խղճի դատավոր» են դարձել ու փորձում են ահաբեկել մոտավորապես այս ոճով՝ բա որ պարզվի՝ ճիշտը մե՞նք էինք, բա որ պարզվի՝ իրոք էս կորոնավիրուսը չկա, էն չիպերն էլ... Եվ այլն։

Լա՛վ, եթե՝ «բա որ», ուրեմն՝ բա որ...

Բա որ պարզվի՝ ոչ մի կորոնավիրուս էլ չկա, եւ սա բիլգեյթսյան կամ սիոնիստական, կամ՝ եսիմինչական դավադրություն է, կամ էլ՝ միջգալակտիկական դավադրություն է էս մեր աչքի փուշ մոլորակի դեմ, ապա «խավարամիտներս» ընդամենը հայտնվում ենք ծիծաղելի վիճակում եւ առնվազն դառնում ենք ֆեյսբուքյան հեգնանքի ու սարկազմի առարկա, իսկ դավադրության կազմակերպիչներին էլ, պարզ է, «լուսավորիչները» կա՛մ կախում են, կա՛մ քառատում են, իսկ ով էլ որ «արդարության» ճանկերից դուրս է պրծնում, Հաագայի դատարանում տեղը տեղին դատում են եւ բանտախցում փակում՝ ասելով՝ մեկուսացնում էիք, հա՞, ողջ մարդկությանը, դե հիմա մինչեւ ձեր կյանքի վերջը մեկուսացեք, որ հասկանաք, թե ձեզ հավատացողների հալն ինչ էր։

Իսկ եթե վաղուց պարզվա՞ծը պարզվի։ Այսինքն, ձեր «բա որ պարզվի»-ն շարունակի մնալ «բա որ»-ի վիճակո՞ւմ։

Ա՛յ, այս դեպքում «լուսավորիչներիդ» հանդեպ ծաղրուհեգնանքը ամենացանկալի դատավճիռը կթվա հենց ձեզ համար (եթե, իհարկե, այդ «խիղճ» ասվածը ձեզ համար միայն տառերի անիմաստ շարան չէ)։ Որովհետեւ նույնիսկ այս դեռեւս «չպարզված» իրավիճակում՝ ձեր հակակորոնավիրուսային կատաղի քարոզչությամբ դուք հանցագործություն եք կատարում ողջ մարդկության նկատմամբ։

Ես վստահ եմ (ինձ հակառակն ապացուցելն ուղղակի անհնար է), կրկնեմ՝ վստահ եմ, որ այս հակաքարոզչության լծվածների գերակշռող մասը պահպանում է կորոնավիրուսի դեմ պայքարի համար հռչակված բոլոր կանոնները եւ առանձնահատուկ գուրգուրանքով է վերաբերվում իր սեփական թանկագին անձի առողջությանը, հուսանք՝ նաեւ իր մերձավորների առողջությանը։ Եվ սրան զուգահեռ՝ այս նույն մարդիկ լկտի հետեւողականությամբ ապակողմնորոշում են դավադրությունների նկատմամբ ակնհայտ թուլություն ունեցողներին եւ այս մարդկանց նետում կորոնավիրուսի երախը, նրանց հետ միասին՝ նաեւ «խավարամիտներիս»։

Ո՞րն է հանցագործություն մարդկության նկատմամբ։ «Խավարամիտներիս» կեցվա՞ծքը, որ «միամտորեն» հավատում ենք մեր աչքի տեսածին (իսկ մեր տեսածը միլիոնավոր վարակակիրներն են ու հարյուր հազարավոր հանգուցյալները) եւ հավատալով՝ ենթարկվում ենք պետության պահանջներին՝ չվարակվելու եւ ուրիշներին, նաեւ՝ «լուսավորիչներին» չվարակելու համար, թե՞ այս, այսպես կոչված՝ դավադրություններ բացահայտողների կատաղի քարոզչությունը, որ սրանց «բացահայտումները» կուրորեն կուլ տվող բազմաթիվ մարդկանց անպաշտպան է դարձնում վարակի նկատմամբ։

Կասեք՝ բա տնտեսական ճգնաժամը, բա որ էլ ազատ չենք թափառում եւ ուզած ժամանակ չենք պաչպչվում, բա որ էլ առաջվա պես ազատ-անկախ մեր քուչեքում չենք «պպզում»... 

Հենց դուք էլ շարունակեք, թե է՛լ ինչերից եք (ենք) զրկվել, զրկվում եւ դեռ զրկվելու ենք այս համաճարակի շրջանում, եւ այդ բոլոր «կորուստները»՝ առանձին-առանձին ու բոլորը միասին, դրեք կշեռքի մեկ նժարի վրա, իսկ մյուս նժարին դրեք մարդկային ընդամենը մե՛կ կյանք։

Դրեցի՞ք։

... Իսկ հիմա մտածեք, թե ձե՛ր իսկ խղճի տված «բա որ» հարցի պատասխանը ոնց եք տալու, եթե մի օր այդ նժարին դրվի ձեր սիրելի հարազատի կյանքը։

Չե՛մ ցանկանում, փորձում եմ սթափեցնել։

Առողջ եղեք։