31.05.2020 12:52

Աշոտ Սարգսյան. Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի («Ղարաբաղ» կոմիտեի) պատմական դերը

Աշոտ Սարգսյան. Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի («Ղարաբաղ» կոմիտեի) պատմական դերը

1989թ. այս օրը, մայիսի 31-ին, «Ղարաբաղ» կոմիտեն ազատ արձակվեց մոսկովյան բանտերից։ Հատված պատմաբան Աշոտ Սարգսյանի «Ղարաբաղյան շարժման պատմություն»-2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ» շուտով հրապարակվելիք գրքից

 

Ղարաբաղյան կամ Հայկական ժողովրդավարական շարժման ղեկավար մարմնի՝ Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի (ընդունված էր կարճ կոչել «Ղարաբաղ» կոմիտե) վերջին պաշտոնական նիստը կայացավ 1990 թ. օգոստոսի 3-ին՝ օրակարգում ունենալով ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնի համար թեկնածության առաջադրումը։

Հայոց պատմության մեջ իր բնույթով եւ արդյունավետությամբ աննախադեպ էր «Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն»՝ որպես քաղաքական կառույց։ Նրա գործունեության համառոտ ամփոփումն այսպիսի պատկեր է ներկայացնում։ 

Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն փոխարինեց Շարժման առաջին երեք ամիսների ղեկավարությանը 1988թ. մայիսի վերջին։ Նրանում ընդգրկվեց Շարժման նախկին ղեկավարության մի մասը՝ լրացվելով նույն ամիսներին իրենց դրսեւորած եւ ճանաչում գտած նոր գործիչներով։ Երկու տարուց ավելի, մինչեւ կոմունիստական դարաշրջանի ավարտը, Շարժման ղեկավար մարմինը գործեց հստակ ձեւավորված ու անփոփոխ այս կազմով.

Բաբկեն Արարքցյան – Պետական համալսարանի դասախոս, դոցենտ,

ֆիզիկա‑մաթեմատիկական գիտությունների թեկնածու,

Համբարձում Գալստյան – պատմական գիտությունների թեկնածու, ազգագրագետ,

Սամվել Գեւորգյան – հեռուստալրագրող,

Ալեքսան Հակոբյան – պատմական գիտությունների թեկնածու,

Ռաֆայել Ղազարյան – ֆիզիկոս, ԳԱ թղթակից անդամ,

Սամսոն Ղազարյան – ուսուցիչ եւ լրագրող,

Վազգեն Մանուկյան – Պետական համալսարանի դասախոս, դոցենտ,

ֆիզիկա‑մաթեմատիկական գիտությունների թեկնածու,

Աշոտ Մանուչարյան – դպրոցի ուսմասվար,

Վանո Սիրադեղյան – գրող,

Դավիթ Վարդանյան – լաբորատորիայի ղեկավար, ֆիզիկա‑մաթեմատիկական

գիտությունների թեկնածու,

Լեւոն Տեր‑Պետրոսյան – Մատենադարանի ավագ գիտաշխատող, բանասիրական

գիտությունների դոկտոր։

Շարժման գործիչների այս միավորումը կազմվեց այն համոզմունքի հիման վրա, որ, նախ՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման համար սկսված պայքարը չի կարելի ընդհատել կամ սառեցնել (ինչպես կարծում էր Շարժման առաջին ղեկավարների «ավագ սերունդը»), այն պետք է շարունակել։ Երկրորդ՝ այդ շարունակությունը հնարավոր է ու կարող է արդյունքների հանգեցնել միայն այն դեպքում, եթե խնդիրն առավելագույնս հստակեցվի որպես ինքնորոշման իրավունքի ժողովրդավարական հարց եւ խարսխվի ընդհանուր, համակարգված ժողովրդավարական խնդիրների մի օրակարգի։ Հաշվարկն այսպիսին էր. ընդդեմ բռնության գործադրման «ադրբեջանական գործոնի»՝ ստեղծել ժողովրդավարական պայքարի «հայկական գործոն»։ Այս դեպքում Ադրբեջանական բռնության գործոնի եւ նրա դաշնակից Կենտրոնի դեմ որպես հակակշիռ հնարավոր կլիներ ձեռք բերել արդեն երեւացող ժողովրդավար տրամադրություններ ունեցող շրջանակների ու գործիչների, ինչպես նաեւ միջազգային հանրային կարծիքի աջակցությունն ու պաշտպանությունը։ Այլ խոսքով՝ պայքարի ծանրության կենտրոնը փակուղիների բերող իրավական հարթությունից տեղափոխել քաղաքական հարթություն՝ հստակորեն մերժելով Շարժման առաջին ամիսների՝ որպես պահանջատիրություն դրսեւորվող կամ այդպես մեկնաբանելի տրամադրություններն ու պատկերացումները։ Այդ կերպ Ղարաբաղի խնդիրը հնարավոր կլիներ դնել միմիայն ինքնորոշման սկզբունքի վրա, որդեգրել պայքարի քաղաքական մեթոդներ, առաջնորդվել իրատեսության սկզբունքով։

Իր քաղաքական բովանդակությամբ, մասնավորապես՝ հիմքում լայն ժողովրդավարական խնդիրներ դնելու հանգամանքով, այս ամենը նշանակում էր ճակատային պայքարի գնալ իշխող կոմունիստական գաղափարախոսության եւ խորհրդային համակարգի դեմ ընդհանրապես։ Տվյալ պահին դա ԽՍՀՄ մասշտաբով աննախադեպ քաղաքական խիզախումի մի օրինակ էր։

Բայց միաժամանակ՝ դա նշանակում էր նաեւ մարտահրավեր նետել հայ ավանդական քաղաքական մտքի իշխող պատկերացումներին ու դրանց պատվաստված սոցիալական խմբերին ու հասարակական խավերին, Սփյուռքում գործող կազմակերպություններին։ Այսինքն՝ բացի հիշյալ «արտաքին» հակառակորդից (ի դեմս խորհրդային համակարգի), ձեռք բերել մի երկրորդ, ոչ պակաս անհանդուրժող ու ոչ պակաս վտանգավոր, ներքին, ներազգային քաղաքական հակառակորդ։ Չհաշված մի քանի ողջախոհ մտավորական անհատների, հայ քաղաքական մտքի ավանդական պատկերացումների դեմ երբեւէ չէր ստեղծվել ու չէր գործել քաղաքական այսօրինակ որեւէ կառույց, ուստիեւ՝ տվյալ պահին դա քաղաքական խիզախումի աննախադեպ մի օրինակ էր նաեւ հայ իրականության կտրվածքով։

Կոմիտեին անդամագրվելու որոշումն իրական խիզախության դրսեւորում էր նաեւ Կոմիտեի անդամների անձնական կյանքի հարթության վրա։ Կոմիտեի անդամներից յուրաքանչյուրն, անշուշտ, գիտակցում էր, որ անձամբ իր համար ամենահավանական հեռանկարը անկանխատեսելի ժամանակով խորհրդային բանտերում հայտնվելն է։ Պետք է նկատի ունենալ, որ այդ պահին դեռ նոր-նոր էին սաղմնավորվում ժողովրդավարական շարժումները ԽՍՀՄ այլ հանրապետություններում, մինչդեռ Հայաստանում այն որակապես նոր քայլ էր անում։ Բացի այդ, ինչպես 1988-ին, անգամ 1990-91-ին, դեռ անհայտ էր, թե ինչպիսին կլինի ԽՍՀՄ ճակատագիրը, նույնիսկ աշխարհի հայտնի քաղաքական գործիչներ ու քաղաքագետներ չէին կանխատեսում ԽՍՀՄ նմանօրինակ արագ վախճանը։ Իսկ 1991թ. օգոստոսին Մոսկվայում տեղի ունեցած պետական հեղաշրջումը ցույց տվեց, որ հնարավոր էր նաեւ, որ ԽՍՀՄ-ը առժամանակ վերադառնա, ասենք, 30-ական թվականների քաղաքական ռեժիմին։

«Ղարաբաղ» կոմիտեն մինչեւ վերջ գործեց անփոփոխ կազմով, որպես համոխոհների եւ հավասարների համախումբ, չունեցավ իր նախագահը կամ ղեկավարը: Իրադրության թելադրանքով ու գործնական նկատառումներով որդեգրված այս ձեւը, թերեւս, դարձավ նաեւ նրա ուժի, հեղինակության եւ հաջողությունների կարեւոր գրավականներից մեկը:

Կոմիտեի անդամներից յուրաքանչյուրը հսկայական ծանրություն եւ պատասխանատվություն էր ստանձնել, անմնացորդ կատարում էր իր գործը, փոխադարձաբար լրացնում միմյանց: Այն իրավիճակներում, երբ ֆիզիկապես հնարավոր չէր խորհրդակցել, Կոմիտեի անդամներից յուրաքանչյուրը նաեւ կարեւոր հարցերում անձնական որոշումներ ընդունելու լիազորություն ուներ։ Հարցերի քննարկման անկաշկանդ մթնոլորտ, աշխատանքի եւ բնագավառների բնական բաժանում եւ ներդաշնակություն կար Կոմիտեում: Կոմիտեի անդամների վկայությամբ՝ ամենաբուռն քննարկումներ ու բանավեճեր էին լինում նրա նիստերում։ Սակայն դժվար է հիշել դեպք, երբ որեւէ հարցում նա հասարակությանը ներկայանար ոչ միասնական, ոչ հստակ, չպատճառաբանված ու չհիմնավորված դիրքորոշմամբ: Դա ավելացնում ու բազմապատկում էր նրա հեղինակությունը եւ իր նկատմամբ հասարակական վստահությունը։

Ավելի քան երկու տարի Կոմիտեն, ըստ էության, գործում էր որպես հանրապետության երկրորդ իշխանություն՝ իր ազդեցությամբ հաճախ գերազանցելով պաշտոնական իշխանություններին։ Այդ իշխանությունը նա իրականացնում էր համաժողովրդական վստահության ու աջակցության պայմաններում։ Երկու տարվա ընթացքում ՀԽՍՀ օրենսդիր մարմնի ընդունած հայտարարությունների, որոշումների զգալի մասի, թերեւս՝ հարյուրի չափ, նախագծերը կազմվել էին Կոմիտեում կամ ՀՀՇ վարչությունում։ Իսկ 1988թ. նոյեմբերի 24-ին Գերագույն խորհրդի՝ Կոմիտեի կոչով Օպերային թատրոնի շենքում հրավիրված նիստը նշանակում էր, որ երկիշխանական դրությունը վերածվում էր Շարժման մենիշխանության։

Կոմիտեի հարյուրհազարանոց հանրահավաքները հիշեցնում էին հին հունական ժողովրդավարության «ժողովրդական ժողովները» («Ագորա»), որի մասնակից յուրաքանչյուր քաղաքացի զգում էր իր ներկայության կարեւորությունը, ձայնի արժեքը եւ իրադարձություններին բերած գործնական մասնակցությունը։ Հանրահավաքներում կարեւորագույն որոշումներ էին ընդունվում, ապա դրանք պարտադրվում կոմունիստական իշխանություններին կամ իրականացվում Շարժման կառույցների ու մասնակիցների ուժերով։ Կոմիտեի շուրջ ինքնաբերաբար ձեւավորվել էր յուրատեսակ բազմանդամ մի աշխատակազմ՝ Շարժման գործուն մասնակիցներից, տեղական կառույցների ղեկավարներից։ Երկուսուկես տարում այդ ակտիվը ձեռք բերեց ոչ միայն քաղաքական պայքարի, այլեւ իշխանության գործնական իրականացման հարուստ փորձ։

Կոմիտեի հանրահավաքները միայն քաղաքական պայքարի ու ժողովրդի իշխանության իրականացման միջոց չէին։ Դրանք նաեւ, հաճախ՝ առաջին հերթին, վերածվում էին նաեւ քաղաքական գիտելիքների ձեռքբերման բաց համալսարանի: Հանրապետությունում, Խորհրդային Միությունում եւ աշխարհում կատարվող նշանակալից իրադարձություններն այստեղ մանրամասն ու մատչելի վերլուծվում էին։ Բայց շատ ավելի կարեւոր էր երկրորդ ուղղությունը. Կոմիտեի անդամները, ի տարբերություն Շարժման առաջին ամիսների ղեկավարության, հաճախ ստիպված էին լինում խոսել նաեւ «դժվար» թեմաներով: Խոսքը չի վերաբերում Մոսկվայի կամ Հայաստանի իշխանության մարմինների կամ առանձին ղեկավարների դեմ ուղղված համարձակ ելույթներին, նրանց անողոք քննադատությանը ու գնահատականներին: Հանրությունը ու, մանավանդ հանրահավաքների մշտական մասնակիցները, վաղուց արդեն պատրաստ էին ծափահարություններով ընդունել նման ելույթները: Խոսքը վերաբերում է այն ելույթներին, որոնք հակադրվում էին հայ հասարակական-քաղաքական մտքի ավանդական պատկերացումներին՝ կեղծ-հայրենասիրության, կեղծ-ազգային, կեղծ-քաղաքական արժեքներին, որոնք ամրորեն նստած էին շատերի մտապատկերում։ Եւ սա, որքան էլ չնկատվող ու չնկատված, սակայն Կոմիտեի պայքարի ամենադժվարին ճակատն էր: Հարյուր հազարանոց բորբոքված, ամեն վայրկյան անկառավարելի ամբոխի վերածվելու եզրագծին կանգնած մարդկային զանգվածի առջեւ այսպիսի թեմաներով ելույթները ոչ միայն լուրջ պատրաստություն, նյութի իմացություն էին պահանջում, խոսքի արվեստ, հեղինակություն, այլեւ, առաջին հերթին, բացառիկ քաղաքական հանդգնություն ու քաջություն: Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն ունեցավ այդ պատրաստությունը, հանդգնությունը եւ քաջությունը:

1988 թ. օգոստոսի 19-ին Կոմիտեն հանդես եկավ Շարժմանը «Հայոց համազգային շարժում» անվամբ կազմակերպական ձեւ տալու նախաձեռնությամբ՝ ներկայացնելով դրա քաղաքական ծրագիրը: Եւ այդ Ծրագիրն իր հիմնադրույթներով ու արժեքային համակարգով առաջին մարտահրավերն էր կոմունիստական գաղափարախոսությանը եւ ռեժիմին։ Բայց որպես այդպիսին այն մարտահրավեր էր նաեւ հայ հասարակական-քաղաքական մտքի արդեն դարավոր, ավանդական կարծրատիպերին, սրբագործված պատկերացումներին, գլխիվայր շրջված ողջ քաղաքական արժեքային համակարգին եւ գործելակերպին: Կոմիտեի գործունեության ավելի քան երկու տարվա ընթացքում սա կարելի է համարել նրա քայլերի ու նախաձեռնությունների մեջ ամենախիզախը, ամենաշրջադարձայինն ու ամենաարդյունավետը: Դրանով «մեկ հարցի» Շարժումը վերջնականապես ու հիմնավորապես վերածվեց ընդհանուր հիմքով ժողովրդավարական շարժման՝ Լեռնային Ղարաբաղի՝ այդ հիմքին խարսխված խնդրին տալով նույնպիսի՝ ժողովրդավարական հարցի բովանդակություն։ Որպես վերջնանպատակ՝ հստակ ուրվագծվեց պետական անկախության հասնելու գաղափարը: Քաղաքական այդ ծրագրով սկիզբ դրվեց ժողովրդին հոգեբանորեն ընկճող՝ ցեղասպանության բարդույթից ազատելուն, ազգային ինքնավստահության եւ սեփական ուժերի նկատմամբ հավատի ձեռքբերմանը։ Շարժման մեջ ձեւավորվեց իրական քաղաքական մտածելակերպով օժտված գործիչների ստվար մի խումբ, աստիճանաբար արմատական փոփոխություններ կրեցին նաեւ հասարակական պատկերացումները։

Մարդկանց ու նրանց խմբերի հոգեբանությունն ուսումնասիրող գիտության արձանագրմամբ՝ մարդկային անգամ ոչ մեծ խմբերը, զգացումների տրվելով, հակված են ձեռք բերելու ամբոխի հատկանիշներ ու գնալու չկշռադատված քայլերի ու գործողությունների։ Դա առավել եւս անխուսափելի է համարվում հոծ զանգվածների համար՝ սովորաբար կործանարար հետեւանքներով։ Երբեմն դրա համար բավարար է լինում ամենափոքր կայծը, ամենաչնչին սադրանքը։ Երկուսուկես տարվա ընթացքում հարյուրհազարանոց հանրահավաքներում հաճախ եղան ե՛ւ նմանօրինակ կայծեր, ե՛ւ բազմաթիվ սադրանքներ ու առիթներ։ Որեւէ անգամ դրանք լուրջ հետեւանքներ չունեցան։ Կոմիտեի անդամները ժամանակին եւ հաջողությամբ կարողանում էին կանխել չմտածված գործողություններն ու դեպքերի անկանխատեսելի, վտանգավոր ընթացքը։ Նրանց հաջողվեց 1988-90թթ. բուռն փոթորիկների պայմաններում ամուր պահել Շարժման ղեկը եւ համաժողովրդական շարժման հսկայածավալ նավը, ինչպես ասում են, հասցնել խաղաղ նավահանգիստ, ավելի ճիշտ՝ հաղթական հանգրվանի։

Համոզված լինելով հանդերձ, որ իր գործունեությունը ցանկացած պահի կարող է ընդհատվել ձերբակալություններով ու ազատազրկմամբ՝ «Ղարաբաղ» կոմիտեն դրանից խույս տալու համար երբեւէ չդավաճանեց Շարժման տրամաբանությանը եւ օրակարգային հարցերին։ Ընդհակառակը՝ երբ ազատազրկման այդ հեռանկարը դարձավ ավելի քան իրական, Շարժման շարունակականությունն ապահովելու համար նա 1988թ. հոկտեմբերին ստեղծեց իրեն փոխարինող (գաղտնի) մի կազմ (Երջանիկ Աբգարյան, Դավիթ Շահնազարյան, Ավետիք Իշխանյան, Արշակ Սադոյան, Ալբերտ Բաղդասարյան, Սմբատ Հակոբյան), որը եւ Կոմիտեի անդամների վեցամսյա ազատազրկման շրջանում նույն հաջողությամբ ղեկավարեց Շարժումը։

«Ղարաբաղ» կոմիտեն հայ քաղաքական իրականության մեջ, կարելի է ասել, աննախադեպ հաջողված եւ կայուն քաղաքական թիմ էր: Նրա առջեւ ծառացած խնդիրները տասնապատիկ ավելի ծանր ու բարդ էին, քան այդ տարիներին ԽՍՀՄ-ում եւ Արեւելյան Եւրոպայում ժողովրդավարական շարժումներից որեւէ մեկի առջեւ դրված հարցերը: Նրա դեմ գործող ուժերը շատ ավելի անհանդուրժող էին, ագրեսիվ ու վտանգավոր, քան մյուս երկրների ժողովրդավարական շարժումների դեմ գործողները: «Ղարաբաղ» կոմիտեի հաջողության կարեւորագույն գրավականն այն էր, որ նա կարողացավ ոչ միայն առաջնորդել Շարժումը, այլեւ հաճախ դեմ գնալ հասարակական կարծիքին եւ իշխող պատկերացումներին, ուղղել եւ ուղղորդել հասարակական կարծիքը, փոխել քարացած, սրբագործված ավանդական պատկերացումները։ Պատմականորեն իրեն տրված շատ կարճ ժամանակահատվածում նա իր դերը կատարեց բացառիկ պատասխանատվությամբ եւ արդյունավետությամբ՝ ապահովելով հնարավոր առավելագույն քաղաքական արդյունքներ:

Որպես անառարկելի փաստ՝ պետք է արձանագրել երկու իրողություն.

Առաջին. Շարժման առաջին ամիսներից հետո ծառացել էր փակուղային ճգնաժամ. կա՛մ դադարեցնել Շարժումը՝ բավարարվելով խնդիրը Մոսկվայի առջեւ բարձրացրած լինելու իրողությամբ, կա՛մ այն տեղափոխել պատմական իրավունքների եւ հողային պահանջատիրության հարթություն եւ դիմել չմտածված գործողությունների: Երկու դեպքում էլ ԽՍՀՄ-ի հոգեվարքի խառնաշփոթ տարիներին Լեռնային Ղարաբաղը դատապարտվելու էր հայ բնակչությունից դատարկվելու ու անդարձ կորստյան: Պայքարի իրատեսական եւ արդյունավետ քաղաքական շարունակությունը հնարավոր դարձավ միայն այն բանի շնորհիվ, որ նորակազմ «Ղարաբաղ» կոմիտեն կարողացավ կանխել անհեռանկար այս տարբերակները, խնդիրը դնել լայն ժողովրդավարական օրակարգի հարթության վրա, պայքարը շարունակել իրատես քաղաքական մեթոդներով: Դրա շնորհիվ փրկվեց Լեռնային Ղարաբաղը։

Երկրորդ. անշուշտ, Խորհրդային Միությունը, ինչպես եւ ամեն մի բռնապետություն ու կայսրություն, պատմականորեն դատապարտված էր: Բայց սա տեսական դատողություն է եւ արդարանում է միայն նրանով, որ պատմության մեջ ամեն մի բռնապետություն ու կայսրություն փլուզվել է միայն, կամ նաեւ ճնշված ժողովուրդների ազգային-ազատագրական շարժումների հարվածների տակ: Խորհրդային կայսրությունը նույնպես փլուզվեց ազգային-ազատագրական պայքարների հարվածների տակ։ Ղարաբաղյան շարժումը ազգային-ազատագրական պայքարի ամբողջական հատկանիշներ ձեռք բերեց, երբ 1988-ի մայիսի վերջից սկսեց ղեկավարվել Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի կողմից եւ վերածվեց խորհրդային բռնապետական համակարգի հիմքերի դեմ ուղղված ժողովրդավարական քաղաքական շարժման: Մինչ այդ առաջինը եւ միակը լինելով՝ Հայկական ժողովրդավարական շարժումը հետագայում էլ մնաց ԽՍՀՄ-ում նոր առաջացող նմանատիպ շարժումների եւ բռնապետության դեմ պայքարի առաջամարտիկը։ 1988-90 թթ. այդ պայքարը ղեկավարող մարմինը Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն էր: «Ղարաբաղ» կոմիտեի կողմից ղեկավարվող Շարժման, ապա ՀՀՇ-ի գաղափարական սկզբունքների վրա ժողովրդավարական իշխանության վարած քաղաքականության շնորհիվ Հայաստանը ձեռք բերեց իր անկախությունը, եւ ձեռք բերեց էականորեն դրան նախապատրաստված վիճակում։

1990 թ. խորհրդարանական ընտրություններում ժողովրդավարական ուժերի հաղթանակով եւ Գերագույն խորհրդի նախագահի թեկնածուի առաջադրմամբ «Ղարաբաղ» կոմիտեն պատմականորեն կատարել էր իր դերը։ Նրանից ժառանգված քաղաքական փորձը եւ պրակտիկան դրվեց ՀՀՇ-ի ու նրա իշխանության գործունեության հիմքում՝ ապահովելով ծանրագույն մարտահրավերներին դիմակայելը, անկախ պետականության կայացումը, պարտադրված պատերազմում հաղթանակը։

Որպես Հայաստանի անկախության ձեռքբերման եւ Լեռնային Ղարաբաղի փրկության պատմական խնդիրների լուծմանն ուղղված պայքարի առաջնորդներ՝ «Ղարաբաղ» կոմիտեի անդամներն, ըստ իրենց գործունեության քաղաքական արդյունքների, Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին տասնմեկ ազգային հերոսներն են, անկախ այդ կոչմանը ֆորմալ առումով արժանացած չլինելու հանգամանքից։