29.05.2020 17:24

Անկարգություններ Միննեապոլիսում․ Ցուցարարներն այրել են ոստիկանության բաժինը

Անկարգություններ Միննեապոլիսում․ Ցուցարարներն այրել են ոստիկանության բաժինը

Միննեապոլիսում շարունակվում են անկարգությունները, որոնք սկիզբ են առել 46-ամյա աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո։ Ֆլոյդին  ձերբակալելիս ոստիկանները խեղդամահ են արել նրան։

Ուրբաթ գիշերը ցուցարարները շրջապատել են ոստիկանության բաժինը, որտեղ աշխատում էին Ֆլոյդին ձերբակալող ոստիկանները։ Բաժանմունքի աշխատակիցները բարձրացել են շենքի տանիք և փորձել են ցրել ամբոխը լուսաձայնային նռնակների ու արցունքաբեր գազի օգնությամբ։

Երբ ոստիկաններին տարհանել են ուղղաթիռով, ցուցարարները ներխուժել են բաժին և հրկիզել այն, փոխանցում է Fox News-ը։

Նախորդ օրը նույնպես բախումներ են եղել ոստիկանության բաժնի մոտ․ ցուցարարները փորձել են ներս մտնել, իսկ ոստիկանները կենդանի շղթա են կազմել նրանց ճանապարհին։

Այս գիշեր Միննեապոլիսի քաղաքապետ Ջեյքոբ Ֆրեյը քաղաքում 72 ժամով արտակարգ դրություն է մտցրել, իսկ Մինեսոթայի նահանգապետ Թիմ Ուոլցը հրամանագիր է արձակել անվտանգությունն ապահովելու նպատակով Ազգային գվարդիայի ստորաբաժանումներ ներգրավելու վերաբերյալ։ Այդ խնդրով նրան դիմել են Միննեապոլիսի հարևան Սենթ-Փոլ քաղաքի իշխանությունները, որտեղ նույնպես անկարգություններ են սկսվել։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում գրել է, որ Ազգային գվարդիայի մարտիկներ կարող է ուղարկել նաև Միննեապոլիս։

Փոխանցում է BBC-ն։